Արմինե Վերդյանն արմատներով Հյուսիսային Արցախից է։ Նրա պապիկն ու տատիկը Շահումյանի շրջանի Մանաշիդ և Բուզլուխ գյուղերի մտավորականներից էին, որոնք նույնպես տեղահանվել և հաստատվել էին Ստեփանակերտում։ Արմինեի ծնողներն ամուսնացել և բնակություն էին հաստատել Երևանում, բայց երբ սկսվեց Արցախյան շարժումը, հայրը որոշեց, որ պետք է վերադառնան Արցախ։
«Երջանիկ և անհոգ ապրում էինք դրախտավայր Արցախում։ Ամուսնացա Ստեփանակերտում, ունեմ 3 անչափահաս երեխա, որից երկուսը՝ երկվորյակ։ Ամուսնուս՝ Էդուարդի հետ, մեր երջանիկ ընտանեկան կյանքով էինք ապրում, սակայն 2020թ. 44-օրյա պատերազմով խաթարվեց բոլորիս անդորրը։ Փոքրուց տեղյակ եմ պատերազմական օրերին, նկուղային կյանքին, բայց այլ է, երբ արդեն փոքր երեխաներիդ հետ ես բախվում այդ ամենի հետ։ Շփոթված ու վախեցած նկուղում էինք, երբ զինծառայող ամուսինս մոտեցավ, թե՝ պատերազմ է սկսվել։ Եղբայրս հորդորեց կանանց ու երեխաներին ուղարկել Երևան։ Ամուսինս մեզ հասցրեց Գորիս և հետ դարձավ՝ ասելով, որ իր պարտքն է վերադառնալ դիրքեր։ 44-օր մենք չենք ապրել՝ ոչ քնում էինք, ոչ ուտում ու մի օր հորեղբորս տղայի՝ Վահե Վերդյանի, զոհվելու լուրն առանք։ Նա զոհվեց Մարտունիում…։ Յոթ օր հետո նոյեմբերի 9-նն էր։ Երբ զարթնեցինք, եղբայրս զանգեց, թե՝ ամեն ինչ ավարտվել է։ Չէի հասկանում, ինչն է ավարտվել, երբ ունեինք այդքան զոհեր ու տարածքային կորուստ։ Ամուսինս զանգեց և առանց մտածելու հարցրի, թե ե՞րբ ենք գալու Արցախ։ Եվ Էդուարդը եկավ մեր հետևից, իսկ տունդարձի ճանապարհին Շուշիի մոտ տեսնելով Թուրքիայի, Ադրբեջանի դրոշները, սկսեցի լացել ու մինչև Ստեփանակերտ ամբողջ ճանապարհին լացում էի։ Աննկարագրելի ապրումներով տեղ հասանք և երբ մոտեցա մեր բնակարանին, համբուրեցի դուռը»,-լացակումած պատմեց երիտասարդ կինը։
Դժվար ու անորոշ իրավիճակներ էին, սակայն մեր զրուցակցի և արցախցի մյուս ընտանիքները շարունակեցին ապրել իրենց բնօրրանում։ Դիմակայում էին ամեն մի դժվարության մինչև հերթական փորձությունը՝ Արցախի շրջափակումը։ Ադրբեջանն օր օրի սեղմում էր օղակը և Արցախում սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի բացակայության սուղ իրավիճակ էր։
«Շրջափակման ժամանակ շատ դժվար էր հոգալ 3 անչափահաս երեխաներիս կարիքները, իսկ նրանք քաղցրավենիքի կարիքը շատ էին զգում. ոչինչ չկար, բայց կար հույս, որ մենք մեր հողում կլինենք։ Փորձում էինք գյուղերից ծանոթների միջոցով որոշակի սննդամթերք հայթայթել, որ գոնե երեխաներին տանք։ Առանց լույսի ու գազի զոռով ապրում էինք։ Օրեցօր վիճակը բարդանում էր, ոչ մի տեղից օգնության հույս չկար, բայց դժվարություններով հանդերձ մեր կյանքն առանց Արցախի չէինք պատկերացում։ Այսօրվա նման հիշում եմ սեպտեմբերի 19-ը։ Ամուսինս մեկ շաբաթ առաջ էր իջել դիրքերից, սակայն հաջորդ օրը նրան հետ կանչեցին, խիստ անհանգստ էի։ Արագ տուն հասանք, երեխաներս ձեռքները լվացին, ես էլ ուտելիքը դրեցի սեղանին ու հանկարծ լսվեցին արկերի ձայներ։ Մեր խոհանոցի պատուհանից տեսա արկերի ծուխը, շվարեցի, չէի ուզում հավատալ տեսածիս, սակայն արկակոծություններն ուժեղացան։ Էդ պահին հարևանուհիս դուռը բացեց, թե՝ Արմինե, ի՞նչ ես սառած կանգնել, երեխաների հետ շուտ նկուղ իջիր»,-հուզված վերհիշեց Արմինեն։
Նա ամուսնու հետ չէր կարողանում կապվել, շատ անհանգիստ, վախեցած ու խուճապային վիճակում գիշերեցին նկուղում։ Հաջորդ օրը հրադադար հայտարարեցին, բայց կինն ամուսնուց տեղեկություն չուներ։ Էդուարդի հորեղբայրն ու նրա որդին ևս դիրքերում էին և նրանցից էլ լուր չկար։
«Երկու օրից տեղեկացանք, որ Էդուարդի հորեղբայրը՝ 90-ականների ազատամարտիկ Արթուր Աղաջանյանը(Արջուկ) զոհվել է։ Շատ ծանր տարանք այդ լուրը և ես, նույնիսկ, երեխաներիս հետ չէի կարողանում խոսել, որովհետև ամուսնուցս էլ դեռ որևէ լուր չունեի։ Հոգեկան ծանր վիճակում էի, մինչև ի վերջո նա ողջ եկավ։ Այդ ծանր պահերին որոշեցին հորեղբոր մարմինը տեղափոխել «Եռաբլուր»։ Բնակչությունն էլ պատրաստվում էր տեղահանությանը, իսկ ամուսինս չէր ուզում, որ գնանք։ Մեր 10 տարվա ամուսնության ընթացքում նրան երբեք այդպես հուզված չէի տեսել։ Սեպտեմբերի 25-ին հավաքվել էինք, որ ճանապարհվենք, բայց ինքը տնից դուրս չէր գալիս, մի քանի ժամ նստել էր տանը, չէինք կարողանում համոզել։ Լավ ընկերներ ունի։ Նրանք բացատրեցին և որոշեցին, որ ավտոմեքենաներով միասին դուրս ենք գալու։ Լարված ու անորոշ վիճակում ստիպված ամեն ինչ թողեցինք և 7 հոգով մի կերպ տեղավորվելով մեր ավտոմեքենայի մեջ ճանապարհվեցինք։ Մտածում էինք միայն փրկության մասին։ Ամուսինս քառօրյայից սկսած մասնակցել է բոլոր պատերազմներին և խիստ մտահոգ էինք, չգիտեինք ո՞ւր ենք գնում, ինչպե՞ս պիտի անցնենք Հակարիի կամուրջը։ Գորիս հասնելով տարօրինակ զգացում էր մեզ պատել. փրկվեցինք, բայց ինչի՞ց, ողջ մնացինք, բայց հոգով չկայինք»,-հուզված պատմեց արցախցի կինը։
Երևանում նրանք որոշ ժամանակ մնացին բարեկամի տանը, ապա տեղափոխվեցին Չարենցավան։ Արմինեի ամուսինը աշխատանք գտավ Երևանում և ամեն օր գնում-գալիս էր։ Դժվարությունները շատ -շատ էին և նրանք որոշեցին բնակվել Երևանում, որտեղ աշխատում էր Էդուարդը։
«Ամեն ինչ կորցնես ու զրոյից սկսես, ոչ քո տուննա, ոչ էլ մի բան ունես, իսկ զույգ երեխաներս 1-ին դասարանում են, մեծ տղաս՝ 3-րդ ու նրանց պետք է ապահովես։ Հիմա էլ որոշվել է, որ մարտ ամսից հետո դադարեցվելու է արցախցիներին հատկացվող բնակվարձի աջակցությունը։ Ես և մյուս արցախցիները մեծ դժվարություններով ենք անցնում։ Որոշ աշխատանք էլ, որ գտնում ենք մի կերպ մեր կարիքներն ենք հոգում, իսկ հատկացվող 50 հազարական դրամներն էլ տալիս բնակվարձին։ Եթե ծրագիրը դադարեցվի՝ անհնար է լինելու ապրել։ Ներկայացված բնակապահովման ծրագրով հատկացվող գումարներով հնարավոր չէ բնակարան ձեռք բերել։ Կարո՞ղ է մենք չենք ուզում օգտվել ծրագրից, բոլորս էլ ուզում ենք, բայց անհնարին է։ Իսկ հետվերադարձին դժվարանում եմ հավատալ։ Առանց պատերազմի թուրքերը դուրս չեն գա Արցախից։ Այդ ե՞րբ է թուրքը խնայել հային, թուրքի հետ ապրելն անհնար է։»,-վշտացած ներկայացրեց Արմինեն։
Մանրամասները՝ տեսանյությում։
Զառա Մայիլյան