Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 9-ի նիստում հավանություն տվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Հարցը ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով. «Քաղաքացիական նախաձեռնության կարգով ԱԺ քննարկմանն է ներկայացվել օրենքի նախագիծ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին, եւ այժմ կառավարությունը պետք է դիրքորոշում արտահայտի: Մենք առաջարկում ենք դրական դիրքորոշում արտահայտել՝ ելնելով մի քանի հանգամանքներից»:
Միրզոյանը թվարկեց դրանցից մի քանիսը. «Վերջին տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն բավականին ինտենսիվ ու դինամիկ հարաբերություններ են ունեցել: Դրանք ունեցել են շատ հարուստ բովանդակություն, նաեւ ընդգրկել են տարբեր ոլորտներ: ԵՄ-ն տարբեր առիթներով ընդգծված քաղաքական աջակցություն է հայտնել Հայաստանի ժողովրդավարությանը: ԵՄ-ն ըստ էության, ներգրավվել է ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ապահովմանը. Նկատի ունեմ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայումը: ԵՄ-ն նաեւ պատրաստակամությունն է հայտնել աջակցել ՀՀ-ի տնտեսական դիմակայունության ամրապնմանը: Ակնհայտորեն ԵՄ-ն ունի շատ հարուստ ժողովրդավարական ավանդույթներ, ժողովրդավարական ամուր ինստիտուտներ, ազատ մրցակցային միջավայր, արդիական տնտեսություն, առաջադեմ զարգացած գիտություն: Նաեւ դուք, պարոն վարչապետ, Եվրոպական խորհրդարանում հայտարարել եք, որ Հայաստանը պատրաստ է մոտ լինել ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի: Մենք այդ հնարավոր լինելու նշաններն էլ ենք տեսել: Նկատի ունեմ եւ վիզաների ազատականացման մեկնարկը, եւ մի շարք այլ գործիքներ, որոքն կիրառվել են կամ քննարկվում են ԵՄ-ի հետ:
Ելնելով այս ամենից առաջարկում ենք դրական արձագանքելն: Իհարկե, նաեւ որոշ առաջարկներ ունենք, որոնք առավելապես իրավական տեխնիկային են վերաբերում»,- հայտարարեց ԱԳ նախարարը:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: