Արցախից բռնի տեղահանված Արա Օհանյանն ահազանգում է ոստիկանները իրեն ծեծի են ենթարկել։ 34-ամյա տղամարդը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում։ Արա Օհանյանն այժմ Միքայելյան բժշկական կենտրոնում է՝ տարատեսակ վնասվածքներով։

Ոստիկանները տղամարդուն ծեծի են ենթարկել այն բանից հետո, երբ աշխատավայրում՝ Չարենցավանի երկաթի ձուլարանում, կորել է կնոջ եղբոր ոսկյա շղթան։ Փորձել են գտնել, բայց ապարդյուն։ Արա Օհանյանը գործընկերներին առաջարկել է յուրաքանչյուրը մեկ-երկու հազար դրամ հավաքեն և տան շղթան կորցրածին՝ հաշվի առնելով նրա սոցիալական ծանր վիճակը։ Մի քանի օր անց ոչ շղթան է վերադարձվել, ոչ էլ գումարն են հավաքել ու տվել, շղթան կորցրած տղամարդը դիմել է ոստիկանություն։ Այնտեղ տեղեկացել են Արայի դրամահավաքի նախաձեռնության մասին և, ինչպես ինքն է պնդում, ծեծի ենթարկելով ստիպել են, որ մեղքն իր վրա վերցնի։

«Ոստիկանությունում փորձում էին ստիպել, որ դեպքը ես եմ արել, կորածը վզնոց է եղել։ Ասում էին, որ դու ես վերցրել, որ դրամահավաք կազմակերպես, պետի տեղակալն էր ասում։ Անուն ազգանունը Արթուր Իսկանդարյան էր, մեկի անունն էլ Սամվել էր, մյուսինը՝ չգիտեմ»,-Forrights.am-ի հետ զրույցում պատմեց Արա Օհանյանը։

Արա Օհանյանը Forrights.am-ին փոխանցեց, որ Չարենցավանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ Արթուր Իսկանդարյանն է իրեն ծեծի ենթարկել՝ այլ ծառայողների հետ, երբ պահանջել են ցուցմունքը իրենց նկարագրածով կազմել, բայց ինքը չի համաձայնվել։

«Խփում էին, որ պրիզնատ գամ: Ասում էին քո վրա վերցրա, մենք քեզ ոչ մի բան չենք անի, գործը կփակենք, կգնա։ Ձեռքով խփում էին, որ խփեցին թուլացա, ընկա գետին։ Գնում-գալիս հարց էին տալիս ու խփում էին, երբ իրենց ուզածը չէի ասում»,-ասում է արդեն մի քանի օր հիվանդանոցում բուժում ստացող Արա Օհանյանը։

Նա նշում է, որ մինչ այս էլ առողջական խնդիրներ ուներ, ոստիկանության բաժնում էլ է այդ մասին ասել, բայց դա ոչ թե մեղմացրել է իրավիճակը, այլ ավելի են սկսել դաժան վարվել։

«Ես լյարդի խնդիր ունեմ, արդեն մի քանի անգամ ԿՏ ու սոնոգրաֆիա են արել, հիմա աջ կողս ցավում է։ Ես իրենց տեղյակ եմ պահել, որ լուրջ խնդիր ունեմ, երբ առաջին անգամ փորիս հարվածեցին, մտածեցին՝ սուտ եմ ասում, որ չծեծեն։ Առաջին անգամ գնալուց սկսել են խփել»։

Արա Օհանյանը պնդում է, որ այս գործի շրջանակներում ոստիկանության ծառայողները ծեծի են ենթարկել նաև իր երկու այլ գործընկերների, որպեսզի մեղքը իրենց վրա վերցնեն։

Այս դեպքի մասին ահազանգել է նաև արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ Ըստ նրա՝ Արա Օհանյանին ոստիկանները բռնության ենթարկելուց հետո սպառնացել են, որ ծեծի մասին չբարձրաձայնի։ «Ոստիկանները սպառնացել են նրան, որ ասի, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Արա Օհանյանը գտնվելով սպառնալիքների ներքո հիվանդանոցում նշել է, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով, սակայն, հետո պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-հայտնում է Ռոման Երիցյանը՝ նշելով, թե ինչպես են իրադարձությունները զարգացել։

«Նրան կանչում են բաժին և առաջարում են, որ ընդունի իր մեղքը, սակայն, Արան չի ընդունում՝ նշելով, որ ինչու պետք է իր վրա վերցնի մի բան, որը չի արել։ Մեղքը չընդունելուց հետո ոստիկանության բաժնում նրան շատ դաժանաբար ծեծի են ենթարկում, գցում են գետնին ու ոտքով ու ձեռքերով հարվածներ հասցնում, քաշելով դուրս են բերում բաժնից»,-պնդում է փաստաբանը։

ՀՀ ՆԳՆ-ից Forrights.am-ին փոխանցեցին, որ նշվածի առնչությամբ ՆԳ նախարարի հանձնարարությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։

Forrights.am-ը դիմել է նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակ։ Այստեղից փոխանցեցին, որ ուսումնասիրում են ահազանգը․ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գիծ հեռախոսահամարին դեկտեմբերի 7-ին փաստաբան Ռոման Երիցյանի կողմից ահազանգ է ստացվել, առ այն որ Չարենցավանի բաժնում ոստիկանները ծեծի են ենթարկել քաղաքացու: Փաստաբանը տեղեկացրել է, որ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին և քաղաքացին այս պահին գտնվում է բժշկական կենտրոնում: Պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմում դեպքի մանրամասներն ուսումնասիրվում են, ահազանգի և ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա պարզաբանումներ կպահանջվեն նաև Ներքին գործերի նախարարությունից»:

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest