Իլհամ Ալիևի սպառնալից հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար Հայաստանի Հանրապետության անունից 12 կետանոց, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու առաջարկությամբ է հանդես եկել։ Սա նախորդում է Փածինյանի՝ մեկ այլ դիրքորոշման, որը հնչեցրել էր լրատվամիջոցին տված հարցազրույցում։
Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը Փաշինյանի առաջին հայտարարությունը, որն ավելի շատ սպառնալիքներին խաղաղության գնալու ճանապարհով արձագանքելու մասին էր, համարում է թույլ։
«Նիկոլ Փաշինյանի պատասխանը Ալիևին «Արմենպրես»-ին տված հարցազրույցի դիտվեց որպես թույլ պատասխան և որոշեց մաքրագրել այն, դրա համար առաջացավ ֆեյբուքում հրապարակում անելու միտքը։ Փաշինյանն այստեղ իրեն մի քիչ համարձակություն թույլ տվեց՝ ներկայացրեց իր անհամաձայնությունը տարբեր մոտեցումների վերաբերյալ։ Նա որպես ավարտ նշեց, որ, երբ թվարկվածը կատարված կլինի, կդիտարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Նրա ասածը վտանգավո՞ր է, թե՞՝ոչ։ Ինքնին վտանգավոր է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարումը Հայաստանի համար։ Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ չի կարող լուծարել Մինսկի խումբը, այդ որոշումը կարող է ընդունել ԵԱՀԿ-ն։ Փաշինյանը հաստատեց, որ պատրաստ է Ալիևի հետ դիմել այդ հարցով։ Նա հաստատեց, որ Ալիևի հետ բարիկադի մի կողմում է գտնվում՝ Արցախի հարցում Ալիևի հետ։ Մենք այսպիսի ղեկավարի խղճուկ վիճակ չենք ունեցել պատմության մեջ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։
Նրա խոսքով՝ այդ հայտարարությունները վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանին։
«Այդ հայտարարությունները վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանին, եթե մենք խոսում ենք միջազգային հանրության տեսակետից։ Ավելի հստակ է երևում, որ Փաշինյանը կախումներ ունի Ալիևից և Պուտինից, իր քաղաքական մտքերը կրկնում են նրանց արտահայտած մտքերը։ Նա բացառում է Արցախի ինքնորոշման հարցը, ինչը գտնվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանն այլ դիրքորոշում ունենալ չի կարող։ Փաշինյանը քաղաքական որոշում է կայացրել Արցախի անվտանգությունը հանձնել ռուսներին, ինչը կապում է իրեն Պուտինի և Ալիևի հետ։ Սա որոշվել է 2019 թվականին, երբ ամբողջ իշխանությունն անցավ Նիկոլ Փաշինյանին, թե կառավարությունում, թե խորհրդարանում։ Սա հանգեցրել է պատերազմի, որովհետև առանց պատերազմի հնարավոր չէր ռուսներին բերել Արցախ։ Նիկոլ Փաշինյանի մյուս որոշումն է՝ հրաժարվել Արցախի ինքնորոշման իրավունքից։ Դա եղել է 2020 թվականին՝ Մոսկվա գնալուց հետո»,-ասաց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը իր կայացրած որոշումների հետևանքով այնպիսի իրավիճակում է գտնվում, ոչ չի կարող հակադարձել թշնամական պետության ղեկավարին։
«Այս որոշումների հետևանքն այսօր այն է, որ Նիկոլ Փաշինյանը չի կարող Ալիևի հետ չհամաձայնվել։ Ալիևը խոսում է այն դիրքերից, որ փող է տվել Հայաստանի վարչապետին և թելադրում է պահանջներ, Փաշինյանը չի կարողանում դրանց պատասխանել, որովհետեև ակնհայտ կաշկանդված է։ Ալիևի ասածները կյանքի են կոչվում քայլ առ քայլ։ Նա պնդում էր, որ միակողմանիորեն հայկական զորքերը պետք է դուրս գան Թովուզի շրջանից, ինչը տեղի ունեցավ և Փաշինյանը դա համարում է անցած տարվա ամենամեծ ձեռքբերումը։ Դա ո՞ւմ պահանջով էր դրվել, Ալիևի։ Հիմա էլ շրջանառության մեջ է դրված այն միտքը, որ պետք է Սահմանադրությունը փոխվի, Անկախության հռչակագիրը պետք է փոխվի։ Ալիևը Ռուսաստանի և Թուրքիայի աջակցությունն ունի, իսկ պահանջները ՀՀ վարչապետը աստիճանաբար կյանքի է կոչում»,-ասաց նա։
Նարեկ Կիրակոսյան