Հունվարի 14-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրումը։ Հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը գրառում է արել, որի իմաստը հանգում է հետեւյալին․ այլեւս Հայաստանի արտաքին քաղաքականությունը բալանսավորված է, եւ էսկալացիայի վտանգ չկա։
Միջազգային մեդիան կայծակնորեն է արձագանքել ՀՀ-ԱՄՆ Խարտիայի ստորագրմանը, մի կողմից, այն ներկայացնելով որպես Հայաստանը Ռուսաստանից կտրվելու քայլ, հատկապես՝ էներգետիկ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Մյուս կողմից՝ որպես որոշում, որը հեշտությամբ կարող է չեղարկել հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնող Դոնալդ Թրամփը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է․ «Նայելով ապագային՝ մենք ցանկանում ենք շարունակել համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ՝ մեր Ռազմավարական գործընկերության կանոնադրության մեջ նշված հավակնոտ նպատակներն իրագործելու ուղղությամբ»։ Սակայն նա չի ասել, որ Կանոնադրությունը համաձայնված է Թրամփի ապագա վարչակազմի հետ։
Կանոնադրությունը Երեւանո՞ւմ է գրվել
Ստորագրված Կանոնադրության մեջ գրեթե նոր բան չկա, սակայն աչքի է զառնում Հայաստանի կառավարության տերմինաբանության եւ թեզերի առատությունը։ Ալմա-Աթայի հռչակագիր, Խաղաղության խաչմերուկ, Ակադեմիական քաղաք՝ տպավորությունն այնպիսին է, որ Կանոնադրությունը Երեւանում է գրվել, եւ պետքարտուղար Բլինքենը ստորագրել է մի բան, որը էական չի համարել։
Էականը, կարծես, Հայաստանի «միջազգայնորեն ճանաչված» տարածքային ամբողջականության եւ սուվերենության պաշտպանության ԱՄՆ հանձնարարականը պետք է լիներ։ Սակայն անհասկանալի է, թե ինչ է դրա տակ դնում Բայդենի վարչակազմը։ Արդյո՞ք ԱՄՆ ճանաչում է Հայաստանի Սահմանադրությունը, 1989 թ․ Արցախի եւ Հաայստանի վերամիավորումը՝ դա համարելով «տարածքային ամբողջականություն»։ Արդյո՞ք ԱՄՆ ճանաչում է Հայաստանի սահմանները որոշող 1921 թ․ ռուս-թուրքական պայմանագրերը։ Իսկ Ալմա-Աթայի հռչակագիրը ճանաչելով, ո՞ր թվականի քարտեզներն են համարում «իսկական»։ Եւ արդյո՞ք ԱՄն ճանաչում է Բաքվի «ուժի իրավունքը»։
Ռուսաստանը զարմանալիորեն դեմ չէ ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը
Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Նման «հանդուրժողականության» պատճառը, գուցե, այն է, որ Կանոնադրության մեջ Ռուսաստանի համար ոչ մի «վտանգավոր» բան չկա։ ԱՄՆ չի հայտարարել Հայաստանում ռազմաբազա տեղադրելու կամ այլ կտրուկ քայլերի մասին։ Չի եղել նաեւ Ռուսաստանի բազան Հայաստանից հանելու մասին կետեր։
Միայն ՀԱՊԿ-ից է մի փոքր «անհանգստություն» հնչել։ Սակայն Հայաստանում ՀԱՊԿ-ի կողմնակիցների անհանգստությունն ավելի հնչեղ էր․ Արթուր Վանեցյանը հայտարարել է, որ Հայաստանը շուտով կհայտարարի ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին, դա վտանգավոր քայլ համարելով։
Կանոնադրության բազմաթիվ «հայրերը»
ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը իր էջում գրել է, որ «փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի վրա: Ընդգծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը հնարավոր է դարձել ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ, միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցներն ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել»։
Մինչ այդ արեւմտամետ գործիչները, հատկապես Արման Բաբաջանյանը ազդարարում էին փաստաթղթի ստորագրումը։
Իսկ «Իրավունք»-ի տեղեկություններով՝ արեւմտամետների շարքերում կատաղի պայքար է սկսվել միմյանց դեմ: «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) դրամաշնորհներով եւ եվրոպական տարբեր խողովակներով սնվողները ստիպված են լինելու ձգել գոտիները, քանի որ ֆինանսավորումը կրճատվելու է առնվազն 50-75 տոկոսով»։
Նաիրա Հայրումյան