ՀՀ Պաշտպանության նախարարությունից Forrights.am-ին փոխանցեցին, որ հայտնաբերել են Եռաբլուր զինվորական պանթեոնից ծաղիկներ գողացող անձանց։

«Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»,-այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 4-ին Forrights.am-ը 44-օրյա և 2022  թվականի սեպտեմբերյան պատերազմներում զոհված տղաների ծնողներից ահազանգ էր ստացել այն մասին, որ անհայտ անձիք գողանում են իրենց դրած ծաղիկները։

«Պատահական նայեցի, տեսա ծաղիկները չկան։ Դեկտեմբերի 31-ին գիշերն էի դրել, հունվարի 2-ի երեկոյան արդեն վերցնում են»,-Forrights.am-ի հետ զրույցում ասել էր սեպտեմբերի 13-ին զոհված սպա Գոռ Ասատրյանի մայրը՝ Իրինա Խաչատրյանը։

Մեզ ահազանգած ծնողներն ասում էին, որ դժգոհություն ունեն ՊՆ ՌՈ-ի կողմից իրականացված հսկողությունից՝ շեշտելով, որ նրանց թվաքանակը քիչ է։ ՊՆ խոսնակն այս առնչությամբ նշեց․ « Տարածքը տեսահսկվում է, իսկ Ռազմական ոստիկանության՝ նշված վայրում հերթապահության կազմակերպման, հերթապահության մեջ ընդգրկված աշխատակիցների քանակի որոշման հիմքում ընկած են մի շարք հաշվարկներ և հանգամանքներ»:

Pin It on Pinterest