«Չնայած ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանն էական քայլեր չի ձեռնարկել՝ երաշխավորելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը, կամ վերականգնելու նրանց սեփականության իրավունքները»,- հայտարարում է միջազգային Human Rights watch կազմակերպությունն՝ անցած շաբաթավերջին հրապարակած տարեկան զեկույցում։

Նույն զեկույցի՝ Հայաստանի վերաբերյալ բաժնում նշվում է, որ ողջ 2024-ին «հանրային քննարկումներում գերակշռում էր անապահովության զգացումը՝ Ադրբեջանի հետ դեռևս չկարգավորված հակամարտության պատճառով»։

ՀՀ ներքաղաքական հարցեր

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին՝ հեղինակավոր կազմակերպությունը երկրորդ տարին անընդմեջ խոսում է
հայաստանյան ոստիկանության կողմից արձանագրված չարաշահումների, ու դրանց համար համարժեք պատժի բացակայության մասին։

Օրինակ բերելով հունիսի 12 -ին խորհրդարանի մոտ ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումները՝ Human Rights watch-ը գրում է՝ «իրավապահները, ըստ հաղորդումների, մեծ քանակությամբ ձայնային նռնակներ կիրառեցին ցուցարարների ուղղությամբ՝ մոտ տարածությունից, ինչից հետո հարյուրից ավելի մարդ դիմեց բժշկական օգնության»։

Նշվում է, որ «հայաստանյան օրեսդրությունն ոստիկաններին իրավական հիմք չէր տալիս կիրառել ձայնային այն նռնակները, որ գործի են դրվել հունիսի 12-ին», և որ միայն դրանից շաբաթներ անց՝ հուլիսին են իշխանությունները դրանք ներառել Ներքին գործերի նախարարության զինանոցում։ Միաժամանակ, զեկույցը փաստում է, որ մինչ օրս Հայաստանի իշխանությունները չեն բացահայտում, թե հատուկ այդ միջոցներն այսուհետ որ պայմաններում կարող են կիրառվել։ Հստակ է միայն, որ այդ դեպքերից ավելի քան կես տարի անց իրավապահները 15 ցուցարարի առաջադրել են խուլիգանության, մեկին էլ՝ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեղադրանք։ Ու թեև հետաքննություն է ընթանում նաև ոստիկանության գործողությունների շուրջ, նրանց դեռ որևէ մեղադրանք չի առաջադրվել։

Ոստիկանության անպատժելիության մասին

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ոստիկանության անպատժելիության մասին գրեթե նույնաբովանդակ դիտարկում էր արել նաև նախորդ տարի։

Այս անգամ առանձին անդրադարձ կա նաև Սամվել Վարդանյանի գործին, ով ձերբակալվել էր անցած ապրիլին՝ իշխանական պատգամավորի հետ վիճաբանությունից հետո։ Զեկույցը հիշեցնում է՝ երիտասարդն ահազանգել էր, թե ոստիկանների կողմից կալանավայր տեղափոխվելու ճանապարհին հարձակման է ենթարկվել դիմակավորված անձանց կողմից։ Ու թեև իշխանությունները հետաքննել են այս ահազանգը, միջադեպից ավելի քան կես տարի անց որևէ մեկի մեղադրանք դեռ չի առաջադրվել։

 

Pin It on Pinterest