Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել է, հայտնում է նրա փաստաբանական թիմը։
Ազգային հերոս Խաչատրյանը երեկ էր ձերբակալվել 44-օրյա պատերազմին առնչվող գործով: Նա մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։
Գեներալի փաստաբանական թիմը ֆեյսբուքյան գրառմամբ մասնավորապես հայտնում է․ «Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի անհիմն լինելն ու կալանքի հիմքի բացակայությունն ամբողջությամբ հիմնավորվեց շուրջ 5 ժամ տևած դատական նիստին: Վերաքննիչ բողոքը կներկայացվի դատական ակտը ստանալուց հետո ամենասեղմ ժամկետում: Հաշվի առնելով այն հանգամանքները, որ. սա միջին ծանրության հանցագործության մեջ մեղադրվող անձին կալանավորելու եզակի դեպքերից է, վստահորեն պնդում ենք, որ Տիրան Խաչատրյանի նկատմամբ կիրառվեց օրենքով և ՄԻԵԴ ու ՀՀ դատական պրակտիկայով չհիմնավորված տարբերակված մոտեցում: Այսինքն` Տիրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը կիրառվեց ոչ թե արդեն 4 տարի ձգվող վարույթի ընթացքն ապահովելու, այլ` նրան իր ակտիվ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման համար պատժելու, ինչպես նաև պատերազմի պարտության «մեղավորներ» կարգելու նպատակով:
Ը ստ իրավապահների՝ Խաչատրյանը, 2020 թվականի ռազմական դրության ընթացքում նշանակված լինելով Զորքերի հարավային խմբավորման հրամանատար, հոկտեմբերի 7-17-ը իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք՝ չի ստեղծել հարավային խմբավորման կառավարման կետ իր բոլոր տարրերով, մարտական գործողությունների վարման ընթացքում լիարժեք չի կատարել կառավարմանը բնորոշ մի շարք միջոցառումներ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: