Արցախից բռնի Հայաստան տեղահանված Արա Օհանյանը Forrights.am-ի հետ զրույցում պնդում է՝ ծեծի է ենթարկվել ոստիկանության Չարենցավանի բաժնում՝ ոստիկանության ծառայողների կողմից։ Արա Օհանյանը Մարտունի քաղաքից է, 44-օրյա պատերազմի մասնակից։
Նրան բռնության է ենթարկել նաև բաժնի պետի տեղակալը։ Մինչ այս՝ նոյեմբերի 28-ին, ըստ Արա Օհանյանի, գողության դեպք է տեղի ունեցել իր աշխատավայրում։
«Ես և կնոջս եղբայրն աշխատում ենք Չարենցավանի երկաթի ձուլարանում: Նոյեմբերի 28-ին՝ ժամը 07:30-ին գնացել ենք աշխատանքի, հանձերձարանում փոխվել ենք, գնացել ենք մեր աշխատանքին, վերադարձել ենք չորսին։ Մտել ենք հանդերձարան, տեսել եմ, որ կնոջս եղբայրը բարձր ձայնով խոսում է, ասում եմ ի՞նչ է եղել, ասաց՝ շղթաս գողացել են»,-Forrightsa.am-ի հետ զրույցում պատմեց Արան՝ նշելով, որ փորձել է գործընկերների շրջանում ներկայացնել աներորդու սոցիալական վիճակը, որ շղթան վերադարձնեն։ Նա տեսնելով, որ արձագանք չի եղել առաջարկել է դրամահավաք կազմակերպել՝ կամավոր, ով ինչով կարող է օգնի երիտասարդին։
«Մինչև դեկտեմբերի 4-ը որևէ արձագանք չեղավ։ Կնոջս եղբայրը որոշեց, որ պետք է դիմենք ոստիկանությանը։ Գնացինք ոստիկանություն, հաղորդում տվեցինք։ Ես դրսում ծխում էի, ներս եկա, մի ոստիկան ինձ կանչեց մի սենցակ՝ վեց-յոթ ոստիկան կար։ Հարցրեց՝ դու շղթայից տեղյակ ես, ասացի՝ չէ, հարցրեց՝ բա խի ես դրամահավաք կազմակերպել, ասացի, որ զուտ մարդու սոցիալական վիճակից ելնելով, կոլեկտիվին նման առաջարկ է եղել, ոչ մեկին պարտադրանք չի եղել։ Նրանք պնդում էին, որ եթե դրամահավաքի առաջարկը ես եմ արել, ուրեմն ես էլ գողացել եմ։ Ասում է՝ ձեր երկուսի ձեռքի գործն է, վիզ վեկալ, ասացի, որ ես իմ չարած բանի համար վիզ չեմ վերցնի»,-պատմում է Արան ու նշում, որ ֆիզիկական բռնությունները իր նկատմամբ սկսվել են այն բանից հետո, երբ չի ընդունել ոստիկանների՝ մեղքը իր վրա վերցնելու պայմանը։
«Մի կյաժ ոստիկան էր, խփեց ու սենյակից դուրս եկավ։ Հետո մի Սամո անունով ոստիկան մոտեցավ, հարցրեց՝ հաստա՞տ դու չես վերցրել, պատասխանեցի՝ հա, բռնուցքով խփեց որովայնիս։ Ես այդ ժամանակ ասացի, որ առողջական լուրջ խնդիրներ ունեմ, ինքն էլ ասաց, որ այդպես ես ասում, որ չխփեմ ու երկրորդ անգամ խփեց։ Աջ կողմս լրիվ թուլացավ։ Մազերիցս քաշում էր, ասում էր գլուխդ վերև հանի, տղա՞ չես։ Ասում եմ ցավեր ունեմ, ինձ լավ չեմ զգում։ Իրեն հանեցին սենյակից, հետո պետի տեղակալն եկավ՝ Իսկանդարյան Արթուրը, բոլորը ոտքի կանգնեցին, ինձ ասում է՝ դու խի ոտքի չես կանգում, ես էլ կանգնեցի։ Բոլորը դուրս եկան, Արթուրն ինձ ասում է՝ ամեն ինչ կանեմ, որ ոչ մեկ չի իմանա, վիզ վեկալ, որ դու ես արել, էս գործը փակենք, գնանք։ Էլի ասացի, որ ես չեմ վերցրել, մի հատ էլ ինքը խփեց ու դուրս եկավ, ասաց՝ սրանով զբաղվեք։ Մի մայոր ներս եկավ անունը Արմեն ու մի ոստիկան»,-պատմում է Արան և նշում լյարդի խնդիրներն այնքան էին ուժգնացել, որ ներս մտած ոստիկանին խնդրել է որևէ մեկի միջոցով տնից դեղերը բերեն ոստիկանություն։
«Մոտս արդեն ցնցումներ է, կծկվում էի։ Ես լյարդի խնդիրներ ունեմ, որ խփում էին այդ հատվածին ցնցումների մեջ էի ընկել։ Կնոջս եղբայրն է ինձ ոտքի հանել, որ դուրս գամ սենյակից, բայց այնքան վատացա, որ գրկեցին դրեցին կողքի սենյակի բազմոցին։ Հետո եղբայրս եկավ՝ ասաց էս ոնց եք հարցաքննում, էս ինչ վիճակ է, մի հատ շտապօգնություն կանչեք, ոստիկաններն ասացին՝ առաջարկել ենք, չի ուզել, բայց ինչ ոչ մեկ նման բան չի ասել։ Ինձ գրկած հանեցին դուրս ոստիկանությունից, ասում էի տարեք տուն տղուս տենամ, բայց տարան հիվանդանոց»,-ասում է նա նշելով, որ ոստիկանությունում է մնացել հինգից-վեց ժամ, չի փորձել դիմադրել հարվածների ժամանակ, քանի որ մտավախություն է ունեցել, որ դրանից հետո արդեն բոլորը կհարվածեն իրեն։
Արա Օհանյանի փոխանցմամբ՝ երբ Չարենցավանի հիվանդանոցում տեղեկացել են իր խնդիրների մասին խորհուրդ են տվել անմիջապես տեղափոխել Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ բուժում է ստացել հինգ օր։ Չնայած բռնությունների հետևանքով իր ծանր վիճակին, Արան պնդում է, որ ոստիկանությունը հետ չի կանգնել մտադրությունից։ «Կանչել են կնոջս եղբորն ու ասել են, որ ինձ համոզի, որ իմ վրա վերցնեմ մեղքը կամ ուրիշ մեկին գտնեն, որ ինքը համաձայնիվ, որ գործը փակեն»։
Առողջական խնդիրներ ունեցող Արա Օհանյանն ասում է, որ ոստիկանության բռնություններից հետո անաշխատունակ է դարձել։ «Ցավերից արդեն չեմ կարողանում տղայիս էլ գրկել, մոտս նյարդային վիճակ է, ինչ ուտում եմ հետ եմ տալիս, դեղերի վրա եմ նստած, այն էլ չի ճարվում ՀՀ-ում այդ դեղերի մի մասը։ Աշխատանքի չեմ կարողանում գնալ այս վիճակով»,-ասաց նա՝ նշելով, որ հիվանդանոցում չի ասել, որ ոստիկաններ են ծեծել, քանի որ բաժնում իրեն ասել են՝ կասես ընկել ես, նույնն էլ նա կրկնել է հիվանդանոցում, բայց հետո, քանի որ վիճակը վատացել է, բացահայտել է իր իսկ պնդմամբ իրականությունը։
Արա Օհանյանը տուժողի կարգավիճակ ունի։ Այս մասին Forrights.am-ի հետ զրույցում ասաց տուժող Արա Օհանյանի ներկայացուցիչ Ռոման Երիցյանը։ «Արան մեկ անգամ հարցաքննվել է, իսկ ոստիկանների հարցաքննության մասին տեղեկություններ չկան»,-ասաց նա։
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ Արա Օհանյանի ահազանգից հետո ՆԳ նախարարի հանձնարարությամբ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, ինչի շրջանակում օպերատիվորեն պարզվել են որոշ հանգամանքներ։
«Պարզվել է, որ դեկտեմբերի 5-ին «Միքայելյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության դիմած վերոհիշյալ տղամարդը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Չարենցավան քաղաքի զբոսայգում ընկնելու հետեւանքով։ Տղամարդն իր բացատրության մեջ հաստատել է ոստիկանների կողմից բռնության ենթարկվելը: Միաժամանակ, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողներն իրենց բացատրություններով հերքել են նրա նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքը։ ՆԳՆ ներքին անվտանգության եւ հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ ձեռք են բերված փաստաթղթերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն»,-ասաց մամուլի խոսնակը:
ՔԿ-ից էլ Forrights.am-ին տեղեկացրեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՔՕ 450-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (մի խումբ անձանց կողմից խոշտանգման հոդվածով) մեկ անձ ճանաչվել է տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությունը շարունակվում է:
Նարեկ Կիրակոսյան
Մանրամասները՝ տեսանյութում
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։