Արցախյան հասարակական կազմակերպություններն ու անհատները միավորվել են՝ ստեղծելով «Հանուն Արցախի» միավորումը։ Այսօր միավորումը համաժողով անցկացրեց։
Կոչ հնչեց, որ այսքան կորուստներից հետո գոնե հիմա պետք է համախմբվել, անձնական ամբիցիաները դնել մի կողմ ու պետականամետ մտածելակերպ դրսեւորել։
Արցախի «Նախնյաց հետքերով» ՀԿ նախագահ Սայիդա Պողոսյանը ասաց, որ պետք է միավորվել։ «Ամեն ինչ կորսված չէ, ամեն ինչ դեռ առջեւում է, Արցախի ժամանակավոր կորուստ ունենք, բայց պետք է պայքարենք։ Ամենքս մեզ վրա պետք է մի փոքր պատասխանատվություն վերցնենք ու առաջ գնանք։ Առանց պատասխանատվության ոչնչի չենք հասնի։ Մեր հնարավորությունների շրջանակներում պայքարելու ենք հանուն Արցախի։ Մեծ նպատակներ ունենալու համար մեզ անհրաժեշտ են փոքր հաղթանակներ, ես համարում եմ, որ սա արդեն մեծ հաղթանակ է, որ կարողացել ենք արցախցիներով հավաքվել ու գալ համաձայնության։ Այնպես որ, հանուն Արցախի պետք է միավորվենք»,- ասաց նա։
«Հանուն Արցախի» միավորման անդամները հայտարարում են, որ համախմբված ու համակարգված գործունեություն են սկսում՝ հանուն միասնական նպատակների։
Նպատակներն են՝
- Արցախի ժողովրդի հավաքական վերադարձ Արցախ եւ նրա անվտանգ, արժանապատիվ, ինքնորոշված ու կայուն կյանքի ապահովում իր պատմական հայրենիքում։
- Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանություն ու սոցիալական խնդիրների կարգավորում Հայաստանի Հանրապետությունում ու միջազգային հարթակներում։
- Արցախի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների մեղավորներինին անհատական ու ինստիտուցիոնալ պատասխանատվության ենթարկում։
- Ադրբեջանական բռնազավթման տակ գտնվող Արցախի ժողովրդի մշակութային ժառանգության, հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանություն։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: