Արցախցի Արա Օհանյանին դաժանաբար ծեծի են ենթարկել Չարենցավանի ոստիկանության բաժնում։ Այս մասին ահազանգում է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Ոստիկաններից մեկի անունը Սամվել է, ազգանունը հայտնի չէ, մյուս ոստիկանի մասին ընդհնարապես տվյալ չկա, իսկ երրորդն, ըստ Արա Օհանյանի, Չարենցավանի բաժնի պետի տեղակալ Իսկանդարյանն է, որոնք Արա Օհանյանին դաժան ծեծի են ենթարկել՝ պատճառելով նրան տարբեր մարմնական վնասվածքներ»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է փաստաբանը՝ նշելով, որ վերջինս արդեն 4-րդ օրն է գտնվում է Միքայելյանի անվան հիվանդանոցում։
Ըստ Ռոման Երիցյանի՝ Արա Օհանյանն արդեն չորրորդ օրն է, ինչ հիվանդանոցում է, և, դեռ պետք է բուժում ստանա արյունաբանական կենտրոնում։ «Ոստիկանները սպառնացել են նրան, որ ասի, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով։ Արա Օհանյանը գտնվելով սպառնալիքների ներքո հիվանդանոցում նշել է, թե վնասվածքները ստացել է ընկնելու հետևանքով, սակայն, հետո պատմել է, թե իրականում ինչ է տեղի ունեցել»,-հայտնում է Ռոման Երիցյանը։
Ռոման Երիցյանը մանրամասներ է հայտնել, թե ինչ է տեղի ունցել, որի հետևանքով Արա Օհանյանը հայտնվել է ոստիկանությունում և բռնության ենթարկվել։ «Չարենցավանում գործում է երկաթի ձուլակենտրոն ընկերություն, որտեղ աշխատում է Արա Օհանյանը՝ իր կնոջ եղբոր հետ։ Այնտեղ կորում է կնոջ եղբոր ոսկյա զարդը, կորցնելը որն է հափշտակվում է մարդու զարդը։ Տեղադրում է ինչ-որ վայրում, վերադառնում է, տեսնում է՝ չկա։ Արա Օհանյանը հավաքում է բոլոր աշխատողներին և առաջարկում, որ այդ ոսկյա զարդը կամովին վերադարձնեն, որպեսզի այս ամենը ընթացք չունեն։ Անցնում է մեկ օր, բայց զարդը չի վերադարձվում։ Արա Օհանյանը հաշվի առնելով զարդը կորցրած անձի սոցալական խնդիրները առաջարկում է բոլորին կազմակերպել դրամահավաք և յուրաքանչյուրը իր աշխատավարձից 1000-2000 դրամ տա բռնի տեղահանված արցախցուն, որ հարցը համարվի լուծված»,-ուղիղ եթերում ներկայացնում է Ռոման Երիցյանը՝ մանրամասնելով, որ չնայած բոլորը համաձանություն են տվել, բայց գումարն այդպես էլ չի հավաքվել։
«Զարդը կորցրած անձը դիմում է ոստիկանություն։ Ոստիկանությունում իմանալով կազմակերպված դրամահավաքի մասին կասկածում են, որ հեղինակը եղել է Արան, գողացել է զարդը, որ կազմակերպի դրամահավաք։ Նրան կանչում են բաժին և առաջարկում են, որ ընդունի իր մեղքը, սակայն, Արան չի ընդունում՝ նշելով, որ ինչու պետք է իր վրա վերցնի մի բան, որը չի արել։ Մեղքը չընդունելուց հետո ոստիկանության բաժնում նրան շատ դաժանաբար ծեծի են ենթարկում, գցում են գետնին ու ոտքով ու ձեռքերով հարվածներ հասցնում, քաշելով դուրս են բերում բաժնից»,-պնդում է փաստաբանը։
ՀՀ ՆԳՆ-ից Forrights.am-ին փոխանցեցին, որ նշվածի առնչությամբ ՆԳ նախարարի հանձնարարությամբ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն։
Forrights.am-ը դիմել է նաև ՀՀ ՄԻՊ գրասենյակ, կառույցից դեռ մեկնաբանություն չեն ներկայացրել։
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյան
Նարեկ Կիրակոսյանը լրագրող է, աշխատում է «մարդը բացարձակ արժեք է» սկզբունքով։