«Նիկոլ Փաշինյան եւ երեք նախագահներ» լեզվակռվից եւ իրար «ուղարկելուց» հետո պարզվեց, որ Փաշինյանը չի գնալու Սանկտ-Պետերբուրգ՝ ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ սպասվում էր նրա հանդիպումը Ալիեւի հետ եւ կարեւոր հայտարարություն։
Այն, ինչ պիտի հայտարարեին Փաշինյանն ու Ալիեւը, այսօր հնչեցրեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ենթակա է արձակման, եւ լավագույն տարբերակը՝ Երեւանի եւ Բաքվի համատեղ դիմումն է այդ մասին։
Արդյո՞ք դա էր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը քովիդի թեստ արեց։ Եւ արդյո՞ք Զախառովայի հայտարարությունը նշանակում է, որ ԵԱՀԿ մյուս համանախագահները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան համաձայն չեն եւ Փաշինյանին խորհուրդ են տվել չգնալ Պիտեր։
ԱՊՀ գագաթնաժողովից 3 օր առաջ Փաշինյանը հանկարծ հիշեց, որ 1994 թվականից հետո «բանակցությունները ընթանում էին Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու շուրջ»։ Նա նախկին երեք նախագահներին այս հարցով բանավեճի հրավիրեց, թեկուզ հասկանալի չէ, թե ինչ էր ակնկալում այդ բանավեճից։
Եթե Փաշինյանը ի սկզբանե համոզված էր, որ «Ղարաբաղը Ադրբեջանի մաս է», ստացվում է՝ նա նախկին երեք նախագահներին համարում է Արցախի «օկուպանտներ»։
Միաժամանակ Փաշինյանի հայտարարությունը՝ մեղադրանք է Մինսկի խմբի արեւմտյան համանախագահներին՝ «օկուպացիային սատարելու» համար։ Ի վերջո, 30 տարի բանակցությունները վարվում էին Մինսկի խմբի համանախագահների մանդատով, եւ երբեք ոչմի փաստաթղթում չի արձանագրվել, որ Հայաստանը «օկուպացրել» է Արցախը։
Սանկտ-Պետերբուրգի հնարավոր հանդիպումն ու հայտարարությունը, սակայն, ձախողվեցին, եւ Փաշինյանի թիմը ստիպված է «մաքրել» «Փաշինյան եւ երեք նախագահներ» փոխհրաձգության հետքերը։
Առաջին պլան մղվեց ՔՊ ֆրակցիայի ղեկավար Հայկ Կոնջորյանն, որի դեմքին իսպառ բացակայում էր ավանդական ինքնավստահությունը։
Աչքերը գետնից չբարձրացնելով, դատապարտված տեսքով Կոնջորյանը պատմեց, թե ինչպես էին սկզբից Արցախը Հայաստան համարում, իսկ հետո Ղարաբաղը՝ Ադրբեջան։ Պարզվում է, մի քանի գործոն կար՝ «երբ որ գետնի վրա կար նոր ստատուս քվո, երբ որ, ըստ էության, դաշնակցային պարտավորությունները, անվտանգության երաշխիք լինելու հանգամանքները սկսեցին չաշխատել»։
Հենց «գետնի վրա» վիճակը փոխվեց, հիշեցին, որ Ղարաբաղը երբեք էլ Հայաստան չի եղել։
Ավելին, Կոնջորյանը պատմեց, որ 2020 թ․ հետո նրանք հորդորում էին Արցախի իշխանություններին «գիտակցել, հասկանալ գլոբալ փոփոխությունների ընթացքը»: Կոնջորյանը համարում է, որ ԼՂ ղեկավարները, «տեղյակ լինելով՝ պիտի որոշակի արձագանք ցուցաբերեին, բայց արձագանքը մենք տեսել ենք, թե որն է եղել: Իրենց պատգամավորները, խորհրդարանը հայտարարություններ էին անում, մեզ ներկայացնում էին որպես պարտվողական: Երբ որ կար հնարավորություն, որպեսզի իրենք գնան և տարբեր հարթակներում խոսեն Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրենք այդ ժամանակ չգնացին, որովհետև նրանց թույլ չտվեցին»:
Ինչի՞ մասին պետք է նրանք խոսեին՝ ինչպե՞ս «ինտեգրվե՞ն» Ադրբեջանին, թե՞ պայմանավորվեյին ցեղասպանության ծավալների մասին, Կոնջորյանը չասեց։
Կարեորը՝ «օկուպացիայի մեղավորների» ցուցակը կազմվեց․ երեք նախագահներ, ԵԱՀԿ Մինսկի խումբ, Արցախի ղեկավարություն եւ ժողովուրդ։
Նաիրա Հայրումյան