Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ Հրաչիկ Վարդանյանի որդին՝ Էջմիածնի «Քիմիկների զորամաս»-ի պայմանագրային զինծառայող 37-ամյա Արիստակեսը, համարվում է անհայտ կորած։

«2022թ. 44-օրյա պատերազմի սկզբնական շրջանում «Քիմիկների զորամաս»-ը Մեղրիում էր, ամեն առավոտ խոսում էի տղայիս հետ և նա հավաստիացնում էր, որ իրենց պատերազմ չեն տանելու ու միայն այդ դեպքում կգնան, եթե քիմիական զենք օգտագործվի։ Մի օր էլ զանգեց, թե՝ բա պապա, մեզ տեղափոխում են Ղափան։ Հոկտեմբերի 20-ի առավոտյան խոսացի, ասեց՝ պապա մեզի տանելու են Կովսական, ինչ-որ առաջադրանքի։ Ու 21-ի կեսօրից հետո ավտոբուսներով տարան Կովսականի շրջան և տեղ հասնելուն պես մտել են մարտի։ Այնուհետև լուրն էկավ, որ «քիմիկները» շրջափակման մեջ են հայտնվել»,-հուզված ներկայացրեց հայրը։

«Քիմիկներ»-ի ծնողներով գնացել են զորամաս և երկու գիշեր մնացել դարպասների մոտ՝ պահանջելով իրենց որդիներին։ Անհայտ կորած զինծառայողների հարազատներն այդպես շարունակ դիմել են տարբեր ատյանների, բայց մինչև հիմա էլ որևէ տեղեկություն չունեն իրենց զավակների վերաբերյալ։ Կովսական մեկնելու օրն Արիստակեսն իր ավտոմեքենան թողել էր զորամասի մոտ և տեղեկացրել հորը, որ գա այն տանի։

«Տղաս էդ մեքենայով գնում-գալիս էր ու էդ օրն էլ մեքենան թողել էր զորամասում, իսկ իրենք նստել են ավտոբուս ու գնացել։ Որդիս զանգեց, թե՝ բա պապա մենք գնացինք, բանալիներն այստեղ են, եկ մեքենան տար։ Գնացի՝ տեսա իր զինվորական համազգեստը ավտոյի նստարանին կախած… ու մինչև հիմա տենց էլ պահում ենք ու պիտի տենց էլ մնա։ Մեկ էլ իրա բումաժնիկնա մոտս ու փաստաթղթերը»,- ասաց վշտացած հայրն ու ցույց տվեց խնամքով պահված այն բոլոր իրերն ինչ հիշեցնում են որդուն։

Հարազատները մինչև հիմա անհայտ կորած Արեսի վերնազգեստը չեն հանել ավտոմեքենայի նստարանից։ Սպասում են նրա վերադարձին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կազմակերպել էր «Սպասում եմ» թեմայով միջոցառում՝ նպատակ ունենալով ուշադրության կենտրոնում պահել նման կարգավիճակում հայտնված հարազատների ընտանիքներին։ Իրենց որդիների սպասման ապրումների ու դրանից բխող գործողությունների վերաբերյալ կազմակերպվել էր ցուցահանդես, որտեղ լուսանկարների միջոցով բնորոշվել է նման կարգավիճակում հայտնված հարազատի հոգեվիճակը։

Ցուցահանդեսին ներկայացվել է նաև Արիստակեսի  ավտոմեքենայի նստարանին կախված զինվորական համազգեստով լուսանկարը։ Հայրը՝ Հրաչիկը, նստելով տղայի ավտոմեքենայի ղեկին, հույսով սպասում է, որ մի օր տղան կվեռադառնա ու կհագնի այդ համազգեստը։

«Տղայիս հեռախոսն աշխատում էր 4-5 ամիս ու աղջկաս հետ գնացնիք ԱԱԾ և հայտնեցինք, որ սենց բան կա, սակայն ոչինչ չպարզվեց ու եղած կապն էլ կորավ։ ԴՆԹ հետազոտություններ էլ ենք անցել ու ոչ մի բան չի հաստատվել։ Համարյա երկու տարի անց զանգել են, թե իբր մասունք կա, թե դա ոնց եղավ՝ չիմացա։ Սխալ բաներ են։ Էդ ԴՆԹ-ի արդյունքին ոչ մի ծնող չի հավատում ու ես էլ չեմ հավատում, քանի որ երբ մենք Մեծամորից գնացինք մասունք բերելու, մեր ծնողներից մեկին ցելոֆանի մեջ տվեցին իբր իր որդու մասունքները ու հայրը այն բացեց և տեսավ 3 ոտք։ Էս հերը՝ թե բա ո՞նց, իմ տղեն  3 ոտք ունե՞ր։ Մի խոսքով ես ու էդ մարդու եղբայրը չթողեցինք, որ ավելորդ լարվածություն լինի, իսկ բժիշկները հետ վերցրին այդ մասունքները։ Այնուհետև 2 ոտքի մասունքները տվեցին էդ մարդուն, իսկ էն մի ոտն էլ տվեցին մեր «քիմիկներ»-ի մեկ այլ հարազատի։ Դրա համար ոչ մեկը չի հավատում, մինչև վերջին գերին չգա»,-վրդովված ասաց հայրը։

2020թ․ 44-օրյա պատերազմին առնչվող գործերից մեկը «Քիմիկների զորամաս»–ի անվանումը ստացած քրեական գործն է․

«Դատական գործն անվերջ շարունակվում, ձգձգվում է ու դեռ պոչն էլ չի երևում։ Արդյունք  չկա. 150 վկայից 50-ն են դեռ հարցաքննվել։ Մի 20 ծնողով ամենուր գրել ենք, դիմել, բայց օգուտ չկա։ Դատը Հակակոռուպցիոն դատարանում է ընթանում։ Չորս տարի գիշեր-ցերեկ դրսերում ենք։ Դատական գործի ժամանակ էլ ցուցմունքները փոխում են, իսկ մեղադրանք առաջադրվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանին, որովհետև օպերացիան ինքն էր կազմակերպել։ Վերջինս մեզ չէր էլ ուզում ընդունել, սակայն հետո զոռով ընդունեց։ Պատմեց, որ 2 մասի է բաժանվել խումբը, մի խումբը մարտի մեջ է մտել։ Ու ինքը չօգնեց տղաներին՝ ասելով,  որ եթե գեներալին բռնեն, ո՞վ պիտի մյուսներին ուղորդի։ Պատկերացնո՞ւմ եք։ Վկաներից մեկը պատմեց, որ թշնամու զորքը թվաքանակով անհամեմատ մեծ էր, սակայն տղաներին ուղարկել է այդ ուղղությամբ, երբ տարածքն արդեն հանձնված էր։ Տարան 40 երեխու գլուխ կերան։ Ըստ տեղեկությունների՝ տղաս վիրավորվել էր, բայց գերեվարվությունը չի հաստատվել»,-պարզաբանեց 69-ամյա տղամարդը։

Խնդրի առնչությամբ հայրը փորձել է հանդիպել վարչապետին, սակայն վերջինս չի ընդունել։ Ծնողներով նույնիսկ ճանապարհ են փակել, բայց դա ևս չի օգնել ու այդպես էլ չեն ընդունել։ Չորս տարի է Հրաչիկն ու իր վիճակում հայտնված ծնողները միայն դատական գործընթացների են մասնակցում ու իր ասելով՝ վերջը չի երևում։ Թոշակառու հայրը ընդամենը 2 տարում 3 զավակ է կորցրել։ Արիստակեսի անհայտ լինելու դեպքից հետո մահացել են նաև նրա աղջիկն ու տղան։ Կնոջ հետ միասին փորձում են ապրել հանուն իրենց թոռների՝ հուսալով, որ մի օր էր իրենց Արեսը կգտնվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest