Factor.am Երևանի ԳՈՒՄ-ի շուկայում վաղ առավոտից լարված իրավիճակ է։ ՍԱՏՄ ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ այցելել են մսավաճառներին՝ վերահսկողություն իրականացնելու նպատակով։ Նրանք փորձեցին առգրավել վաճառվող միսը` հիմնավորելով, որ այն վաճառվում է նորմերի խախտումներով, բաց վիճակում, առանց համապատասխան թույլտվության։
Մսավաճառներից մեկն ասաց, որ ինքը Արարատի մարզի Վեդի քաղաքից է։ «Մի ցուլիկ էի մորթել, որ այսօր վաճառեմ, եկան տարան, 4 անչափահաս երեխա ունեմ, հիմա տարել են, որ վառեն, բա ես բանկերին ի՞նչ պատասխանեմ։ Վաղը, որ եկան ինձ տնից հանին, ես ինչ պատասխանեմ»։ Նա նշեց, որ մորթ իրականացնելու պայմաններ չունեն քաղաքում։ Մյուսն էլ հավելեց, որ ինքն ապրում է Շիրակի մարզում, այնտեղ ևս սպանդանոցային մորթ իրականացնելու պայմաններ չկան։
Առևտրական տղամարդկանցից մեկը նույնիսկ ինքնահրկիզման փորձ արեց, որը կանխվեց։ «Ավելի լավ ա` ինձ վառեմ, քան էս միսն իմ ձեռքից տանեն»,- ասաց նա։
Իրավիճակը այնքան լարված էր, որ տարածքում նաև կարմիր բերետավորներ էին բերվել: Հրապարակված տեսանյութերից մեկում Factor.am-ն արձանագրեց, թե ինչպես են հինգ ոստիկաններ քաշքշում մսավաճառներից մեկին։ Կարմիր բերետավորը ձեռքերով սեղմում էր քաղաքացու պարանոցը և քարշ տալիս։
Factor.am-ը տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում է խնդրել ՀՀ Ներքին գործերի նախարարությունից։ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնեց․ «Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում գտնվող մսի վաճառքով զբաղվող խանութներ՝ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։ Ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։ ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն։ Նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ներկայացնելու համար »,-ասաց նա։
Ինչ վերաբերում է կարմիր բերետավորի կողմից բռնության դրվագին, այս առնչությամբ ՆԳն-ից դեռ արձագանք չկա։
Նարեկ Կիրակոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: