Հալեպից հայերի առաջին խումբը Հայաստան կժամանի դեկտեմբերի 14-ին Դամասկոս-Երևան չվերթով։ Այս մասին ասել է կառավարությանն առընթեր սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Հովհաննես Ալեքսանյանը։
Պաշտոնյան նշել է, որ Հալեպում մնում է 10-12 հազար հայ, նրանց տարհանումը կկազմակերպվի աստիճանաբար և հնարավորության սահմաններում։
Նրա խոսքով՝ հակակառավարական ուժերի կողմից Հալեպի գրավումից հետո որոշ հայ ընտանիքներ կարողացել են հեռանալ, մի մասը հաստատվել է Դամասկոսում, մնացածը՝ Լաթաքիայում ու Քեսաբում։
Հալեպում մնացած հայերն այժմ օգնություն են ստանում Կիլիկիո կաթողիկոսության Բերիական թեմից։
Համայնքային այլ կազմակերպություններ նույնպես բարեգործական գործունեություն են ծավալում։
Միաժամանակ, հացի և ջրի պաշարների սակավության պատճառով Հալեպում նկատվում է այդ ապրանքների գների որոշակի աճ։
«Այժմ մենք չենք կարող կազմակերպել տարհանում և օգնություն ցուցաբերել։ Դա կարվի առաջին իսկ հնարավորության դեպքում։ Հալեպի օդանավակայանը և արդյունաբերական գոտին այժմ վերահսկվում են արմատական խմբավորումների կողմից, և երաշխիքներ չկան, որ հնարավոր կլինի անվտանգ տարհանել նման թվով մարդկանց»,- հավելեց Ալեքսանյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: