Հունվարի 17-ին Արցախի քաղհասարակության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ անցկացվեց Բաքվում պատանդառված հայ գերիների ազատ արձակման պահանջով հանրային ակցիա, որից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի ՀՀ արտաքին գործերի նախարարության շենք՝ շարունակելով առաջադրել իրենց պահանջները։
Հավելենք, որ Բաքուն հայտարարել էր հունվարի 17-ին մեկնարկող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ հարուցված շինծու, կեղծ դատավարության մասին։ Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան մեկօրյա պատերազ մի հետևանքով: Այսօր Բաքվի դատարանում մեկնարկելու է Բաքվում պահվող 23 գերիներից 15-ի դատավարությունը։ Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ցույցի ժամանակ ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանը նշեց, որ ակցիայի միջոցով մեկ անգամ ևս ի լուր աշխարհի բարձրաձայնվում է արդարադատության դեմ գործող ոճրագործության մասին։
«Ամբողջ աշխարհի ուշադրությունն ենք հրավիրում Ադրբեջանի հանցագործ գործելակերպի վրա՝ փորձելու կանխել հերթական հանցագործությունը։ Ռուբեն Վարդանյանի երեկ տարածած հայտարարությունը լավագույնս ցույց է տալիս, թե ինչքան տագնապալի է վիճակը և ինչպիսի խայտառակ վիճակում է Բաքվի արդարադատությունը։ Դա սթափության կոչ էր հանրությանը համարժեք քայլեր ձեռնարկելու համար։ Մենք ականատես ենք լինելու հերթական բեմականացված շոուին և չպետք է կուլ տանք Ադրբեջանի կողմից հերթական խայծն էլ ավելի պառակտվելու, թուլանալու և խոցելի դառնալու համար։ Իշխանությունն առաջին պահանջատերը պիտի լինի արդարադատության և իր քաղաքացիների պաշտպանության հարցում, ինչը ցավոք մենք չենք տեսնում։ Այդ առումով ամբողջ աշխարհն է փաստում, որ եթե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, ապա անիմաստ է արդար պաշտպանություն ակնկալել որևէ մեկից։ Առաջին պահանջատերը պետք է լինի ՀՀ իշխանությունը և ձեռնարկի համարժեք քայլեր։ Ցավոք, այսօր ճնշում գործադրելու լծակներ չունեն Արցախի իշխանությունները, բայց իրենց դիրքորոշումն են հայտնում հայտարարությունների միջոցով»,-նշեց Նարինե Աղաբալյանը։
Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի պարզաբանմամբ՝ այս բոլոր ջանքերն ուղղված են այն բանին, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցների նկատմամբ կիրառվող խոշտանգումներն օր առաջ դադարեցվեն և նրանց ազատ արձակեն։
«Բոլոր այս ակցիաները շատերի մոտ տարակուսանք կարող են առաջացնել, որ դրանք որևէ արդյունք չեն տալիս, սակայն անգործությունից շատ ավելի լավ է շարունակել պայքարը և ՀՀ, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել այդ կարևոր ու բացարձակ հումանիտար բնույթ ունեցող հարցի վրա և հնարավորինս միջազգային ճնշում գործադրելով հասնել մեր հայենակիցների ազատ արձակմանը։ Ու սա է այն ամենակարևոր ակնկալիքը, որ հերթական ու այս անգամ Արցախի հասարակական կազմակերպություններն են նախաձեռնել են նման միջոցառում։ Մենք գործ ունենք բռնապետական, ավտորիտար և մեր նկատմամբ թշնամական տրամադրված պետության հետ, բայց դա չի նշանակում, որ պետք է տրվենք անգործության, այլ հակառակը՝ թե իրավապաշտպան համայնքը , թե ՀՀ իշխանությունները և թե միջազգային ու հասարակական կազմակերպություններն իրենց անելիքն ունեն»,-ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։
Նրա խոսքով՝ կան միջազգային ճնշման բազմաթիվ միջոցներ, որոնցից սակայն որևէ մեկն այս պահին կիրառված չէ Ադրբեջանի նկատմամբ։ Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի Բաքվի բանտից երեկվա ուղերձին, նա նշեց, որ հաստատվեց այն ճշմարտությունը, որ իրավապաշտպան համայնքը բարձրաձայնում է, այն է՝ Ադրբեջանում արդարադատություն չկա, եւ մարդիկ խոշտանգվում են Բաքվի բանտերում։
«Ամենակարևոր հարցն այդ մարդկանց իրավունքներն ու շահերը պաշտպանելն է, ինչի համար պետք է կիրառել բոլոր գործիքակազմերը։ Իրավական առումով կան գործընթացներ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, որտեղ բարձրաձայնվում է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերների հարցը, բայց ՀՀ իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն բանակցելու համար՝ օգտագործելով դիվանագիտական բոլոր միջոցները։ Նրանք Բաքվում պահվում են ոչ թե իրավական այս կամ այն դրույթից ելնելով, այլ որովհետև քաղաքական նպատակահարմարության հարց է»,-շեշտեց Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։
Հանրային ակցիայի ժամանակ հանդես եկան նաև իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը, Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը, Արցախի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ակտիվիստներ։
Արցախի հասարակական կառույցների ներկայացուցիչներն իրենց պահանջագիր նամակները հանձնեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներին։
Զառա Մայիլյան