24-ամյա Անի Բաբասյանը 2020թ. 44-օրյա պատերազմում անհայտ կորած համարվող Նորայր Նահապետյանի կինն է։ Նա ծննդով Տավուշի շրջանի Արծվաբերդ համայնքից է։ Ամուսնու հետ համացանցով են ծանոթացել, հետո Երևանում հանդիպել, սիրահարվել, ամուսնացել և հաստատվել Արմավիրի մարզի Հացիկ գյուղում՝  Նորայրի ծննդավայրում։ Նրանց սիրուց ծնվել է աղջիկը՝ Ալվարդը, սակայն երիտասարդների երջանկությունը խաթարվեց 44-օրյա պատերազմով։

Նորայրը Հոկտեմբերյանի զորամասում պայմանագրային զինծառայող էր և երբ մեկնեց պատերազմ՝ Անին հղիության երկրորդ ամսում էր։ Ալվարդը երկու տարեկան էր, երբ հայրը մեկնեց պատերազմի, իսկ տղան ծնվեց հոր անհայտ համարվելուց ամիսներ հետո։ Հարազատները մինչև հիմա որևէ  տեղեկություն չունեն Նորայրից։

«Ամուսնուցս ստացած վերջին հեռախոսազանգը հոկտեմբերի 19-ին էր ու մինչև հիմա ոչ մի լուր չունենք նրանից։ Բայց հույսով սպասում ենք, որ մի օր կգա։ Ահավոր շատ դժվար է առանց Նորայրի, ամեն օր մտքով ու սրտով նրա հետ ենք։ Աղջիկս ու տղաս արդեն մեծացել են և ամեն օր հայրիկից են հարցնում։ Վեց տարեկան աղջիկս դպրոց է հաճախում՝ 1-ին դասարանում է, երեք տարեկան տղաս՝ զարգացման կենտրոն։ Երեխաներիս էլ չեմ ուզում ցույց տալ, որ նեղված եմ ու շատ եմ մտածում անորոշ այս վիճակի մասին», — հուզված ներկայացրեց երիտասարդ կինը։

Անին երեխաների հետ ապրում է ամուսնու մոր և մյուս հարազատների հետ միասին։ Նա չի աշխատում, զբաղվում է երեխաների խնամքով։ Ամուսնու  անհայտ լինելը կոտրել է երիտասարդ կնոջը և անորոշություն ու անհուսության այդ վիճակում նրան օգնության ձեռք են մեկնել  Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները։

«Կարմիր խաչը միշտ մեր կողքին է, անհայտ կորած անձանց հարազատների հետ կազմակերպել է հանդիպումներ, միջոցառուներ, իրականացրել հոգեբանական անհատական աշխատանքներ։ Շատ շնորհակալ ենք, որ Կոմիտեի ներկայացուցիչները միշտ հետաքրքրված են մեզանով, փորձում են սատարել և լինել մեր կողքին»,- տեղեկացրեց անհայտ կորածի կինը։

Մեր զրուցակիցը հույսը չի կորցնում և շարունակում է սպասել իր ամուսնուն։ Նա վստահ է, որ օրերից մի օր  լույս կբացվի և ի վերջո կվերադառնա Նորայրը։

«Հենց սկզբից էլ չեմ հավատացել, որ ամուսինս չկա։ Նույնիսկ ես ու սկեսուրս չենք իմացել, որ ինքը գնացել է պատերազմի, որովհետև մեզ չի տեղեկացրել։ Միայն տեգրս է իմացել, որ կամավոր մեկնել է Մեխակավան (Ջեբրայիլ)։ Զինվորները պատմում են, որ մարտական գործողությունների ժամանակ Նորայրը վիրավորվել է, սակայն վնասվածքի տեղը չէր երևում։ Ինքը բրոնիժիլետով  էր ու ինչ-որ հարվածից որովայնի շրջանում ուժեղ ցավեր ուներ, ինչի հետևանքով ուշագնաց եղավ։ Դեպքը ճանապարհի մոտ էր ու զինվորները մտածելով, որ մահացել է, վախից նրան թողել ու հետ են գնացել, որ հետո գան Նորայրի հետևից։ Որոշ ժամանակ անց վերադարձել են ամուսնուս հետևից, սակայն նրան տեղում չեն գտել։ Դա Կուբաթլու-Խնձորեսկ հատվածում էր։ Ենթադրում ենք, որ ադրբեջանցիները նրան գերի են տարել։ Որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել։ ԴՆԹ հետազոտություն էլ ենք անցել և ոչ մի բան էլ չի հաստատվել։ Հուսով եմ, որ ինքը կենդանի է ու նույնիսկ վստահ եմ, որ գերի է ու օրերից մի օր կգա։  Ու մինչև հիմա սպասում եմ», — պարզաբանեց Անին։

Ամուսնու մասին Անին շատ ջերմությամբ է հիշում։ Նրա բնորոշմամբ՝ ուրախ ու կատակասեր ամուսինը բոլորի հետ լավ հարաբերությունների մեջ էր։

«Վաղ տարիքից ենք մենք սիրահարվել ու շուտ էլ ամուսնացել։ 18 տարեկան էի, երբ ծնվեց աղջիկս։ Ալվարդիկը միշտ հիշում է հորն ու անընդհատ հարցնում՝ թե երբ կվերադառնա ու ժամանակ առ ժամանակ լացում, իսկ մենք հավաստացիացնում ենք, որ մի օր կգա։ Նույնիսկ չգիտենք երեխային ինչ ասենք։ Տղաս հորը չի տեսել, բայց այնպիսի բաներ է ասում հոր մասին, որ զարմանում ենք։ Նա թե տեսքով, և թե բնավորությամբ շատ է նման հորը։ Իսկ Նորայրը նույնիսկ չգիտեր, որ տղա է ունենալու», — լացակումած ասաց անհայտ կորածի երիտասարդ կինը։

Հ.Գ.-Կարմիր խաչի միջազգային կոմիտեն(ԿԽՄԿ) աջակցում է հակամարտության սրացումների հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքներին։ 2022թ.-ի նոյեմբերից մեկնարկած Սատարման ծրագրի շրջանակներում իրականացվել են հոգեբանական, սոցիալական, առողջապահական և այլ բնույթի աշխատանքներ։ Իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու առումով  ԿԽՄԿ-ին  դիմել է 61 ընտանիք։ 2020-2023թթ. պատերազմների և հակամարտության սրացումների հետևանքով դեռևս անհայտ կորած է համարվում 380 անձ։ ԿԽՄԿ-ն շարունակում է աշխատել համապատասխան կառույցների հետ՝ որոնման և նույնականացման գործընթացը դյուրացնելու և ընտանիքներին պատասխաններ տալու ուղղությամբ։ 

 Նյութը պատրաստվել է ԿԽՄԿ երևանյան պատվիրակության «Մարդասիրական խնդիրները և դրանց լուսաբանումը. անհայտ կորածների և ընտանիքների պաշտպանություն» նախագծի շրջանակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest