ՀՀ Քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հունվարի 5-ին ձերբակալված Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործից։

Ինչպես նշել են Քննչական կոմիտեում, Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Խաչատրյանը նշանակվել է հարավային զորքերի խմբի հրամանատար։ Հետաքննության տվյալներով՝ հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում նա հրամանատարական կետ չի ձևավորել և մի շարք այլ հրամանատարական գործառույթներ չի կատարել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ից հոկտեմբերի 17-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կորցրել է Արցախի հարավը, այդ թվում՝ Հադրութը։ Իսկ հոկտեմբերի 16-ի լույս 17-ի գիշերը Բաքուն հայտնել է Գանձակի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին, որոնք իբր արձակվել են Հայաստանի տարածքից։

Հենց այս հարվածները Բաքվի կողմն օգտագործում է որպես Հայաստանի դեմ հիմնական փաստարկ՝ մեղադրելով ՀՀ-ն պատերազմական հանցագործությունների մեջ։ Սրա վրա են կառուցված Բաքվի միջազգային պահանջները Հայաստանի դեմ։ Հայտնի չէ, թե արդյո՞ք Տիրան Խաչատրյանը մեղադրվում է այս հարվածներին առնչություն ունենալու մեջ։ Սակայն հայ զինվորականները չգիտեն՝ արդյոք քաղաքական ղեկավարությունը կհանձնի իրենց, եթե «խաղաղության պայմանագրում» համաձայնեցվի «ռազմական հանցագործների» մասին հարցը։

Բացի 7-17 թվերից, Տիրան Խաչատրյանի «դոսյեում» ներկա են այլ ճակատագրական թվեր։ Այդ թվերը եւս կապված են գործող իշխանությունների կողմից պատերազմում պարտության մեղքը զինվորականներին վրա բարդելու հերթական փորձի հետ։ Այս փորձերը սկսվել են 2020-ի պատերազմից անմիջապես հետո։

2021 թհունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց երկրում ռազմական հեղաշրջման փորձի մասին՝ Գլխավոր շտաբի հայտարարությունից հետո, որով պահանջում էր իր հրաժարականը։ Դրանից մեկ օր առաջ գործից ազատվել է Գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն՝ այն բանից հետո, երբ ծիծաղով է արձագանքել «չկրակած» Իսկանդերների մասին Փաշինյանի հայտարարություններին։

Մեկ օր հետո ԶՈՒ Գլխավոր շտաբի տարածված հայտարարության մեջ ասվում էր.

«ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:

ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:

ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները:

ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր պարտքը, իր ժողովրդի հետ ուսուսի մարտնչել թշնամու դեմ:

Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», ասված է հունվարի 25-ի հայտարարության մեջ:

Հետաքրքիր է, որ Գլխավոր շտաբի նամակը այն ժամանակ «ռազմական հեղաշրջում» են որակել միայն Հայաստանի կառավարությունն ու Թուրքիան։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով նախկինում Հայաստանում իշխանափոխության կոչ էր անում, դատապարտել է Հայաստանի գլխավոր շտաբի ելույթը։

«Պարտության պատասխանատվությունը»՝ ծանր բեռ է, որը դեռ շատ գլուխներ է թռցնելու։ Այս բեռից ազատվելու համար զինվորականները միայն մեկ ճանապարհ ունեն՝ պատմել, թե ինչ հրամաններ են ստացել, ով էր որոշումներ ընդունողը։ Հնարավոր է, դա հնչի որպես ինքնախոստովանություն, քանի որ ստիպված կլինեն ճանաչել այլ երկրների, մասնավորապես, Ռուսաստանի հրամանների կատարումը։ Սակայն առանց նման խոստովանության հայ զինվորականները դատապատրված են կրել պարտության եւ «խաղաղության» ամբողջ պատասխանատվությունը։ «Խաղաղության» գինը նաեւ «ռազմական հանցագործների» արտահանձնումն է։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest