Այս տարվա դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները կրկին այցելել են Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին։ Ադրբեջանում ԿԽՄԿ ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան տեղական լրատվամիջոցներին ասել է, որ նրանց հետ անհատական հանդիպումներ են տեղի ունեցել, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփվելու համար։

«ԿԽՄԿ-ն, իր մանդատի համաձայն, այցելությունների ընթացքում գնահատում է ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքը, նրանց պահման պայմանները և հնարավորություն է ստեղծում վերականգնելու կամ շարունակելու կապը նրանց ընտանիքների հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրա 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման հետևանքով գերեվարված 16 անձինք։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը: Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։

Այս տարվա հոկտեմբերին Բաքուն նրանց նոր մեղադրանք առաջադրեց՝ պատմամշակութային հուշարձանների ոչնչացման մեղադրանքով։ Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, նյութերը, սակայն, դեռ դատարան չեն ուղարկվել։

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest