Մինչ քննարկման օրակարգ է եկել Արցախի խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հավանականության հարցը, արցախցիներրի հումանիտար խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ Եթե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկման օրակարգ է դարձնում Ադրբեջանի նախագահի՝ ՄԽ-ն լուծարելու հարցը, ապա Բաքուն անարձագանք է թողնում Երևանից հնչած այն տեսակետները, թե պետք է զբաղվել անհետ կորածների որոնման աշխատանքներով կամ Արցախում հուղարկավորված անձանց տեղափոխել Հայաստան։

Զոհվածների հարզատներն ապրում են այն հույսով, որ մի օր դա իրականություն կդառնա։ «Ում է պետք այսպես ապրելը, որ չես կարողանալու քո էրեխու շիրիմին ծաղիկ դնել»,-ասում է Մարտունու գերեզմանոցում հուղարկավորված Վաչագան Դադայանի մայրը՝ Նադեժդա Արզումանյանը։

Վաչագանը զոհվել է 25 տարեկան հասակում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակը հարձակվեց շրջափակման մեջ գտնվող Արցախի վրա։ Վաչագանը զենիթահրթիռային մարտկոցի դասակի հրամանատարն էր, մոր միակ որդին։ Տիկին Նադեժդան ավելի վաղ կորցրել էր նաև ամուսնուն ու դստերը։ «Այսօր անտեր-անտիրական մեր երեխաների շիրիմները մնացել են այնտեղ, անգամ չհասցրինք գոնե շիրմաքարեր դնենք»,-ասում է մայրը։

Ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվեց 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ, որոնցից 6-ն անչափահաս էր։ Մարտական գործողություններում զոհվածների մարմինները տարբեր խնդիրների պատճառով հնարովոր չի եղել տեղափոխել Հայաստան։ Պատճառները տարբեր են․ ոմանք իրենց տղաներին հուղարկավորել են, երբ չէր տարածվել Արցախից բռնի տեղահանվելու լուրը։

«Դաժան օրեր էին, դաժա՜ն»,- բռնի տեղահանումից հետո տղայի և փեսայի նկարների կողքին նստած ասում է Երվանդ Դանիելյանը։ Տղան՝ Էդուարդը և փեսան՝ Գրիշան, զոհվել են սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ։ Էդուարդը Եղնիկներում էր ծառայում, Գրիշան՝ Օմարում։

«Եղնիկների Էդոն էր, սիրում էր ծառայությունը, դիպուկահար էր, ծառայությունը, որ ավարտեց, որոշեց պայմանագրային ծառայության անցնել»,-Forrights.am-ի հետ հիշում է հայրը, թե ինչ ոգևորությամբ էր տղան անցել ծառայության։

Էդուարդը զոհվել է՝ իր դիրքից մյուս դիրք, ընկերոջն օգնության հասնելու ժամանակ։ «Դիրքերում կապը կորել է։ Էդուարդը գնացել է կողքի դիրք, որ ընկերներից տեղեկություն իմանա, բայց ԱԹՍ-ը նկատել է ու խփել է»։

Հայրը տևական ժամանակ որդուն հուղարկավորելու որոշում չի կարողացել կայացնել, քանի որ հստակ չեն ասել՝ գյուղը լքելու են, թե՝ ոչ։ Ժամանակի ձգձգման պատճառով Երվանդ Դաինելյանը որոշել է որդուն հուղարկավորել։

«Որոշում կայացրեցի, որ տանելու եմ մեր գյուղի գերեզմանոցում պապայիս կողքը՝ իր պապիի մոտ դնենք։ Հաջորդ օրն իմացա, որ գյուղից պետք է դուրս գանք։ Գյուղապետի մեքենայով բարձրացա, որ Էդոյին հրաժեշտ տամ․ ասացի՝ Էդո, կներես, որ թողնում եմ, չեմ կարող տանեմ։ Խաբեցին ինձ, խաբեցին․․․ հրաժեշտ եմ տալիս ու դուրս գալիս»,-չկարողանալով հաշտվել իրողության հետ, պատմում է հայրը։

Երվանդ Դանիելյանը պատրաստ է գնալ Արցախ որդու մարմնի հետևից, սակայն, հնարավորություն չկա։ Զոհվածների հարազատները մեզ հետ զրույցներում պատմում են, որ խոսակցություններ եղել են, որ Հայաստանի և Ադրբեջանի հատուկ, ինչպես նաև Կարմիր Խաչի ուղեկցությամբ գնան աճյունները բերելու, սակայն, նրանց փոխանցմամբ վերջին պահին գործընթացը ձախողվել է՝ ասում են ադրբեջանական կողմն է հրաժարվել։ Շաետրը հողին են հանձնվել ու չունեն շիրմաքար, հարազատներն ասում են, որ տեղանքը նկարել են, նշան արել, որ հնարավորության դեպքում, երբ ոտք դնեն Արցախ կարողանան հեշտությամբ գտնել իրենց տղաների գերեզմանները։

Զոհված Սամվել Աղամալյանի հայրը՝ Վալերիկ Աղամալյանն ասում է, որ մինչ Հայաստանի կառավարությանը դիմելը այս հարցի շուրջ քննարկումներ են ունեցել Արցախի ներկայացուցչության և Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության հետ, սակայն, որևէ արդյունքի չեն հասել։ «Նույնիսկ պահանջել են, որ հասակով մարդիկ գնան, հանելու, ես էլ համաձայնվել էի, բայց ձայն չկա»,-ասում է նա ու նշում՝ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ իրենց չընդունեց։

Հիշեցնենք՝ արցախցիները իրենց հարազատների շիրիմների մոտ լացելու, ծաղիկ խոնհարելու հնարավորություն են ուզում։ Նրանք հուլիսի 11-ին հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ և հանդիպում էին ակնկալում Նիկոլ Փաշինյանի հետ, որ խնդրեն նրան 2023 թվականի սեպտեմեբրի 19-ի պատերազմի զոհերի մարմինները տեղափոխվի Հայաստան։ Սակայն, վարչապետը չէր ընդունել նրանց։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նախորդ ամիս գանգատ է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան 2023 թվականի սեպտեմբերի զոհերի 36 ընտանիքների անունից. — «Մեր պահանջն է արձանագրել խախտումներ և հարկադրել Ադրբեջանին աճյունները, մասունքները հանձնել ընտանիքներին»։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest