«Եթե ելնենք այն հանգամանքից, որ ես պաշտպանության նախարարն եմ, ես ունեմ իմ բաժին պատասխանատվությունը»,-հունվարի 15-ին հրավիրված մամուլիսի ասուլիսին հայտարարեց Սուրեն Պապիկյանն անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք իրեն պատասխանատու համարում է 2024 թվականի ընթացքում բանակում ոչ մարտական պայմաններում գրանցված մահվան դեպքերի համար։

Ճշտող հարցին, թե ո՞րն է իր պատասխանատվությունը, Պապիկյանն այնպիսի պատասխան տվեց, որից կարելի է ենթադրել, անուղղակի ընդունում է իր թերացումները։ «Պատասխանատվությունը և բացը կայանում է նրանում, որ զինված ուժերում առկա խնդիրները չենք կարողացել հասցնել այն մակարդակին, որ պրոբլեմները դառնան զրոյական»,-ասաց Սուրեն Պապիկյանը։

Նա, չնայած, որ ընդունում է իր ղեկավարած գերատեսչության թերացումները, սակայն, ուշագրավ է, որ միայն նախարարության բացթողումը չի համարում։

Խաղաղ պայմաններում մահացած զինվորների մտահոգիչ վիճակագրության ֆոնին Սուրեն Պապիկյանն այնպիսի պատասխաններ է տալիս, որոնցից ենթադրել է, որ իր համար կարևորն այն է, որ այդ մահերը չընկալվեն միայն ինքնասպանություններ և սպանություններ։

«Որպեսզի չստացվի բոլոր մահերը ինքնասպանություններ, սպանություններ են։ 36 դեպքերը, որ դուք նշում եք տարբեր հանգամանքերի բերումով դեպքեր են։ Ես առիթ եմ ունեցել խոսելու, որ վիճակագրությունը ձևավորվելիս մենք բոլոր տեսակի մահերին՝ սկսած ինֆակտից, էլեկտրահարումից, կայծակից, ավտովթարներից մինչև այն ցավալի դեպքերին, որոնք տեղի են ունենում տարբեր հանգամանքերի բերումով՝ ինքնասպանություն, ինքնասպանության հասցնել և սպանությունները։ Ես իմ մարտահրավերը համարում եմ ինքնասպանության հասցնելը, ինքնասպանությունը, որոնք կան բանակում»,-ասում է նախարարը։

Թեև Պապիկյանը նշում է, որ իր առջև խնդիր է դրել ինքնասպանություններն ու ինքնասպանությունների հասցնելու դեպքերը բացառել բանակում, սակայն, ուշագրավ է, որ նա այս դեպքերի համար մեղադրում է նաև հասարակությանը։ «Սրանք, այո՛, ունեն ակունքներ, որոնք իրենց պատճառներն ունեն մարդու քաղաքացիական կյանքի տարբեր ընկալումների՝ այդ թվում, քրեական ենթամշակույթի, երբեմն նաև մարդու պատրաստվածության մակարդակի, դիմակայունության․․․ սրանք հարցեր են, որ որպես պաշտպանության նախարար իմ հարցն է, բայց միայն իմ հարցը չէ և ես ուզում եմ, որ իմ հարցին մենք վերաբերվենք ավելի պատասխանատու, որպեսզի հանրության շրջանում՝ սկսած դպրոցից մինչև բուհական համակարգ համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք նույն քրեական ենթամկայութին, տղայական պատկերացումներին։ Մենք 2022 թվականին ուսումնասիրություն ենք կատարել, թե քանի թմրանյութ օգտագործած տղաներ են բանակ մեկնել։ Իհարկե, կարելի է ասել, որ պաշտպանության նախարարն ամեն ինչում մեղավոր է, ես էլ խոնհար ասեմ՝ ես եմ մեղավորը, բայց դրանով, ցավոք, չի փոխվելու։ Ես սա ինձանից հեռացնելու համար չեմ ասում, ուզում եմ ավելի խորքային նայենք ու ավելի խորը հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Գլոբալ խնդիրը մեր հանրային պատկերացումներն են, մոտեցումներն են զինված ուժերի նկատմամբ, այստեղ անելիք կա»,-ասաց Սուրեն Պապիկյանը՝ խոսքի վերջում կրկին շեշտը դնելով հանրության անելիքների վրա։

Սուրեն Պապիկյանը իր խոսքում շեշտում է, թե նաև ինքնասպանություններ են լինում։ Այս վարկածը մահացած զինծառայողների ընտանիքներում կտրուկ են մերժում։ Հոկտեմբերի 6-ին ՊՆ-ն հայտնեց ժամկետային զինծառայող Վահե Հարությունյանի մահվան մասին։ Նա երկու ամիս է ինչ մեկնել էր բանակ, ծառայում էր Վարդենիսի զորամասում։ Քննչական կոմիտեն գործ է հարուցել ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։ Ընտանիքը, սակայն, Forrights.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Վահեն նման քայլի ընդունակ չէ։

«Իմ տղան շատ զգայուն էր, իր վրա ձեռք չէր բարձրացնի, կոնֆլիկտներից խուսափող էր։ Ինքը երբեք որևէ մեկի հետ կոնֆլիկտ չի ունեցել, կարող եք գալ Ագարակ, բոլորին հարցնենլ, ընդհակառակը ինքն էր հաշտեցնում, եթե խնդիր էր լինում։ Կարծում եմ՝ արժանապատվությունը վիրավորել են, սպառնացել են, վախեցրել են։ Ինքը խելացի տղա էր, հավասարակշռված, չեմ հավատում, որ իր վրա ձեռք է բարձրացրել»,-Forrights.am-ին ասել էր մայրը՝ Սիրան Խաչատրյանը։

«Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։ Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։ Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։ Թամարա Գասպարյանը վրդոված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։

«Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։ Ես այդ պահին գժված, ցնորված էի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է մայրը։

Սուրեն Պապիկյանից ասուլիսի ընթացքում հետաքրքրվեցինք՝ ինչպես է պնդում մահվան դեպքերի մեջ նաև ինքնասպանություններ են եղել, երբ դատարանի վճիռներ չկան։

«Ես խոսում եմ ՔԿ-ի հնչեցրած նախնական գնահատականներին, որոնք, իհարկե, վճիռներ կլինեն։ Ես չեմ հիշում դեպքեր՝ վերջին երկու տարում, երբ գործերը չեն բացահայտվել»,-ասաց նա։

Նշենք, որ զինվորների հարազատներին հատկապես վրդովեցնում է այն հանգամանքը, որ ՔԿ-ն դժբախտ պատահարից մի քանի ժամ անց իրենց տղայի հետ տեղի ունեցածը որակում է ինքնասպանություն։

Նարեկ Կիրակոսյան

 

 

 

Pin It on Pinterest