Forrights.am-ին է ահազանգել 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Սամվել Արշակյանը և նշել, որ ոստիկանության ծառայողների կողմից բռնության է նեթարկվել դեկտեմբերի 16-ին։ Նա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում զբաղվում է միրգ-բանջարեղենի բացօթյա առևտրով։ Երեկ համայնքային պաշտոնյաները եկել ու առգրավել են Սամվելի ապրանքը, որից հետո, ըստ իր պնդումների, ոստիկանության երկու ծառայող իրեն բռնության է ենթարկել։
«Ես արդեն 15 տարի է այստեղ (Բաբաջանյան փողոցի Զովք սուպերմարկետի դիմացի մայթին) առևտուր եմ անում, ոչ մեկին չեմ խանգարում։ Երեկ ժամը 2:30 հավաքվում էի գնայի տուն, առևտուր չկար, մեկ էլ այդ պահին մի 70 հոգի՝ քաղաքապետարանի, թաղապետարանի աշխատակիցներով, ոստիկաններով լցվան վրես։ Տեսնեմ ամեն մեկը մի հատ յաշիկ է վերցրել, վազում է, ասում են՝ քաղաքապետարանից ենք առգրավում ենք։ Մի 100 հազար դրամի ապրանք են տարել»,-ներկայացրեց Սամվել Արշակյանը՝ նշելով, որ երբ ապրանքն առգրավել են, ինքն ու կինը բարձր տոնով են սկսել խոսել առգրավվողների հետ, ինչին ի պատասխան ոստիակնությունը սկսել է վիրավորել Սամվելի կնոջը։
Ոստիկանությունն ապրանքս տանում էր, տոնս բարձրացրեցի, իրենք տանում էին դրան, որ տոնս բարձրացնեմ, որ միանգամից ջարդեն։ Մեկ էլ ոստիկաններից մեկը կնոջս մասին ասաց՝ լրբին ասա, թող ձենը կտրի, ասացի լիրբը քո կինն է։ Ինձ ասաց՝ արա էդ ձենդ բարձրացնում ես, ասացի դու ես ստիպում, մեկ էլ, թե բա սրան բերման ենթարկեք»,-ասում է Սամվելը և հավաստիացնում, թե իրեն նստեցրել են ոստիկաններին պատկանող քաղաքացիական ավտոմեքենան ու հայհոյանքերով ուղորդվող ծեծի ենթարկել։
«Միանգամից գլուխս կախեցին, ոնց հանցագործներին են անում, որ զենք է լինում մոտները կամ թմրանյութ։ Տարան քցեցին բորդյուրի վրա, հետո մտցրեցին ավտոն, նստեցրեցին հետևը։ Ով նստել էր կողքս գլուխս կոխել էր նստարանի արանքը, ծնկներով հելել էր վրաս։ Օպել մակնիշի ավտոմեքենա էր, բայց իրենք համազգեստով էին։ Մտցրեցին ավտոն ու իմ հետ ամենավերջին քֆուրներով խոսեցին։ Մինչ ոստիկանության Շահումյանի բաժին (Մալաթիայի բաժին) իմ գլուխը նստարանի արանքն է եղել, մեկն ասաց՝ հերիք է խփես, խփողն ասաց՝ մեկ է սա բողոքելու է։ Քֆուրներով խփում էր՝ կբողեքես, ինչ կանես, տունդ սենց կանեմ։ Ասում եմ բերանս չորացել ա, թող շնչեմ, ասում ա՝ սրա տունը մեր տնից լավն ա ու խփում է։ Երկու հոգով էին խփում»,-ասաց Սամվել Արշակյանը՝ նշելով, որ ոստիկաններին, որոնք չեն ներկայացել, հայտնել է, թե աչքերի հետ կապված խնդիր ունի, երբ դա լսել են, ըստ քաղաքացու, խփել էլ են աչքերին։
«Էն մեկն էլ ասաց նայի ինձ, քֆուր կերավ, որ չի խփի, նայեցի՝ երկու անգամ ձեռքով խփեց աչքերիս»,-ասում է նա ու ցուց է տալիս մարմնի կապտուկները, որոնք պնդում է, թե ոստիկանների հարվածների հետևանքով են եղել։
Սամվել Արշակյանը նշում է՝ չգիտի, թե ո՞ւմ դիմի, որ իր իրավունքերը պաշտպանի։ Նշում է՝ ոստիկանության բաժնում ևս բռնության է ենթարկվել։ «Այդ նույն ոստիկանները նաև բաժնում էին խփում ինձ, ասում է, որ պետք է բողոքես սա էլ կեր ու խփում է։ Ինձ ասում է՝ շլվարս բացեմ, միլիցուն տենաս, պաչես։ Ոստիկ»անությունում դու իրենց համար մարդ չես, ինձ ասում էին չոքած մնա, սա քո տունը չէ,-ասաց նա։
Դեպքի առնչությամբ ահազանգ է եղել ՄԻՊ գրասենյակ։ Forrights.am-ին կառույցից հայտնեցին, որ «դեկտեմբերի 16-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին է զանգահարել Սամվել Արշակյանի մայրը և հայտնել, որ որդին ձերբակալվել է՝ խնդրելով ճշտել որդու գտնվելու վայրը։ Նշել է նաև, որ նախքան ձերբակալվելը տեղում ոստիկանների կողմից ուժ է գործադրվել որդու նկատմամբ։ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչը ճշտել է Սամվել Արշակյանի գտնվելու վայրը։ Բացի այդ, Ոստիկանության բաժնի ներկայացուցչի կողմից պարզաբանում է ներկայացվել այն մասին, որ Սամվել Արշակյանը վարչական ձերբակալման է ենթարկվել Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար, և անհրաժեշտ վարչարարությունն իրականացվելուց հետո, բայց ոչ ուշ՝ քան փաստացի ազատությունից զրկվելուց հետո երեք ժամվա ընթացքում, անմիջապես ազատ կարձակվի։ միաժամանակ առաջարկվել է Ոստիկանության ծառայողների ենթադրյալ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ գրավոր բողոք հասցեագրել Պաշտպանին»։
ՆԳՆ-ից էլ հայտնեցին․ «Քաղաքացու ահազանգը ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից ուսումնասիրվել է և բռնության դեպքեր չեն արձանագրվել, թե բաժնի ներսում, թե դրսում գտնվող տեսախցիկներում»։
Նկատենք, սակայն, որ քաղաքացու ահազանգն այն մասին է, որ իրեն ծեծի են ենթարկել ոստիկանության ճանապարհին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: