Հունվարի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի շիրիմներից ծաղիկներ և այլ իրեր գողացած անձանց հայտնաբերել են և մեղադրանք են առաջադրել։ Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը 2 ամսով, իսկ մեկ անձի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողությունը: Այս մասին Forrights.am-ին փոխանցեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք՝ Forrights.am-ն էր հունվարի 4-ին պատերազմում զոհված տղաների ծնողներից ահազանգեր ստացել, որ Ամանորի գիշերը իրենց կողմից տեղադրված ծաղիկները անհայտ անձիք գողանում են։ Գողության դեպքը ֆիքսել էր շիրիմների մոտ տեղադրված տեսախցիկները։
«Արա, վեկալ»,- 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական բանակի հարձակումը Սոթքի ուղղությամբ կյանքի գնով կանխած Գոռ Ասատրյանի շիրմաքարի մոտ կանգնած երկու անձանցից մեկն այս խոսքերով էր մյուսին հրահանգել վերցնել ծաղիկները։ Հրահանգից հետո նրանցից մեկը վերցնում է մոր կողմից տեղադրված թարմ ծաղիկները։
«Պատահական նայեցի, տեսա ծաղիկները չկան։ Դեկտեմբերի 31-ին գիշերն էի դրել, հունվարի 2-ի երեկոյան արդեն վերցնում են»,-Forrights.am-ի հետ զրույցում ասել էր Գոռի մայրը՝ Իրինա Խաչատրյանը։
Քննչական կոմիտեից Forrights.am-ին հայտնել են, որ Եռաբլուրում զոհված զինծառայողների շիրիմներից ծաղիկներ հափշտակելու գործով կան ձերբակալվածներ ու միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու համար։
«2025 թվականի հունվարի 9-ին 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1 անձի նկատմամբ՝ 46-254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Միջնորդություններ են ներկայացվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալների նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է»,- նշել էին իրավապահ կառույցից։
Գողությունը կատարած անձանց առաջադրվել է գողություն կատարելու մեղադրանք, մյուսին նաև գողություն կատարելը դրդելու համար է առաջադրվել մեղադրանք։ Այս մեղադրանքերը սահմանում են հետևյալ պատիժները․ տուգանք` քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ այդ նույն օրը գողություն է կատարվել նաև 44-օրյա պատերազմի մասնակից Մովսես Պետրոսյանի շիրմաքարից։ Մայրը 19-ամյա որդու գերեզմանին երեսունից ավելի վարդեր է տարել, եկել է տուն, միացրել տեսախցիկը, որ առողջական խնդիրներ ունեցող ամուսինն էլ տեսնի, քանի որ ի վիճակի չէ այցելել տղային, սակայն տեսել են ծաղիկները չկան։
«Մի բիձա՝ երկու ջահել տղայի հետ, բուկետը վերցնում է՝ 30 հատից ավել վարդ ու տանում է։ Ամսի 2-ին ժամը վեցին ծաղիկները տարել են, ես ժամը հինգին եկա տուն, ասացի կամեռան միացնեմ ամուսինս տեսնի, հիվանդ է, չի կարողանում Եռաբլուր գալ, տեսանք ծաղկամանը դատարկ է։ Հարցը ծաղիկը չէ, հարցը այն է, որ գողություն են անում, վաղն էլ կարող է գան շիրմաքարը պոկեն տանեն։ Ասում են՝ այդ մարդը տարել ծախել է ծաղիկները, փող է առել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Մովսեսի մայրը՝ տիկին Ռաիսան։
Սեպտեմբերի 13-ին անմահացած 18-ամյա Ռոբերտ Ավագյանի մայրը՝ Մերի Ավագյանն էլ Forrights.am-ին ահազանգում է, որ գողության դեպքեր եղել են նաև իր որդու շիրմաքրի մոտից։ Մայրն անհանգստացած է, որ նույն դեպքերը կարող են նորից կրկնվել, քանի որ ՊՆ-ի ենթակայությամբ գործող «Եռաբլուր» զինվորական պանթեոնում պատշաճ հսկողություն չի իրականացվում։
Նարեկ Կիրակոսյան