«Ես որոշ էմոցիոնալ գնահատականներ եմ տվել, որը գուցե  ինչ-որ տեղ լարվածությունը մեծացրել է»,- NEWS.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։ Նա սկզբում հրաժարվել էր հանդիպել անհետ կորածների հարազատների հետ եւ մեկնաբանել, որ գուցե նրանք որոշակի շրջանակների հետ կապ ունեն:

Հիշեցնենք, որ Քոչարյանը հրաժարվել էր հանդիպել անետ կորած անձանց հարազատների հետ, բավականին կոպիտ ակնարկելով, որ նրանց ուղղորդում են ինչ-որ քաղաքական ուժեր եւ «իշխանության ձգտող հոգեորականներ»։

Անհետ կորած անձանց հարազատները արդեն մի քանի տարի է փորձում են պարզել, թե ի՞նչ է անում պետությունը իրենց որդիների ճակատագիրը պարզելու եւ նրանց՝ ողջ կամ մեռած վերադարձնելու համար։ Որոշ պատասխանատու անձինք նրանց հետ հանդիպում են, որոշները ցինիկ պատասխան են տալիս՝ մի երկու ամիս էլ թող գերության մեջ մնան, ոչինչ, մենք չենք կարող մի քանի տասնյակ մարդու համար ամբողջ երկիրը վտանգի տակ դնել եւ այլ։

Քաղաքական որոշ ուժեր փորձում են շահարկել հարցը, եւ դա բնական է։ Սակայն անհետ կորածների հարազատներըի հարցը չափազանց պարզ է եւ վերաբերում է պետության, կառավարության ուղիղ պարտավորություններին։ Այդ պարտավորություններից հնարավոր չէ հրաժարվել, ակնարկելով, որ անհետ կորածների հարազատները «այլ» քաղաքական հայացքներ ունեն։

Սակայն ներկայիս հայաստանյան կառավարության «բրենդը»՝ պետական պարտավորությունները քաղաքական կոնյունկտուրայի հետ սերտ կապելն է․ Արցախը չպաշտպանենք, որուհետեւ «ղարաբաղյան կլանը» «կերել է» Հայաստանը եւ այլ։

Անհետ կորածների նուրբ մարդկային հարցի «քաղաքական լոյալության» տեսանկյունից դիտարկելը իշխող կուսակցության կողմից՝ դրա վառ ապացույցն է։ Ալեն Սիմոնյանը, որը կարծես փորձեց հարթել Անդրանիկ Քոչարյանի արարքը, էլ ավելի խորացրեց խնդիրը, քանի որ այլ կերպ չի կարող։ Նա ոչ թե ասաց, որ մարդկանց քաղաքական հայացքները կապ չունեն իշխանության պարտականությունների հետ, այլ ակնարկեց, որ պարզել են՝ դիմողները «մաքուր են»։

Ալեն Սիմոնյանը սխալ որակեց Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը. «Ֆիքսեցինք, որ այս մարդիկ որևիցե քաղաքական ուժի հետ կապ չունեն, չգիտեմ՝ «Սրբազան պայքարի» հետ էին կապում: Նման բան չկա։ Այդ մարդիկ իրենց խնդիրն ունեն, որը հասկանալի է ու տեղին է, ու որևիցէ ձևով քաղաքականացնել ու քաղաքական ուժի հետ կապելը ամենասխալ բանն է»։

Սիմոնյանը հայտարարեց, որ խորհրդարանում այս հարցով լսումներ կլինեն։ Սակայն նրա հետ հանդիպած անհետ կորած անձանց հարազատները այդքան էլ գոհ չէին։

Պատերազմից չորս տարի անց դեռ 195 մարդ, այդ թվում՝ երկու տասնյակ խաղաղ բնակիչներ անհետ կորած են համարվում:

«Մենք այս տարիների ընթացքում այնքան բաներ ենք լսել, տարբեր խոստումներ։ Ոմանք իրականացվել են, ոմանք մնացել են օդի մեջ խոստումներ։ Հիմա դրա համար եկեք զերծ մնամ մեկնաբանություններից, հասկանանք, տեսնենք՝ այն, ինչ որ նոր ընթացիկում խոսվեց, որոշվեց, կկատարվի, թե ոչ», — ասաց 44-օրա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանը։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest