Քննչական կոմիտեն ցանկացել է կալանավորված տեսնել ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառներին, սակայն, դատարանը մերժել է նախաքննական մարմնի միջոնորդությունը։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց մասավաճառների պաշտպան Գևորգ Խաչատրյանը։

«Գործով այժմ երկու մեղադրյալ կա։  Նրանց նկատմամբ կիրառվել է այլընտրանքային խափանման միջով՝ վարչական վերահսկողություն։ Մսավաճառները մեղադրվում են խուլիգանության և իրավապահ մարմնի աշխատակցին պատկանող գույքը վնասելու համար»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 13 -ին, միջադեպ էր տեղի ունեցել ԳՈՒՄ-ի շուկայի մոտ։ Ոստիկանները ՍԱՏՄ աշխատակիցների հետ փորձել էին կանխել ոչ սպոնդանոցային պայմաններում մորթված մսեղենի վաճառքը։ Մսավաճառները փորձել էին կանխել միս առգրավում՝ հիմնավորելով, որ իրենց համայնքերում սպանդանոցներ գոյություն չունեն։ Ոստիկանների և մսավաճառների միջև վիճաբանություն էր սկսվել։ Ըստ հրապարակված տեսանյութերի՝ ոստիկանները բռնություն են կիրառել մսավաճառների նկատմամբ։ Օրինակ կադրերից մեկում արձանագրվում է, թե ինչպես է կարմիր բերետավորը երկու ձեռքով սեղում մսավաճառի պարանոցը և նրան քարշ տալիս՝ բերման ենթարկելու համար նախատեսված ավտոմեքենա։

Փաստաբան Գևորգ Խաչատրայնը Forrights.am-ի հետ զրույցում նշում է, որ Քննչական կոմիտեն անհամարժեք մեղադրանք է առաջադրել մսավաճառներին։

«Իհարկե սա համարժեք հոդված չէ։ Կա լրագրողական տեսանյութեր, որտեղ հստակ ամեն ինչ ներկայացված է՝ ինչպես է դեպքը տեղի ունեցել։ Իմ պաշտպանյալներին մեղսագրվող արարքը և իրական, թե իրենք ինչ են արել։ Նույնիկս նախաքննական մարմինը չի կարողանում հստակ մատնանշել, թե մեկը մյուսի ո՞ր գործողությունն է լրացրել, երբ նրանք իրար չեն ճանաչել։ Մեկը եղել է մեքենայի կողքը, մյուսը՝ դիմացի հատվածում։ Ի՞նչ են արել իրենք, որ հասարակական կարգը խախտել են։ Ավելին ասեմ՝ ՔԿ-ն մատնանշում է անձի, որ իբր գույքը վնասել է, բայց սխալ մարդու է ցույց տալիս տեսանյութում։ Ուրիշ անձի գործողությունները վերագրել է իմ պաշտպանյալին»,-ասաց նա։

Այդ օրը մսավաճառների ուղղությամբ ոստիկաններն արցունքաբեր գազ էին կիրառել։ Սա աննախադեպ է այն առումով, որ առաջին անգամ է սոցալական բնույթի բողոքի ակցիայի ժամանակ նման միջոց կիրառվում։ Փաստաբանը նշեց, որ այս մասով հանցագործության մասին հաղորդում են ներկայացնելու։

«Արցունքաբեր գազ կիրառելու մասով պատրաստվում ենք հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, քանի որ այն գործողությունները, որ ոստիկանությունն է կիրառել՝ համարժեք չեն։ Արցունքաբեր գազ կիրառվում է այն ժամանակ, երբ կա ինչ-որ գործողություն, որը համարժեք չէ այդ պահին ոստիկանության քանակին և հասարակական կարգի ապահովման մասով այլ գործողություն չկա անելու։ Բոլորն էլ տեսել են, թե մսավաճառներն ինչ են արել, որ մի հատ էլ արցունքաբեր գազ են կիրառել, դրա պատասխանը պետք է ոստիկանները տան։ Իրենք ունեն մի դիժուռնի ոստիկան, որը գալիս է կոնկրետ մարդկանց վրա ցուցմունք է տալիս, թե ինքը տեսել է, որ մարդիկ նման բան են անում, բայց տեսանյութերում դա չկա։

Առերեսումը խախտումներով է եղել։ ՔԿ-ն կարգավիճակ չունեցող անձանց ուղարդել է, որպեսզի իրենք քննչական գործողություններին հանդես չգան փաստաբանով։ Եղել են այդ մարդիկ, ոստիկանները և քննիչը։ Ինչ ցուցմունքեր իրենց պետք է եղել, այդպես էլ ձևակերպել են։ Եկել է մի հերթապահ ոստիկան, ասել է՝ տեսել եմ, որ այս մարդը նման գործողություն է արել, բայց տեսանյութում դա չկա։ Առերեսումն է միայն հիմք եղել, որ այդ մարդկանց առնչվող քրեական վարույթ է հարուցվել։ Այն տեսանյութերը, որոնք բոլորս տեսել ենք, թե մսի վաճառքի վայրում ինչ է եղել, քննիչը մեկնաբանել է միայն ոստիկանների ասածով, այլ ապացույցներ ձեռք չի բերել»,-ասաց փաստաբանը։

Նարեկ Կիրակոսյան

 

Pin It on Pinterest