Ռոբերտ Մուսայելյանի ընտանիքն արդեն մեկ տարուց ավելի է՝ ինչ նրա մասին տեղեկություն չունի։ Նա անհետ կորած է համարվում։ 83-ամյա տղամարդն Արցախի Սզնեք գյուղի բնակիչ է, բնակավայրը լքել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական բանակը հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա։ Որդին՝ Էդվարդ Մուսայելյանը, որ Սզնեքի գյուղապետն է եղել Forrights.am-ի հետ զրույցում նշում է՝ տարհանման ժամանակ հոր հետ կապը կորել է։
«Ես դիրքերում եմ եղել, մեր գյուղն առաջնագծում էր, հարձակումը, որ եղավ գյուղից բնակիչները տարհանվեցին կողքի գյուղ՝ Խաչմաչ, այնտեղից է կորել։ Իրադարձությունները շատ արագ զարգացան, թշնամին մեր գյուղից Խաչմաչ մտավ»,-պատմեց Էդուարդ Մուսայելյանը։
Որդու փոխանցմամբ՝ հայրը գիշերել է Խաչմաչի տներից մեկում՝ հինգ համագյուղացիների հետ միասին։ Հաջորդ օրը, երբ Սզնեքի բնակիչները ստիպված են եղել լքել Խաչմաչը, Ռոբերտ Մուսայելյանը ճանապարհից անհետ կորել է՝ համագյուղացու հետ միասին։
«Մի հոգի էլ կա, որ իր հետ անհետ կորած է համարվում։ Հայրս 83 տարեկան է, իր հետինը՝ Շուրա Մանասյանը, 86 տարեկան։ Սկզբից մեր գյուղի վրա է եղել հարձակումը, այնտեղից մարդկանց տեղափոխել են, իբր թե, ապահով վայր՝ Խաչմաչ, բայց նույն օրը հարձակում է եղել Խաչմաչի վրա, գիշերը բնակիչներին տարհանել են, բայց իրենք մնացել են Խաչմաչի բնակիչներից մեկի տանը։ Վեց հոգով են եղել՝ բոլորը մեր գյուղի բնակիչներ»,-ասաց Էդվարդը՝ նշելով, որ առայժմ հայտնի է վեցից չորսի ճակատագիրը։
«Վեցից երկուսը՝ Նվարդ և Մավրիկ անուններով, մեր գյուղի բնակիչներ են, գերեվարվել են Խաչմաչից դեպի Կարմիր գյուղ ճանապարհից։ Մեկ շաբաթ պահել են Շուշիում, հետո վերադարձրել են մերոնց։ Երրորդին՝ Արտյուշա Միքայելյանին, մահացած են տվել։ Խաչմաչի տարածքում է նրա դին գտնվել՝ անտառում, հետագայում են իրենք տեղն ասել, մեր փրկարարները գնացել, գտել են։ Սպանել են։ Մի հոգուն էլ գերեվարել են էլի, հիմա Բաքվում է գտնվում, դատում են, Մելիքսեթ Փաշայանը։ Մյուս երկուսն էլ հայրս ու այդ մարդն են մեր գյուղից, որոնց մասին տեղեկություններ չկան»,-ասաց նա։
Այս վեց մարդիկ, ըստ Էդվարդ Մուսայելյանի, երբ հասկացել են, որ Խաչմաչում էլ մարդ չկա, սեպտեմբերի 20-ին որոշել են քայլելով գնալ Կարմիր գյուղ։ «Մտածել են՝ կամաց-կամաց առաջանան դեպի Ստեփանակերտ։ Ճանապարհին իրարից բաժանվել են, այս մարդկանց ճակատագիրը տարբեր է ստացվել։ Փաստացի, Խաչմաչը տարհանվել էր, իսկ այդ վեց հոգին մնացել էին այնտեղ, չգիտեինք, որ մնացել էին այնտեղ։ Ես իմ հորը վերջին անգամ տեսել եմ ամիս 19-ին, կռիվը սկսվում էր արդեն, մենք հելանք դիրքեր, հետո եմ իմացել, որ կես ճանապարհից տեղ չի հասել, ես մինչև զինադադարը դիրքերում եմ եղել, կապ չի եղել, որ իմանամ որտեղ է։ Ես գիտեի, որ իմ բնակիչները տարհանվել են Խաչմաչ, որտեղ ապահով էր մի քիչ»,-ասաց Էդվարդ Մուսայելյանը՝ նշելով, որ միայն Ստեփանակերտ հասնելուց հետո է տեղեկացել, որ հայրը չկա։
Էդվարդ Մուսայելյանը հորը փնտրել է վիրավորների և զոհերի մեջ, անգամ ԴՆԹ նմուշ է հանձնել նույնականացման համար, բայց որևէ արդյունք չի եղել։ Նա հանդիպել է նաև գերության մեջ հայտնված և վերադարձած Նվարդի և Մավրիկի հետ՝ նրանցից հոր մասին որևէ տեղեկություն իմանալու համար։
«Ես Երևանում հանդիպեցի նրանց, ասացին, որ հորս վերջին անգամ տեսել են Խաչմաչից դեպի Կարմիր գյուղ ճանապարհին։ Նրանք ասացին, որ հորս առողջությունը թույլ չի տվել ոտքով երկար ճանապարհ անցնել, նստել է մի տեղ, ասել է՝ դուք շարժվեք առաջ, ես չեմ կարողանում գալ։ Թե մնաց այդ անտառների մեջ, թե իր հետ ինչ եղավ, ոչ ոք չգիտի։ Ոտքերի խնդիր ուներ, սիրտը վիրահատված էր, չէր կարող առաջ գնալ։ Կարմիր Խաչին եմ շատ անգամներ դիմել, հետո որ փրկարարները մի քանի օր հետո գյուղերը սկսել են ստուգել, չեն իմացել, որ անտառներում էլ են մարդիկ եղել, բայց այն տանը, որտեղ մի գիշեր մնացել են, ստուգել են, մարդ չի եղել, իսկ անտառները ստուգող չի եղել»,-ասաց Էդվարդ Մուսայելյանը։
Նարեկ Կիրակոսյան