Բելլա Ստեփանյանը և վեց անչափահաս երեխաները օրվա ցերեկային ժամերին հավաքվում են տան մի սենյակում, որտեղ էլեկտրական սալիկ է տեղադրված ու ջեռուցվում է։ Ամբողջ տունը էլեկտրաէներգիայով տաքացնելու հնարավորություն չունեն, ամսվա վերջում մեծ դժվարությամբ են վճարում հոսանքի վարձը։
«Պլիտա ենք վառում, 100 հազար դրամ միայն հոսանքի գումար ենք տալիս։ Ցերեկը մի սենյակում ենք հավաքվում, որ քիչ ծախսենք, բայց գիշերը աղջիկների սենյակում էլ ենք միացնում, որ կարողանան քնել »,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է վեց երեխաների մայրը։
5, 7, 12, 14, 16, 18 տարեկան են Բելլայի երեխաները՝ բոլորը դպրոցական։ Արցախից բռնի տեղահնված մայրը մեծ դժվարությամբ է կարողանում հոգալ երեխաների կրթության համար նախատեսված ծախսերը։
«Նպաստ չեմ ստանում, քանի որ մեքենա ունենք, եկամուտը միայն էդ 50 հազար դրամներն են։ Ուրիշ աջակցություն չեմ ստանում, բայց ասում են ապրիլից էլ կտրելու են, միայն երեխաներին են տալու, մեզ համար դժվար կլինի։ Սննդի, սեղան-աթոռի, գրենական պիտույքների, հիգենայի միջոցների, կարիք ունենք»,-ասաց մայրը։
Ընտանիքը բնակվում է Վանաձորում, բնակարանի համար վճարում են 80 հազար դրամ։ Պետության տված աջակցությունից զատ չնչին եկամուտ է մտնում ընտանիք նաև Բելլայի ամուսնու աշխատանքից՝ նա Վանաձորում տաքսի է վարում։
«Ես շխատանք չունեմ, ամուսինս տաքսի է քշում, բայց մեծ տոկոսներ է տակիս, զոռով հաց է առնում, սիգարետ է բերում, մի ձեթ, մի երկու կգ պեսոկ, մի կերպ յոլա ենք գնում»,-ասում է նա և նշում, որ ամուսինն էլ այլ աշխատանք չի կարողանում կատարել, քանի որ 44-օրյա պատերազմի ժամանակ բերկորային վնասվածքներ է ստացել։ «44-օրյա պատերազմի ժամանակ ամուսինս վիրավորվել է, բեկորները գլխի մեջ են։ Կամավոր է մասնակվել պատերազմում, Շուշիի մարտերին է մասնակցել»։
Ստեփանյանները նախ տեղահանվել են, Շուշիից, ապա՝ Ստեփանակերտից։
«Շուշիում անասնապահությամբ էինք զբաղվում, հավ, բադ, խոզ ենք պահել, հողագործությամբ ենք զբաղվել։ Լավ բոստան ունեի, թողել եմ, եկել»,-ասում է բռնի տեղահանման հետևանքով աղքատության ճիրաններում հայտնված կինը։
Ծանր օրեր են անցկացրել Արցախում բլոկադայի ժամանակ։ Սեպտեմբերի 19-ին, երբ ադրբեջանական բանակը հարձակվել է Արցախի խաղաղ բնակիչների վրա Բելլան երեք անչափահաս տղաների հետ անտառում է եղել՝ քաղաքում և գյուղերում այլևս ուտելիքի որևէ պաշար չգտնելով, որոշել է սունկ հավաքել՝ երեխաներիս սովից փրկելու համար։
«Ուտելու բան չկար, երեխաների հետ գնացել էի անտառ սունկ հավաքելու, տանը ոչ մի բան չի եղել։ Ամուսինս էլ եկել էր փայտ հավաքրեր, որ շալակով բերեր, որ կարողանանայինք վառեինք, լույս չկար։ Մենք անտառում էինք, որ խփեցին, երեխաները թաքնվեցին ծառերի տակ։ Մեր վրա էին կրակում։ Խոխեքը սկսեցին վախից լացել, հազիվ երեխաներին բերեցի տուն, երեք տղաներս էին հետս։ Եկանք հասանք գյուղ տեսանք բոլորը խառնված են իրար, երեխաները լացում են, վազում են պադվալներ։ Երեք օր այդպես մնացել ենք, հետո դուրս ենք եկել գյուղից»,-պատմեց նա։
Նարեկ Կիրակոսյան