Սուրեն Շաբոյանը ծննդով Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղից է։ 2022թ. ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համասարանի կառավարման ֆակուլտետ ու նույն տարում զորակոչվել և ծառայության անցնել Արցախի ՊԲ-ում։ Նա ծառայում էր 120 միլիմետրանոց ականանետային մարտկոցում։
«2023թ. սեպտեմբերի 19-ին դիրքերում էինք ու մեզ նախապես արդեն զգուշացրել էին, որ պատրաստ լինենք։ Գիշերվա ժամը 4-ից հերթափոխի էի, 8-ին ավարտեցի, որ հանգստանամ, 9։20-ին կապիտան Վարդանյանը մոտեցավ մեզ, թե՝ տղե’րք, ե’ր կացիք, կռեվը սկսումա…
Առաջին արկի պայթյունից մի ցատկով հասա ցանցի մոտ, որը փակում էր ականանետը, մի կողմ շպրտեցի և չսպասելով հրամանի սկսեցի իմ պատերազմը։ Առաջին րոպեից սկսվեց ականների տարափը։ Ուժերն անհավասար էին և մեր արձակած երեք ականների դիմաց ստանում էինք մի քանի տասնյակը։ Բայց դա չէր կարող կանգնեցնել մեզ, մենք վրեժ ունեինք, մենք հայրենիք ունենք և ունենք հարազատներ, որոնք սրտատրոփ սպասում էին մեր վերադարձին ու երդում՝ տրված մեր ծնողների առջև։ Կարծես դժոխքում լինեինք, օդը հագեցած էր վառոդի հոտով, երկնքից տեղում էին արկերը, գլխավերևում՝ անօդաչուներ»,- իր ապրումները վերհիշեց 21 տարեկան Սուրենը, որը պատերազմից հետո շարունակելով համալսարանական կրթությունն Երևանում, որոշեց գիրք գրել և պատմել իր հայրենակիցների անցած ուղու, իր ու զինակից ընկերների մինչև վերջ կռվելու հաստատակամության մասին։
2024թ. հրատարակվեց Սուրեն Շաբոյանի «421/731. կյանքը քո գրկում» վիպակը, որտեղ նա անմիջական ու պարզ ոճով ներկայացրեց հանուն կյանքի ու մահվան իր կռիվը։ Սուրենը պետք է ծառայեր 731 օր, սակայն ծառայությունն ընդհատվեց պատերազմով և ծառայեց 421 օր։ Ի դեպ մեր զրուցակիցը Մարտակերտի շրջանի Դրմբոնի նախկին գյուղապետ Սուրեն Շաբոյանի թոռն է, ով Forrights.am-ում ներկայացրել էր դրմբոնցիների տեղահանության դեպքերը։
«Պատերազմի սկզբից թուրքերը միանգամից մտան գյուղեր, դիրքերին չէին հասնում։ Հնարավոր չէր, որ այնտեղ մարդիկ մնային։ Մարտակերտն ամբողջությամբ շրջափակման մեջ էր, մոտակա գյուղերի բնակիչներն էլ ստիպված լքել էին իրենց բնակավայրերը։ Հաթերքի ուղղությամբ պաշտպանություն համարյա չկար ու առաջին գիծը ճեղքված էր։ Մենք էլ մեր հատվածի դիրքերը ինչքան հնարավոր էր՝ պահում էինք ու հակառակորդը հաստատ ավելի շատ զոհ է տվել։ Երբ հասկացանք, որ մեր դիմացի դիրքերն այլևս չկային, ես ու Արամը գրկեցինք իրար ու խոսք տվեցինք մինչև մահ պայքարել։ Ամեն մեկս մեր անելիքն ունեինք և այդպես ժամեր շարունակ առանց դադարի պայքարում էինք։ Մեր հաշվարկներով պիտի դիմանայինք 10-15 րոպե։ Ուղղակի անհավատալի էր, ախր այդքան մոտիկ էինք մահվանը։ Հետո հայտնվեցինք շրջափակման մեջ։ Հրաման կար սպասել, մինչև ողջ բնակչությունը դուրս գար։ Մեր դիրքերից նահանջի հրամանով հասանք և տեղակայվեցինք Կիչան գյուղի խաչքարերի մոտ։ Այդտեղից շարունակեցինք մարտերը, իսկ երբ գրոհեցին անօդաչուները, մտանք անտառ»,- վերհիշեց երիտասարդ արցախցին։
Արդեն հրադադար էր հաստատվել, բայց Սուրենը չէր կարողանում կապ հաստատել գյուղում գտնվող հարազատների հետ։ Նա անընդհատ մտածում էր ծնողների մասին, որոնք նույնպես իրենց տեղը չէին գտնում։ Զինակից ընկերներից մեկը մի կերպ զանգել է իր բարեկամներին ու տեղեկացրել, որ իրենց դիրքը ոչնչացրել են ու Սուրենի հայրը լուրն առնելուն պես հասել է որդու տեղակայման վայր։
«Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտյան ընկերս կանչեց, թե՝ Շաբոյան, տես ով է եկել։ Շրջվեցի՝ տեսա ճանապարհով հայրս ու հորեղբայրս են բարձրանում։ Հարազատներս, հատկապես մայրս խիստ անհանգիստ էին։ Հայրս տեսանկարեց ինձ մորս համար, որ տեսնի՝ ողջ եմ, հետո համբուրեց ու գնացին։ Հետո մի քանի ժամում մեր գյուղը տեղահանվեց, ռուսները զգուշացրել էին, որ ադրբեջանցիները տանկերով գալիս են։ Դիրքից տեսնում էինք, թե ինչպես են տեղահանվում մեր գյուղացիները ու դեռ չէինք գիտակցում պահի լրջությունը, որ տուն ու հայրենիք ենք կորցնում։ Բայց Հակարիի կամուրջն անցնելուց հետո խոր ցավ ապրեցի։ Իմ պատերազմն ավարտվեց կամուրջն անցնելուց հետո, մնացածը՝ նվաստացում, հայրենազրկություն և պանդխտություն։ Այդ ցավն անհաղթահարելի է և թող մնացածներին չպատի դա։ Զավեշտալին այն էր, որ երբ Հակարին անցանք, ՀՀ սահմանապահ զինվորներից մեկը հարցրեց, թե՝ այսքան մարդ խի՞ են դուրս եկել, ես էլ ասացի՝ կատա՞կ ես անում»,-վրդովված պատմեց Սուրենը։
Պատերազմից ու բռնի տեղահանությունից հետո նա շարունակեց իր ուսումնառությունն համալսարանում։ Սուրենին շատերն էին հարցնում, թե ինչո՞ւ հայաթափվեց Արցախը, ինչպես տեղի ունեցավ այդ ամենը։
«Որոշեցի գրի առնել այն, ինչ ես եմ տեսել՝ Արցախի շրջափակման, պատերազմի, տեղահանության, արցախցու անկոտրում կամքի և հաջորդող իրադարձությունների մասին։ Էն մարդիկ, որ ասում են արցախցիները չեն կռվել, չեն պայքարել, երևի չեն էլ հասկանում, ինչ մարտեր են եղել կամ ոնց է թշնամին իր ծնողների, երեխաների ու հարազատների վրա զենքով հարձակվում։ Այդ պատճառով էլ որոշեցի գիրք գրել և հնարավորինս շատ մարդկանց տեղեկացնել եղելությունը։ Մորաքույրս՝ Անի Մանգասարյանը, որը նույնպես գիրք հրատարակեց(«Անիի նոթատետրը»), տեսնելով իմ ապրումները, հորդորեց գրել։ Հասկացա, որ դա ևս հնարավորություն է ճշմարտությունը մարդկանց ներկայացնելու համար»,-հավելեց մեր զրուցակիցը։
Սուրենը մտադրվել է այս տարի երկրորդ գիրքն էլ գրել և պատմել իր համաերկրացիների տեղահանության, պատերազմական իրավիճակում նրանց գործադրած ճիգերի, վիրավորներով լեփ-լեցուն բուժհաստատությունների ու անասելի դժվարությունների, մահվան սպառնալիքի տակ պայքարած արցախցիների մասին։ Ու նրա խոսքով՝ եթե այսքան պատմությունները ներկայացնելուց, գրքեր ու հոդվածներ գրելուց հետո էլ ասեն՝ չեք պայքարել, դա արդեն հիվանդագին երևույթ է։
Սուրենը ներկայում սովորում է ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի երկրորդ կուրսում։ Փոխանակման ծրագրով հաջորդ մի քանի ամիսը կսովորի արտերկրում։ Արցախցիների հետվերադարձի առումով երիտասարդը նշեց, որ ոչ թե երազանք, այլ նպատակ է պահում։ Նրա կարծիքով՝ հայի փոխարեն ոչ ոք չի կռվելու, իսկ թուրքի հետ ապրելն անհնարին է և պատմությունից դասեր քաղելով պետք է ստեղծել հայկական երազանք, հզորանալ ու միավորվել մեկ գաղափարի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Զառա Մայիլյան