2023 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվի բանտում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանի իրավական պաշտպանության վերջին հայտարարությունը, թե իրեն ցմահ ազատազրկում սպառնացող 45 կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, խորապես մտահոգիչ է։ Այս մասին հայտարարություն է տարածել «Մենք ենք մեր սարերը», Զարգացման գործակալություն» ՀԿ-ն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ալիևի ռեժիմի կողմից Ռուբեն Վարդանյանին առաջադրված մեղադրանքը հստակ քաղաքական ֆարս է, որի նպատակն է ոչ միայն հեղինակազրկել Ռուբեն Վարդանյանին, այլև միջազգային ուշադրությունը շեղել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի հանցագործություններից։

Ռուբեն Վարդանյանի ողջ գործունեությունն Արցախում ուղղված էր Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ հայտնված, սովի, դաժան զրկանքների, էթնիկ զտումների և ռազմական ագրեսիայի ենթարկված բնակչության կենսական կարիքների լուծմանը։ Աջակցությունը ներառում էր սննդի մատակարարում, առողջական խնդիրների և այլ հիմնական կարիքների անհապաղ լուծումներ, ինչի մասին վկայում են «Մենք ենք մեր սարերը» կազմակերպության կողմից Արցախում իրականացվող ծրագրերը։

Միջազգային հանրությունը չպետք է լռի մարդու իրավունքների նման կոպիտ խախտումների առջև։ Ալիևի ռեժիմի այս բացահայտ հարձակումը ուղղված է ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, այլև արդարության, միջազգային իրավունքի, միջազգային պայմանագրերով ու կոնվենցիաներով ամրագրված հիմնարար իրավունքների ու ազատությունների դեմ։

Հրամայական է, որ ժողովրդավարական աշխարհը վճռական քայլեր ձեռնարկի արդար դատավարություն, միջազգային դիտորդների ներկայություն և դատական գործընթացի լիարժեք թափանցիկություն ապահովելու համար։

Կոչ ենք անում նաև Հայաստանի և ամբողջ աշխարհի քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին ու պետություններին խստորեն դատապարտել Ռուբեն Վարդանյանի ապօրինի ազտազրկումը և իրենց աջակցությունը հայտնել նրան և Բաքվում պահվող բոլոր հայ բանտարկյալներին։

Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, երբ նրա ամենահայտնի մարդասերներից մեկը հետապնդվում է արդարության և արժանապատվության պայքարի համար:

Pin It on Pinterest