Գեղարքունիքի Ազատ գյուղում ինժեներասակրավորական վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով մահացած 15 զինծառայողների տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանն հունվարի 20-ին՝ ողբերգության երկրորդ տարելիցին, լրագրողներին տված մամուլի ասուլիսում ներկայացրեց քննության ու դատաքննության երկու տարվա արդյունքները։
Փաստաբանի պարզաբանմամբ՝ երկու տարվա աշխատանքից հետո մահացածի հարազատների և հանրության մոտ ավելի շատ հարցեր կան, քան իրավասու մարմինները կարողացել էին պարզաբանել։
«Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում 5 մեղադրյալների նկատմաբ ընթանում է դատաքննություն։ Դատակոչված 19 տուժողներից 14-ն են հարցաքննվել, ծնողներից երկուսը մահացել են, ևս երկուսը չեն հարցաքննվել և դեռևս չի հարցաքննվել այդ կացարանի սեփականատեր հանդիսացող կինը։ Դատակոչված 38 վկաներից հարցաքննվել է ընդամենը 4 վկա։ Առաջիկա նիստերին կհարցաքննվեն պաշտպանության բարձրաստիճան պաշտոնյաները։ Զինծառայողի իր պարտականությաններն անփույթ կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել ողջ մնացած զինծառայողներից Ռադիկ Մաթևոսյանին ու նրա գործը մեղադրական եզրակացությամբ անջատվել է արդեն մայր գործից և ուղարկվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան։ Մենք կհետևենք քրեական վարույթ հարուցած այդ գործին»,-մեկնաբանեց փաստաբանը։
Անդրադառնալով դատաքննությանը, Նորիկյանը տեղեկացրեց, որ հիմնական մեղադրյալ Եղիշե Հակոբյանը մի քանի անգամ ընդգծել է, որ ինքն է վառել վառարանը, սակայն ըստ փաստաբանի, նախաքննության ընթացքում վկաներն ու տուժողները թաքցրել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ սպաների և աշխատակիցների միջև ողբերգության նախորդ օրը տեղի ունեցած միջադեպը։ Դեպքի օրը վիճաբանություն է եղել վերադասի և անձնակազմի ներկայացուցիչների միջև ու այդ առումով փաստաբանը տարօրինակ համարեց մի շարք հանգամանքներ։
«Պարզվել է, որ վառարանը վառելիս Եղիշե Հակոբյանը մենակ չէր։ Մինչև դատարանի քննությունը նրանք վարույթ իրականացնող մարմնից թաքցրել են այդ բոլոր հանգամանքները։ Վաշտի անմիջական հրամանատար Տիգրան Մանասերյանը կասկածի տակ էր դրել պաշտոնական վարկածը և պնդում էր, որ վառարանի մոտ բենզինի տարա չկա, սակայն պաշտոնական վարկածի հրապարակումից հետո փոխեց ցուցմունքը՝ պատճառաբանելով, թե ինքը շփոթված էր։ Էական հանգամանք է, որ բոլոր վկաների ցուցմունքները հակասում են միմյանց։ Սա է ծնողների և հանրության անվստահության պատճառը։ Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ վախվորած կիսաճշմարտություն ներկայացնելով, փորձ է արվում այլ տպավորություն ստեղծել»,- ներկայացրեց Նորիկյանը։
Նա՝ իր ասելով, առաջին անգամ հրապարակեց այն հանգամանքը, որ այս գործում մասնագիտական հարթության վրա չի հերքվել դիվերսիայի վարկածը։
«Ավելին, օգոստոսի 31-ին հարցում եմ ուղարկել ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ պարզելու, թե ինչու վարույթի շրջանակներում չեն ձեռնարկվել համապատասխան քայլեր փորձելու պարզել՝ Եղիշե Հակոբյանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունների հնարավոր կապը ու հրդեհ բռնկելու առաջադրանք ստանալը։ Մենք պարզել ենք, որ Եղիշե Հակոբյանն անձնական շատ ջերմ հարաբերություններ ունի Երևանում բնակվող մեկ այլ պետության՝ Իսրայելի քաղաքացու հետ։ ԱԱԾ-ին խնդրել էինք պարզել հնարավոր այդ կապերն ու կացարանը հրդեհելու դիվերսիոն գործողությունը։ ԱԱԾ-ն պատասխանել էր, որ ի գիտություն է ընդունել այդ հարցումը, և նշյալ հանգամանքները ի նկատի կառնվեն»,- ասաց Նորիկյանը։
Ասուլիսին փաստաբանին հարցեր առաջադրեցին նաև տուժող ծնողները։
Փաստաբանը վերահաստատեց, որ բանակում կատարվող բոլոր այս գործընթացների և «բարդակի» կոնկրետ պատասխանատուն իշխանություններն են՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
«էլ ինչ պետք է ներկայացվի , որ հանրության համար պարզ լինի։ Ո՞ր վերադասն է երբևէ գնացել այդ կացարանը, ո՞վ է ստուգումներ իրականացրել՝ պարզելու զինվորների կեցության պայմանները։ Սա մեծագույն ողբերգություն է։ ՀՀ գործադիր իշխանությունները վարկած են դրել շրջանառության մեջ, սակայն նրանք իրավունք չունեին խառնվել քննությանը։ Բանակում տիրող ոչ ֆորմալ բարքերը, տեղի ունեցող հանցագործությունները ոչ արհեստավարժ, սխալ կադրային քաղաքականության, կանոնակարգերի չգործման, ոչ ֆորմալ արժեքների գերակայության հետևանք է»,-հավելեց Նորայր Նորիկյանը։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: