Ալբերտ Առուստամյանը հանգուցյալ մոր ծննդյան օրն այս տարի նշել էր առանց նրա շիրիմին այցելելու։  Օգոստոսի 23-ին հարազատների հետ հավաքվել էր Երևանում վարձակալած իր բնակարանում, գերեզմանատուն այցելելու հնարավորություն չուներ, քանի որ այն գտնվում է ադրբեջանցիների կողմից օկուպացված Ստեփանակերտում։

71-ամյա Ալբերտ Առուստամյանը բարեկմաների հետ հիշել էր Արցախում անցկացրած լավ ու վատ օրերը։ Միաժամանակ հեռուստացույցով հեռարձակվել է Փաշինյանի անհոգ կյանքից դրվագներ՝ հեծանիվ է քշում, խաշլամա ուտում, բռնի տեղահանված արցախցու ցավին անհամապատասխան է եղել։

«Ջղայնացած էի, մենք այստեղ չենք կարում երեխոցը պահենք, հեռուստացույցը միացնում ես ինքը հեծանիվից իջնում է, խաշլամա է ուտում։ Այդ պահին, որ դա տեսա, ասացի՝ կանալը փոխեցեք։ Դուրս եկա ծխելու»,-պատշգամբում ցավը մեկ գլանակ ծխախոտի մեր հեղդող արցախցին նկատել է՝ բակում Նիկոլ Փաշինյանն է կանգնած իր բազմաթիվ թիկնապահներով և ավտոմեքենաներով։ Որոշել է բողոքի ակցիա իրականացնել։

«Տեսա Փաշինյանը կանգնած է։ Ես էլ խնձորը վեկալեցի, նետեից իր կողմը։ Բողոքի ակցիա եմ արել, ինքը մեզ լավ չի վերաբերվել։ Գալիս ես տուն տեսնում ես երեխան սոված է, սաղ թողել, եկել ենք։ Ես խնձորը գցել ու մտել եմ տուն, չեն տեսել՝ իրեն կպել է, թե՝ ոչ։ Այստեղ տեսնում ենք Փաշինյանի ու իշխանության վերաբերմունքը արցախցիների նկատմամբ՝ արցախցիներին չի սիրում։ Ինձ համար նա դավաճան է, իմ տունը, մանկությունը, թողել եկել եմ այստեղ։ Ես բողոքի ակցիա եմ արել, խնձոր եմ նետել իր ուղղությամբ, ուրիշ բան չէի կարող անել»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է Ալբերտ Առուստամյանը։

Խնձերը նետելու ակցիան ճակատագրական է դարձել Ալբերտ Առուստամյանի համար։ Նա կանգնել է դատարանի առաջ։ Իրավապահներն Ալբերտ Առստամյանի այս բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։ Մինչ դատարան հասնելը Առուստամյանը երկու օր անազատության մեջ է հայտնվել։

«Ոստիկանները եկել են մեր տուն՝ մեկ ժամ հետո։ Ես տանը չեմ եղել, երեխաներին վերցրել տարել են ոստիկանություն՝ աղջիկներիս ու թոռներիս։ Տարել ցուցմունք են ուզել։ Հետո ես գնացի ոստիկանություն, ասացի ես եմ արել, տարան երկու օր պահեցին, ցուցմունք տվեցի։ Խնձորը գցելուց հետո իմ ցավերից մեկը դուրս է եկել, բայց շատ ցավեր ունեմ»,-ասում է նա։

Ալբերտ Առուստամյանի փաստաբան Ռոման Երիցյանը դատարանում «Ազատության» հետ զրույցում ընդգծել է, որ խուլիգանությունն այն է, երբ դիտավորությամբ բացասական վերաբերմունք է դրսևորվում հասարակության հանդեպ՝ նրանց անդորրը խանգարելով. — «Վկան (Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցը) ցուցմունք տվեց, որ անգամ իրենց ծառայողական գործունեությունը չի խաթարվել, այսինքն՝ ոչ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Վկայի տված ցուցմունքից հետևում է, որ այդ գործողությունները ենթադրել են ընդամենը բողոքի ակցիա՝ քաղաքական դժգոհության արտահայտում»։

Հաջորդ դատական նիստը հունվարի 14-ին է։ Ալբերտ Առուստամյանն ասում է՝ ինչ պատիժ էլ սահմանեն՝ իր համար արդեն մեկ է, նա կորցրել է իր համար ամենակարևորը՝ հայրենիքը, տունը, հարազատների շիրիմները։ Նրան հանգիստ չի տալիս այն միտքը, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը իրեն ու հազարավոր արցախցիների ստել։ «Նիկոլ Փաշինյանը եկավ Ստեփանակերտ ու ասաց՝ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ հետո ասաց Արցախը Ադրբեջանի կազմում է։ Բանակը դուրս հանեցին, մնացինք մենակ։ Փաշինյանը մեզ ծախեց Ադրբեջանին»։

Ալբերտ Առուստամյանը ծանր օրեր է անցկացրել Ստեփանակերտում։ Նա Արցախից բռնի տեղահանված վերջին արցախցիներից է, այնտեղ է մնացել մինչև հոկտեմբերի 3-ը։

«Երեխաներին ուղարկեցի սեպտեմբերի 29-ին, ես որոշեցի մնալ ու օգնել մարդկանց։ Ծերանոցի տարեցիներին էին տեղահանում, ես օգնում էի, որ իրենք բարձրանան ավտոբուս։ Հասակով մարդիկ էին, հիվանդ, նրանց իրերն էի տեղավորում։ Ամեն օր գնում էի իմ տանը մնում էի, հետո գալիս օգնում էի իրենց»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան

Թեմային առնչվող այլ հոդվածներ

«Խնձորի գործով» տուժող չկա, սակայն իրավապահներն այդ արարքը որակել են որպես հանցագործություն

«Դեկտեմբերի 12-ին դատարանում «խնձորի գործով» ցուցմունք կտա Փաշինյանի թիկնապահը». փաստաբան Ռոման Երիցյան

«Տեղը հեռու էր, խնձորը գցեցի, բայց չեմ իմանում, կպավ-չկպավ»․ արցախցի ծերունին խնձոր նետելով է արտահայտել իր բողոքը

Pin It on Pinterest