Արցախյան հասարակական կազմակերպությունները ՄԱԿ-ին և ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղղված կոչով պահանջում են առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ դադարեցնելու ադրբեջանական կողմից հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումը։
Արցախի 62 հասարակական կազմակերպություններ դիմում են հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։ Դրանում նրանք մատնանշել են հայկական մշակութային ժառանգության միտումնավոր ոչնչացման և յուրացման դեպքերը։ Ղարաբաղյան հասարակական կազմակերպությունները պահանջում էին առաքելություն ուղարկել Ղարաբաղ՝ արձանագրելու նման դեպքերը, ինչպես նաև ստեղծել մեխանիզմներ դրանք կանխելու համար։
Արձանագրվել են հայոց ժառանգության դեմ բազմաթիվ հանցագործություններ՝ ամբողջությամբ վերացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Բերձորի Սուրբ Համբարձում և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Ավերվել եւ պղծվել են հայոց հոգեւոր կենտրոնները, ավերվել հարյուրավոր խաչքարեր։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ, ներառյալ հազարավոր ցուցանմուշներ թալանվել են Ադրբեջանի կողմից, ասվում է կոչում։
Ներկայացնում ենք նամակը ստորեւ․
Հարգելի տիկին Ազուլեյ,
Հարգելի պարոն Գուտերեշ,
Ստորագրյալ ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք ներկայացնում են 2020 թ․ պատերազմից և 2023 թ․ հարկադրական արտաքսումից հետո Արցախից (Լեռնային Ղարաբաղ) տեղահանված անձանց, գրում են Ձեզ՝ նշելու Արցախի օկուպացված տարածքներում հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ և նպատակային ոչնչացման ու յուրացման դեպքերը։
Կան մշակութային ցեղասպանության ծանր օրինակներ, որոնք իրականացվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից ինչպես 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո։
Հայկական ժառանգության դեմ հանցագործությունների բազմաթիվ դեպքեր են արձանագրվել․ ամբողջությամբ ոչնչացվել են Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս եկեղեցին, Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին և Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին։ Հայկական հոգևոր կենտրոնները պղծվել են, և հարյուրավոր խաչքարեր՝ ոչնչացվել։ Ավելի քան 30 արվեստի և թանգարանային հավաքածուներ՝ բաղկացած հազարավոր ցուցանմուշներից, կողոպտվել են Ադրբեջանի կողմից։
Եկեղեցիների ոչնչացումը ցեղասպանական գործողություն է համարվում ըստ Հռոմի կանոնադրության մշակութային ժառանգության դրույթների քննման ձեռնարկի, որտեղ նշված է․ «Մշակութային ժառանգության դեմ կամ դրա վրա ազդող հանցագործությունները հաճախ կապված են ցեղասպանության հետ կամ կատարվում են որպես դրա մի մաս։ են ցեղասպանության հետ կամ իրականացվում են դրա շրջանակներում»։
Ոչնչացվել են Հայոց ցեղասպանության, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Արցախի պատերազմների զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրները, ինչպես նաև անհատների նվիրված հուշաքարերը, պատմական նշանակության կամուրջներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ, դպրոցներ և այլ վայրեր։ Շուշիի շրջանի Քարին Տակ գյուղը, Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը և Հադրութ քաղաքի պատմական թաղամասը ամբողջությամբ քանդվել են։
Վերջերս Ստեփանակերտի ողջ թաղամասեր, ներառյալ 19-րդ դարի պատմական թաղամասը, հողին են հավասարեցվել։ Քաղաքի, նրա պատմական շինությունների և ժառանգության դիտավորյալ ոչնչացումը խախտում է Հռոմի կանոնադրության 8-րդ հոդվածը և համարվում է մարդկության դեմ ծանր հանցագործություն։
Մշակութային արժեքների ոչնչացման գործողությունները արգելված են 1949 թ․ ընդունված չորս Ժնևյան կոնվենցիաներով՝ պատերազմի զոհերի պաշտպանության, պատերազմի օրենքների և սովորույթների, դրանց արձանագրությունների, ինչպես նաև համապատասխան ՄԱԿ-ի բանաձևերի և մարդու իրավունքների պաշտպանության համաձայնագրերի համաձայն։
Ադրբեջանցիների կողմից այս ոչնչացումները պատկերող տեսանյութերի լայն տարածումը դարձել է հոգեբանական ճնշման միջոց Արցախի հայերի նկատմամբ։
Ադրբեջանցիների կողմից ոչնչացվել են Մեծ Թաղեր գյուղի (Հադրութի շրջան), Սղնախ գյուղի (Ասկերանի շրջան), Հաթերքի (Մարտակերտի շրջան) և Շուշի քաղաքի գերեզմանատները։ Գերեզմանատների ոչնչացումը համարվում է անձնական արժանապատվության և մարդկային հիշողության դեմ հանցագործություն։
Համաձայն՝ 1954 թ․ Հաագայի կոնվենցիայի՝ 4-րդ հոդվածի, Զինված հակամարտության դեպքում մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ, ցանկացած վանդալիզմի, յուրացման, կողոպուտի, ատելության կամ վրեժխնդրության գործողություններ մշակութային ժառանգության դեմ արգելվում են։
Համաձայն 1954 թ․ Հաագայի առաջին արձանագրության՝ արգելվում է օկուպացված տարածքներում մշակութային կամ հոգևոր արժեքների ոչնչացումը։ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման քաղաքականությունը դատապարտվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ․ Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ հռչակագրով։
Այնուամենայնիվ, 2020-2024 թվականներին ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի իրականացրել ՄԱԿ-ի կողմից իրեն վերապահված՝ համաշխարհային մշակութային ժառանգությունը պահպանելու լիազորությունը և առաքելություն չի ուղարկել Արցախ՝ տարածաշրջանի ժառանգության ներկա վիճակը փաստագրելու և այդպիսով կանխելու Ադրբեջանի կողմից հետագա ոչնչացումները։ Փոխարենը սահմանափակվել է հայտարարություններ անելով և մտահոգություն արտահայտելով։
Մենք՝ ստորագրյալները, որոնք տեղահանված ենք Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներից, խնդրում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու համար, որ Ձեր կազմակերպությունը՝ համաձայն ՄԱԿ-ի կողմից մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ իր մանդատի, ուղարկի առաքելություն Արցախ՝ փաստագրելու մարդկության դեմ իրականացված մշակութային հանցագործությունները և կիրառելու մեխանիզմներ հետագա խախտումները կանխելու համար։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: