Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնող Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մեծ իրարանցում առաջացրեցին հայկական աշխարհում։ Փաշինյանի հայտարարությունների իմաստն այն էր, որ դեռ պետք է պարզել, թե ինչ է տեղի ունեցել, և թեև Փաշինյանը ուղղակիորեն չժխտեց Ցեղասպանության փաստը, ակնարկեց, որ դա հնարավոր է։
Ինչո՞ւ այս հայտարարություններն արվեցին հիմա և Շվեյցարիայում։
Շվեյցարիան ոչ միայն այն քիչ երկրներից է, որտեղ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացված է, եւ այնտեղ նման հայտարարություն անելը եւ անպատիժ մնալը որոշակի փորձարկում է ապագա հնարավոր գործողությունների։
Սա նաև մի երկիր է, որի խորհրդարանն առաջարկում է խորհրդաժողով հրավիրել Արցախի հարցով, մինչդեռ Շվեյցարիայի կառավարությունը պնդում է, որ Բաքուն և Երևանը մերժել են այդ գաղափարը (որպես ապացույց՝ վկայակոչում են Շվեյցարիայի արտգործնախարարի ելույթի տեսագրությունը)։ Փաշինյանի հայտարարությունը գուցե ակնարկ է, որ Արցախի մասին պետք է մոռանալ, քանի որ ավելի կարեւոր հարցեր կան, ընդհուպ՝ ցեղասպանություն։
Բայց առավել կարեւոր է հարցը՝ ինչո՞ւ հիմա:
Այս հայտարարությունները Նիկոլ Փաշինյանն արել է Դավոսի միջազգային ֆորումի իր այցի շրջանակում, որի ընթացքում չկայացավ նրա հանդիպումը Ալիևի հետ, թեկուզ ակնարկվում էր այնտեղ կայանալիք հնարավոր գործարքի հնարավորության մասին։ Սակայն Ալիևն այցելեց Դավոս հունվարի 20-25-ին կայացած ֆորումի առաջին օրերին, իսկ Փաշինյանը գնաց Դավոս Ալիևի հեռանալուց հետո։
Ի՞նչ գործարքի մասին է խոսքը։
Հիշեցնենք, որ հունվարի 21-ին Բաքվի դատարանում, որտեղ ընթանում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը, խափանման միջոցը փոխելու և «մեղադրյալներին» տնային կալանքի ենթարկելու միջնորդություն է ներկայացվել։ Կարելի էր ենթադրել, որ Արցախի օկուպացիայից հետո «տնային կալանքը» նշանակում էր Արցախի ղեկավարներին Հայաստանին արտահանձնելու հնարավորություն։
Իհարկե, Փաշինյանն ուներ գործարքի իր բաժինը, և Ալիևը բացահայտ բարձրաձայնեց, թե ինչ պետք է անի ՀՀ կառավարությունը՝ Մեղրիի ճանապարհը հանձնելուց մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխություն, եվրոպացի դիտորդների դուրսբերում, ֆրանսիական զենքից հրաժարում և այլն։
Եթե այս պայմանները չկատարվեն, Փաշինյանին ենթադրաբար սպառնացել են հրապարակել խոշտանգումների տակ տված, մասնավորապես՝ Արայիկ Հարությունյանի «ցուցմունքները», որոնք, ինչպես ասում են, ուղղված են անձամբ Նիկոլ Փաշինյանի դեմ։
Այս մեղադրանքները կարող են դառնալ վերջին մեխը Փաշինյանի իշխանության դագաղում, որն արդեն իսկ սասանվում է հայ հասարակության դեմ իրականացվող բազմաթիվ սոցիալ-տնտեսական միջոցառումների պատճառով (ըստ Gallup-ի վերջին հարցման՝ քաղաքացիների միայն 11,3%-ն է պատրաստ քվեարկել Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագրի» օգտին):
Իշխանությունը պահպանելու համար Փաշինյանը պետք է ապացուցի, որ միայն ինքն է ի վիճակի կատարել բոլոր արտաքին «պայմանները»։ Բայց նա չի կարողանում կատարել Ալիևի պահանջները, քանի որ շատ բան կախված է այլ երկրներից։ Պատահական չէ, որ երեկ Եվրամիությունը ևս երկու տարով երկարաձգեց եվրոպացի դիտորդների առաքելությունը Հայաստանում։
Այս ֆոնին Փաշինյանը որոշեց մի քայլ առաջ գնալ և կատարել ոչ թե Ալիեւի, այլ Էրդողանի «պահանջը»՝ կրկնելով թուրքական թեզը, որ Ցեղասպանության հարցը իրավական կամ քաղաքական չէ, այլ գիտական և պատմական։
Ըստ երեւույթին, գործարքը չի կայացել. հունվարի 25-ին Փաշինյանը հայտարարել է, որ Բաքվում «ցուցմունքներ» են ձեռք բերվել արգելված հոգեմետ նյութերի օգտագործմամբ, իսկ հունվարի 27-ին Բաքվի դատարանը մերժել է «տնային կալանքի» մասին միջնորդությունը։
Սրանից հետո Փաշինյանը սկսեց բարելավել իր վարկանիշը երկրի ներսում՝ Երևանում տրանսպորտի սակագինը իջեցվեց մինչև 150 դրամ, թեկուզ քաղաքապետարանը պատրաստվում էր բարձրացնել մինչև 300 դրամ։ Որոշ տուրքեր հանվել են՝ ուղեկցվելով հայտարարություններով, թե Հայաստանի իշխանությունն ականջալուր է ժողովրդի պահանջներին։
Սակայն Հայաստան վերադառնալուն պես Փաշինյանը այդպես էլ չմեկնաբանեց Ցեղասպանության մասին Շվեյցարիայում արած իր հայտարարությունը և հետագա իրավական քայլերը։ Ի՞նչ է մտադիր անել Փաշինյանը սրանից հետո՝ ճանաչել Կարսի պայմանագիրը և 1921 թվականին սահմանված սահմանները։
Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն ասում է, որ հայկական կողմին առաջադրված թուրքական պայմանները հայտնի են 1992 թվականից։ «Դրանք 10-ից ավելի են, բայց հանրությունն ամենից շատ տեղյակ է երեք պայմանի մասին՝ փակել Արցախի հարցը, ճանաչել Կարսի պայմանագիրը և դադարեցնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը»։
Առանց Կարսի պայմանագրի ճանաչման 29,9 հազ. ք․ կմ Հայաստանի տարածքը ոչ մի իրավական հիմք չունի։ Սակայն նման ճանաչումը կհակասի աշխարհի խոշորագույն դերակատարների դիրքորոշմանը, ներառյալ ԱՄՆ-ը եւ Եվրախորհրդարանը, որոնք ճանաչել են Ցեղասպանությունը:
Պատահական չէ, որ այդ օրերին Գերմանիայի դեսպանը ցուցադրաբար այցելեց Ծիծեռնակաբերդ, իսկ Ֆրանսիայի դեսպանը հիշեցրեց, որ այս օրերին 22 տարի առաջ իր երկիրը ճանաչել է Ցեղասպանությունը։
Այն, որ հայտարարությունն արվել է մերկանտիլ նպատակով, պարզ էր բոլորին։
Շվեյցարիայի Հայկական և Հայամետ Միությունների Խորհուրդը (CAAS) իր հայտարարության մեջ նշում է, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հիմնված է անվիճելի պատմական փաստերի վրա, որոնք հաստատվել են հարյուրավոր հետազոտողների, ակադեմիական հաստատությունների և մի շարք պետությունների կողմից, այդ թվում՝ Շվեյցարիայի, որը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2003 թվականին իր Ազգային խորհրդի մակարտակով, բայց ամենակարևորը՝ հենց Հայաստանի Հանրապետության կողմից»։
Միեւնույն ժամանակ նշվում է, որ «Հայոց ցեղասպանության ճանաչումը երբեք չպետք է վտանգի ենթարկվի քաղաքական կամ դիվանագիտական նկատառումներով, և չպետք է թույլ տա հայ ազգի հակառակորդներին շահարկել նման հայտարարությունները ժխտողական նպատակներով»։
Նաիրա Հայրումյան