Մարտունեցի Լիլիա Ավանեսյանը Արցախի շրջափակման ժամանակ՝ 2023-ի փետրվարին ստիպված է եղել որդուն Կարմիր խաչի միջոցով տեղափոխել Երեւան՝ շտապ վիրահատության։ Հայրենիք վերադառնալ նա այլեւ չի կարողացել։  Ամիսներ շարունակ հաշմանդամություն ունեցող իր որդու եւ ամուսնու հետ Լիլիան ապրել է տարբեր վարձակալած բնակարաններում, սակայն երեք ամիս առաջ ստիպված է եղել բնակություն հաստատել  ուսանողական հանրակացարանում, ինչից հետո ընտանիքը զրկվել է պետական ամենամսյա ֆինանսական աջակցությունից։

«Տղաս վիրավորվել է 2020-ի հոկտեմբերի 15-ին Ֆիզուլիում՝ հարձակվողական մարտում Ողնաշարի կոտրվածք ունի, ողնուղեղի վնասվածք ունի ու մի շարք այլ խնդիրներ։ Վերջին վիրահատությունը եղել է այս տարվա նոյեմբերի 14-ին։ Այդ վիրահատությունը 11-րդն էր։ Բոլորը տարբեր խնդիրների հետ կապված են եղել։  Մեկը երիկամի, մյուսը աղիների եւ այդպես շարունակ։ Պատերազմի ավարտից հետո տղաս մեկ-երկու ամսով Զինվորի տանն էր մնում, մենք Երեւանում տուն էինք վարձում ու նույնպես մնում էինք այստեղ։ Երբ տղաս դուրս էր գրվում, հետ էինք գնում Արցախ»,-պատմում է պատերազմում հրաշքով ողջ մնացած զինվորի մայրը։

Հիշելով 2023-ը, տիկին Լիլիան նշում է, որ ամռանը որդին իրեն համեմատաբար լավ էր զգում եւ իրենք Երեւանից հետ էին գնացել Արցախ. «Ամռանը հետ գնացինք, մեր տունը ավիրված էր, կամաց-կամաց սարքում էինք,։ Հետո սկսվեց շրջափակումը եւ շատ խնդիրներ առաջացան։  Փետրվարին տղայիս վիճակը կտրուկ վատացավ ու պետք է շտապ հասնեինք Երեւան։ Մեծ դժվարությամբ փետրվարի 16-ին Կարմիր Խաչի օգնությամբ տեղափոխվեցինք Հայաստան ու ստիպված ենք եղել այստեղ մնալ»։

Կնոջ խոսքով, այդ պահին որդուն Երեւան ուղեկցելիս ինքը չէր կարող պատկերացնել, որ այլեւս չի տեսնելու Արցախն ու իր տունը։

«Սկզբում Երեւանում մի հյուրանոցում էինք մնում, բայց կամաց-կամաց այդ կացարանները փակվեցին, մեզ ասացին, որ պետք է հեռանանք, ապրելու այլ տեղ գտնենք։ Գնացել ենք այն տունը, որտեղ նախկինում մնում էինք ու 150 հազար դրամ էինք տալիս, բայց սարքեցին 280 հազար։ Չորս ամիս այնտեղ մնալուց հետո մեկ այլ տանն ենք մնացել՝ 200 հազարով։ Մենք դե երեք հոգով ենք, այսինքն պետության տված գումարին միշտ ավելացրել ենք, դա երբեք չի բավարարել։ Երեք ամիս առաջ տեղափոխվեցինք հանրակացարան, իմացանք, որ ազատ սենյակ կա։

Երկու ամիս մեր գումարները չէին փոխանցում, որ զանգում էինք՝ ասում էին, թե ուր որ է կփոխանցեն, բայց երբ մի անգամ էլ զանգեցինք, ասացին, որ ապրում ենք հանրակացարանում, ձեր գումարները կտրվել ենք»,- ասում է տիկին Լիլիան եւ նշում, որ ինքը պահում է բոլոր կտրոնները, որտեղ երեւում է, որ որդին ամսական 70-80 հազար դրամ եւ ավել դեղերի կարիք ունի, ինչը հիմնականում արվում էր հենց պետական աջակցության գումարով։

Թե ինչքան դեռ կապրեն հանրակացարանում եւ ինչպես կհոգան իրենց կարիքները, կինը չգիտի։ Նա աշխատել չի կարող, քանի որ խնամում է որդուն, ամուսինը նույնպես հաշմանդամություն ունի, եւ ընտանիքն ապրում է փոքրիկ նպաստներով։

Մեր հարցին, թե ինչ է մտածում բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային ծրագրից մասին եւ արդյոք իր ընտանիքը չի կարող օգտվել դրանից, տիկին Լիլիան ասաց, որ քանի որ իրենց ընտանիքում ընդամենը երեք հոգի են, իրենց միայն 9 մլն դրամ է հասնում, որով ուղղակի անհնար է տուն գնել, իսկ եթե անգամ հնարավոր լինի մի հեռավոր բնակավայրում տուն գտնել, իրենք հեռու տեղափոխվել չեն կարող, քանի որ որդին անընդհատ բուժօգնության կարիք է զգում.«Նա անընդհատ բժշկական հաստատություններ պետք է գնա, բուժումներ ստանա Երեւանում։ Այդ պատճառով նա չի կարող գնալ հեռավոր գյուղում ապրելու»։

Անի Գևորգյան

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Գեւորգյանը լրագրող է, լուսանկարիչ, Խոսքի ազատության մրցանակի դափնեկիր։ Մասնակցել է լուսանկարչական ցուցահանդեսների ՄԱԿ-ի կենտրոնակայանում (Նյու Յորք) եւ ժնեւյան գրասենյակում, Եվրոպայի պալատում (Ստրասբուրգ), Փարիզում, Հռոմում, Բեռլինում, Վիեննայում եւ այլուր։

Pin It on Pinterest