«2023թ. սեպտեմբերի 19-ից մեկ օր առաջ մեր համայնքի ղեկավարը շատ մեծ դժվարությամբ ձեռք էր բերել մի պարկ ալյուր և հայտարարել, որ վաղը մեր ու հարևան գյուղի բնակիչները հերթով հաց կստանան։ Պատերազմի օրը պետք է վերցնեի մեր ընտանիքին հասանելիք 2 հացը։ Արդեն հայտնել էին Հարավ գյուղի մոտ ականի վրա պայթած ադրբեջանական մեքենայի մասին ու իրավիճակը կարծես սրվում էր։ Հացերը վերցրինք և շտապեցինք տուն։ Սեղանը գցած, որ պետք է հաց ուտեինք, սկսվեցին ռմբակոծությունները… անմիջապես իջանք նկուղ։ Հարևանները վազելով եկան մեր ապաստարան։ Կապ չկար, ոչ մի տեղեկություն չունեինք, տան տանիքի վրա արկերի բեկորներ էին թափվում և մենք վախեցած չէինք կարողանում դուրս գալ։ Երկու ժամ նկուղում մնալուց հետո, տեղեկացանք, որ տներում շատ քիչ մարդիկ են մնացել, պետք է շտապ դուրս գալ և Ստեփանակերտ ճանապարհվել։ Այդ ժամանակ հապճեպ բարձրացա տուն ու միայն մեր անձնագրերը վերցրեցի՝ չպատկերացնելով, որ այլևս հետ չեմ դառնալու»,- հուզված վերհիշում է Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղի բուժքույր Մարինե Ավանեսյանը։

Պատերազմական իրավիճակն այնքան անսպասելի, անկառավարելի ու սրընթաց էր զարգանում, որ գյուղի բնակիչները միանգամից հայտնվել էին արկակոծությունների տեղատարափի մեջ և երեք բուժքույրերից մեկը չէր կարողանում հասնել բուժամբուլատորիա։

«Խուճապ էր, լաց ու կոծ, անորոշ վիճակ, չգիտեինք ինչ է մեզ սպասվում։ Սկսեցինք ընդունել քաղաքացիական վիրավորների, այդ թվում մեր դպրոցի աշակերտներից մեկին, որին վիրակապել էին ուսուցիչները։ Վնասվածքը կոկորդի շրջանում էր և երբ զննեցինք ու հասկացանք, որ արյունահոսություն չկա, մի քիչ թեթևացանք։ Նա մեր բուժքույր Ռուզաննայի տղան էր։ Արդեն սկսեցինք դիրքերում վիրավորած զինծառայողներին առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Նրանք բեկորային տարբեր վնասվածքներով և ուղեղային ցնցումներով զինծառայողներ ու կամավորներ էին։ Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո նրանցից շատերին անհնար էր պահել, դիրքապահները շտապում էին զինակից ընկերների մոտ՝ մարտը շարունակելու»,- Շոշ գյուղում պատերազմի առաջին ժամերի մասին պատմեց բուժքույրը։

Բուժքույրերը վիրակապեցին և անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերեցին 7 վիրավորի, որոնք ամեն կերպ ջանում էին վերադառնալ՝ կենաց ու մահվան վերջին մարտն արժանապատվորեն տալու։ Շրջափակման 9 ամիսների հետևանքով ոչ վառելիք, ոչ կապ կար և գյուղի բնակիչները արկակոծությունների տակ մինչև երեկո մնացին համայնքում։ Օրվա վերջին ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ գյուղացիները մի կերպ տարհանվեցին Ստեփանակերտ։

Մարինեի խոսքով՝ մտածում էին, որ հաջորդ օրը կվերադառնան գյուղ։ Նրա քույրն այդ օրը Ստեփանակերտում աշխատանքի էր, տանը չորս հոգով էին։ Ավտոմեքենա չունեին, իսկ վառելիքի բացակայության պայմաններում գյուղացիների մեծ մասի ավտոմեքենաները մնացին համայնքում։ Բնակչությունը տեղահանվեց տարբեր մեքենաներով։ Մարինեն գյուղից դուրս եկավ տնային շորերով։

«ՌԴ խաղաղապահները բնակչությանն ուղեկցել են միայն մինչև իրենց հենակետը՝ ասելով, որ չեն կարող Ստեփանակերտ հասցնել։ Իսկ այն գյուղացիները, որոնք մի կերպ են հասել նրանց հենակետը և ավտոմեքենա չունեին, ստիպված գիշերեցին ռուսների մոտ։ Շատ ծանր օր էր, 21-րդ դարում ճաշակեցինք բռնի տեղահանության դառնությունը, իսկ մի քանի օր հետո հայրենազրկվեցինք։

Հրադադարից հետո սկսվեց Արցախի հայաթափման գործընթացը։ Չէինք կարողանում համակերպվել այն մտքին, որ պիտի լքենք Արցախը։ Քանի գնում օրերը ծանրանում էին, 25-ին էլ տեղի ունեցավ վառելիքի պահեստի պայթյունի մեծ ողբեգությունը։ Մեր գյուղի տղաներից մի քանիսը վիրավորվեցին պայթյունի ժամանակ։ Աստիճանաբար քաղաքում մարում էին բնակարանների և տների լույսերը ու մարդիկ ստիպված լքում էին իրենց բնօրրանը»,-վրդովված մանրամասնեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք սեպտեմբերի 27-ին տեղափոխվեցին Հայաստան։

Գորիսում իրենց մի անծանոթ ընտանիք հյուրընկալեց և գիշերեցին նրանց տանը։ Հաջորդ օրը ճանապարհվեցին և Զորակ գյուղ հասան, որտեղ երկու շաբաթ մնալուց հետո տեղափոխվեցին Երևան  ու մեծ դժվարությամբ 9 հոգու համար գտան վարձով բնակարան։ Մարինեն ներկայում զբաղվածության խնդիր ունի։ Իրենց ընտանիքի անդամներից հինգը դիմել և բնակապահովման ծրագրի շահառու են դարձել, սերտիֆիկատ են ստացել, բայց դեռ չեն կարողացել բնակարան կամ տուն ձեռք բերել։

«Մենք մեր ուժը մեր հողից էինք ստանում, ներկայիս վիճակին չենք կարողանում հարմարվել, համակերպվել, ուղղակի ապրում ենք, բայց հուսալով, որ մի օր կվերադառնանք մեր հայրենի բնօրրանը»,-նշեց բուժքույրը։

Զառա Մայիլյան       

Pin It on Pinterest

forrights.am
Եվրոպական միության աջակցությամբ