Արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանի հետ զրուցել ենք անցած տարվա ընթացքում արցախցիների իրավունքներն ու Արցախի հարցն օրակարգ բերելու և 2025թ. իր կանխատեսումներն այդ ու դրանց առնչվող հարցերի շուրջ։
-Ըստ Ձեր վերլուծությունների՝ անցած տարի արդյո՞ք բավարար ջանքեր գործադրվեցին արցախցիների իրավունքներն ու Արցախի հարցը օրակարգ բերելու համար։
— Նախ շնորհավորում եմ բոլորիս Սուրբ Ծնունդն ու Ամանորը՝մաղթելով, որ Աստծո կամոք մեր իղձերն ու ցանկություններն իրականան։ Ի դեպ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նիստը եղել և պետական մյուս ինստիտուտներն էլ ստեղծվել են հենց 1992թ. հունվարի 6-ին։
Ինչ վերաբերում է արցախցիների իրավունքներին, ապա նույնիսկ ՀՀ պետական մարմինները՝ ԱԺ, ԱԳՆ և մյուս կառույցները ոչ միայն պատշաճ ուշադրություն չեն դարձրել, այլ նաև շրջանցել են և փորձել միջազգային օրակարգից հանել Արցախի հարցը։ Դա հասնում էր աբսուրդի, երբ ՀՀ իշխանությունները փորձում էին վիժեցնել Արցախի հիմնահարցը առաջ տանելու երրորդ երկրների և միջազգային կազմակերպությունների ջանքերը։
-Որո՞նք են այդ ուղղությամբ իրականացվելիք առաջնահերթ քայլերը և ի՞նչ խոչընդոտներ պետք է դեռ հաղթահարվեն։
-Այժմ պետք է համադրել թե ՀՀ, թե Արցախի պետական և քաղհասարակության, հայկական սփյուռքի ջանքերը և գործել տարբեր ուղղություններով։ Մանավանդ 2025թ. կլինի ծանր, բայց հնարավորություններով հարուստ տարի։
Աշխարհը, այդ թվում հզոր երկրները սկսել են այսպես ասած՝ հատուցում ստանալ կրկնակի ստանդարտներով վարած իրենց քաղաքականության համար, այդ թվում նաև Արցախի հարցի առնչությամբ։
Հզոր պետությունների՝ մի կողմից ոչ հետևողական, երկդիմի քաղաքականությունը, մյուս կողմից՝ ագրեսիվ — զավթողական քաղաքանությանը չընդդիմամալը, ավելի հագուրդ տալը և Հայաստանի նման փոքր երկրների տարբեր ուժային կենտրոնների հաճախ հակասական պահանջներին հետևելու արդյունքում առկա կոնֆլիկտները և մյուս ճգնաժամային երևույթները կսրվեն ավելի մեծ թափով։ Դա ենթադրում է համայն հայության հավաքական ջանքերի համախմբում, ավելի ճկուն, հաշվարկված ու միաժամամակ բազմավեկտորային և սկզքունքային քաղաքականության իրականացում, ազգային վստահություն ու աջակցություն վայելող քաղաքական օրակարգի մշակում և մարմնի ստեղծում։
-Աշխարհաքաղաքական այս թոհուբոհում 2025-ին ի՞նչ կանխատեսումներ ունեք և արդյո՞ք հնարավոր կլինի արցախցիների իրավունքները ամրագրել ու խնդիրը միջազգային հարթակներերում բարձրացնել՝ դրանց լուծման ակնկալիքով։
Ցավոք, պատերազմի մեծ վտանգներ են կանխատեսվում։ Ադրբեջանն անընդհատ պահանջներ է առաջադրում՝ առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջանի» հակահայկական թեզը։
Արցախի հարցի հետ կապված պետք է ավելի սկզբունքային լինենք։ Նույնիսկ, եթե մենք ֆիզիկապես չունենք պետություն, դա չի նշանակում, որ որևէ մեկը իրավունք չունի արցախցիների իրավունքներն առաջադրելու և ներկայացնելու։ Այս տարի Արցախի Ազգային ժողովը պետք է նոր ընտրություններ իրականացնի և մենք պետք է ապահովենք նորընտիր Խորհրդարանի, պետական մարմինների լեգիտիմությունը։ Անհրաժեշտ է այնպես անել, որ այդ ընտրությունը միջազգային հանրությունն էլ ընդունի՝ երբեք տեղիք չտալով շանտաժի և ճնշումների, ինչն անցանկալի հետևանքներ կունենա։ Ներկայում անցանկալի հետևանքներից է Հայաստանի Հանրապետության նկատմամբ արտաքին ուժերի կողմից գործադրվող բացեիբաց ճնշումներն ու սպառնալիքները։ Թվացյալ խաղաղության փոխարեն ավելի ագրեսիվ կեցվածք են դրսևորում ՀՀ- ի նկատմամբ, սակայն եթե մենք հետևողական լինենք, ապա կկանխենք պոտենցիալ վտանգները։
Ի վերջո, երկնքից մանանա չի թափվելու և ոչ ոք մեր փոխարեն, մեր հարցերը չի լուծելու ու դա պետք է գիտակցեն բոլորը և հանգեն ընդհանուր եզրակացության։ Միևնույն ժամանակ, թեկուզ որոշակի վտանգների ներքո, մենք ինչ-որ տեղ ունենք նոր շանսեր ու հնարավորություններ։ Ընտրությունը շատ ծանր՝ էքզիստենցիալ է լինելու՝ լինել թե չլինելու ու այստեղ ուժեղ հայության գոյության հարցն է լինելու։ Այդ առումով մենք պետք է մեծ պատասխանատվությամբ վերահաստատենք մեր ապրելու իրավունքը ու հաշվի առնելով մեր պարտություններն ու բացթողումները, այդ թվում նաև տնտեսական, վերականգնվենք՝ ստեղծելով համազգային օրակարգով վստահելի ղեկավար-օրգան։ Ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի պարագայում պետք է լինի համազգային վստահություն վայելող ազգային օրգան, այլապես լավագույն դեպքում 100 տարի էլ երկիրը կմնա ճգնաժամային իրավիճակում։
Զառա Մայիլյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: