Ինչպես Forrights-ին ավելի վաղ տեղեկացրել էր Ռոման Երիցյանը, Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի, երկրորդ խմբի հաշմանդամ Ալբերտ Առստամյանի գործը դատարանում է։ Նրա դեմ առաջադրվել է մեղադրանք և եզրակացությունը ուղարկվել դատարան։ Վերջին դատական նիստը կայացել է դեկտեմբերի 12-ին՝ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում։
Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Մեղադրվողը չի հերքել և ընդունել է, որ հենց ինքն է նետել խնձորը, բայց չի ընդունում իր այդ արարքի որակումը որպես խուլիգանություն, այլ որպես բողոքի ակցիա։
Դեկտեմբերի 12-ին կայացած դռնբաց դատական նիստի ժամանակ 71-ամյա տղամարդը ցուցմունք է տվել և բացատրել այդ կերպ վարվելու շարժառիթը։ Նրա խոսքով՝ այս տարվա ամռան մի օր հարազատներով նշել էին հանգուցյալ մոր ծննդյան օրն ու հիշել, որ նրա շիրիմը մնացել է Արցախում։ Հետո հեռուստացույցով տեսել է, որ Նիկոլ Փաշինյանը խաշլամա է ուտում, ջղայնացել է և տնեցիներին փոխել տվել ալիքը ու դուրս եկել ծխելու։ Հենց այդ պահին տեսել է, որ Փաշինյանն իր պահակախմբի հետ կանգնած է իրենց փողոցում, վերցրել է խնձորը և նետել նրա ուղղությամբ։
Ալբերտ Առստամյանը դատավորին բացատրեց, որ այդպես իր բողոքն է արտահայտել ընդօրինակելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Նույն այդ օրերին եվրոպամետներն էին բողոքել Բելառուսի դեսպանատան առջև՝ կարտոֆիլ, ձու և լոլիկ նետել շենքի վրա։
«Բա մեր տանը ոչ մի բան չկա ուտելու, հեռուստացույցով նայում ես, ինքը խաշլամա է ուտում, հեծանիվ է քշում։ Ջղայնացել էի։ Ու հիմա էլ եմ ջղայնացած։ Ամեն ինչ թողել եմ, եկել այստեղ։ Ինքն եկել է Ստեփանակերտ և հրապարակում՝ ինձնից 3մ հեռավորության վրա, ասել՝ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, հետո եկել եմ ստեղ, մեկ էլ ասումա՝ Ղարաբաղը Ադրբեջան է՝ վերջ։ Խնձորը նետելը բողոք էր, որ ինքը ճիշտ չի եղել մեր՝ ղարաբաղցիների հանդեպ, ես ուզում էի դա ասել։ Ինքը ստեղ լիներ՝ ուղիղ երեսին էլ կասեի», — դատարանում ասաց Ալբերտ Առստամյանը։
«Խնձորի գործով» տուժող չկա, սակայն իրավապահներն այդ արարքը որակել են որպես հանցագործություն։
«Համարել ենք, դրա համար մեղադրանք է առաջադրվել», — դատական նիստից հետո «Ազատության» -ը տեղեկացրել էր դատախազ Եսայի Աբովյանը։
Փաստաբան Ռոման Երիցյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ խուլիգանությունն այն է, երբ դիտավորությամբ բացասական վերաբերմունք է դրսևորվում հասարակության հանդեպ՝ նրանց անդորրը խանգարելով. — «Վկան ցուցմունք տվեց, որ անգամ իրենց ծառայողական գործունեությունը չի խաթարվել, այսինքն՝ ոչ մեկը դրա վրա ուշադրություն չի դարձրել։ Վկայի տված ցուցմունքից հետևում է, որ այդ գործողությունները ենթադրել են ընդամենը բողոքի ակցիա՝ քաղաքական դժգոհության արտահայտում»։
Փաստաբանը Ալբերտ Առստամյանի քրեական հետապնդումը որակեց խտրական, հիշեցնելով նմանատիպ դեպքեր, երբ Խորհրդարանի խոսնակը թքել էր քաղաքացու վրա ու իրավապահները դա հանցագործություն չեն որակել։ Այս ամենից հետևում է, որ պաշտոնյաները կարող են նման արարք թույլ տալ իրենց, մնալ անպատիժ, բայց երբ քաղաքացին իր վրդովմունքն է հայտնում, դառնում է ամբաստանյալ։
Դատարանում ցուցմունք տված վկայի՝ Պետական պահպանության ծառայության աշխատակից Գրիգոր Մանուկյանի խոսքով՝ ինքը տեսել է կարմիր գույնի խնձոր, որ նետել են վերևի հարկերից մեկից, ինչը քաղաքացու մեքենային է դիպել, իրենցից մի քանի մետր հեռավորության վրա, բայց դրանից իրենց գործառույթները չեն խաթարվել։
Ըստ քրեական գործի, խնձորից ոչ ոք չի տուժել, այն դիպել է բակում կայանած մեքենային։
Սակայն իրավապահներն Ալբերտ Առստամյանի այս բողոքի ակցիան որակել են խուլիգանություն, որ դրևսորվել է հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունքով, հայհոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով: Այդ հոդվածով նախատեսված է առավելագույնը 2 տարվա ազատազրկում։
«Խնձորի գործով» հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2025թ. հունվարի 14-ին։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 շենքի մոտ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հորաքրոջն ու դստերը տեսակցելուց հետո, երբ շենքի բակ էր դուրս եկել, հանկարծ դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել նրա ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։ Իրավապահներն անմիջապես խուզարկել են Ռուբինյանց 2/2 շենքը։ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանին ձերբակալել են, իսկ ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։
Զառա Մայիլյան