35 դոլար՝ սնունդ գնելու և առաջնային կարիքները բավարարելու համար. Հալեպի մոտ 15 հազարանոց հայ համայնքի ամեն ընտանիք հենց այսքան մեկանգամյա աջակցություն է ստացել Բերիո թեմի ազգային առաջնորդարանից՝ Կիլիկիո կաթողիկոսի աջակցությամբ։ Այդ մասին հայտնում է Ազատությունը։

Վախի ու անորոշության մեջ հայտնված հալեպահայ համայնքը նաև նյութական լուրջ օգնության կարիք ունի։ Մոտ 2 շաբաթ առանց աշխատանքի մնացած մարդիկ պարզապես սնունդ գնելու հնարավորություն չունեն, երկրում արձանագրված եռապատիկ, քառապատիկ գնաճն էլ ավելի է սրել սոցիալական վիճակը։

Բերիո թեմի առաջնորդարանի խոսնակն ընդունելով, որ իրենց օժանդակությունը շատ քիչ է, այն հազիվ մի քանի օրվա համար բավարարի, հարց է ուղղում Հայաստանի կառավարությանը՝ արդյոք կարո՞ղ են Երևանից էլ որևէ աջակցություն ակնկալել։

«Մենք կուզենք դուք հարցնեք Հայաստանի կառավարությանը, թե ինչ ձևերով կարող է օժանդակեն սիրիահայերին, մենք էլ տեղեկանանք», – ասաց Գաբրիելյանը նշելով՝ Հայաստանի կառավարությունից ֆինանսական աջակցություն առայժմ չեն ստացել։

Սիրիայում շուրջ երկու շաբաթ ծավալվող դրամատիկ իրադարձությունների ընթացքում Հայաստանի կառավարությունը որևէ կերպ աջակցե՞լ է հայ համայնքին։ Սփյուռքի հանձնակատար Զարեհ Սինանյանն «Ազատության» հետ զրույցում նշում է․ «Էնպես չի, որ կառավարությունը կարող է ինչ-որ բան անել ու չի անում, իրավիճակը շատ արագ էր զարգանում, հեղհեղուկ էր, և կառավարությունը, ինչպես բոլորը, նույնիսկ արձագանքելու հնարավորություն չի ունեցել իրատեսական»:

Սփյուռքի հանձնակատարն ասում է՝ օրինակ, Հալեպից Դամասկոս փախած 14 ընտանիքների համար տոմսեր էին ձեռք բերել, որպեսզի նրանք կարողանային Դամասկոսից դեկտեմբերի 14 -ին մեկնել Երևան, բայց զինյալների կողմից Սիրիայի մայրաքաղաքը վերցնելուց հետո իրավիճակը փոխվեց։ Ըստ Սինանյանի՝ դեկտեմբերի 14-ին Դամասկոսից դեպի Երևան չվերթը ավիաընկերությունը դեռ չի չեղարկել։

Սփյուռքի հանձնակատարն ասում է, որ հենց այդ չվերթից 24 ժամ առաջ և հետո, պարզ կլինի, թե ինչպիսի տրամադրություններ կան Հալեպում և Դամասկոսում, մարդիկ ուզո՞ւմ են Հայաստան տեղափոխվել, թե՝ ոչ։

Ամեն դեպքում Սինանյանը վստահեցնում է՝ Լիբանանում Հայաստանի դեսպանատան թեժ գծին զանգահարող սիրիահայերի թիվը վերջին օրերին կտրուկ նվազել է, մարդիկ հիմնականում զանգահարում են երկրից դուրս գալու, հայկական անձնագրերի, քաղաքացիությանն առնչվող հարցերով։

Pin It on Pinterest