Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)-ն գործում է 1992թ.-ից՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով: Արցախյան հակամարտության ժամանակ անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջնայնություններից է: Անհետ կորած անձանց որոնման և հասանելի տեղեկությունները պատշաճորեն ներկայացնելու, ինչպես նաև նրանց հարազատների հետ ԿԽՄԿ-ի գործառույթների շրջանակներում տարվող աշխատանքների մասին Forrights.am-ը զրուցել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ:

«Այս տարածաշրջանում Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հիմնախնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի։ Սա նշանակում է տարբեր ուղղություններով տարվում են աշխատանքներ: Առաջին հերթին խոսքը հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին է, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ համապատասխան իշխանությունների կողմից անհետ կորած անձանց ընտանիքներին՝ ռազմական գործողությունների առնչությամբ իրենց հարազատի հետ տեղի ունեցածի վերաբերյալ պատասխաններ տալուն: Սա միջազգային մարդասիրական իրավունքի պահանջն է՝ իմանալու իրավունք: Այս ուղղությամբ մենք աշխատում ենք կողմերի պատկան մարմինների հետ, որպեսզի մեր հանձնագրի շրջանակներում հիշեցնենք իրենց պարտավորությունների մասին»,-տեղեկացրեց Զառա Ամատունին:

Խոսելով ԿԽՄԿ-ի աշխատանքների երկրորդ կարևոր գործառույթի մասին, Զառա Ամատունին նշեց, որ դա յուրաքանչյուր անհետ կորած անձի մասին հնարավորինս սպառիչ և մանրամասն տեղեկություններ ու տվյալներ տրամադրելն է: Այդ առումով ԿԽՄԿ-ի գրասենյակների օգնությամբ հավաքագրվել են շուրջ 5000 անհետ կորած անձանց տվյալներ, որոնք կորած են համարվում դեռևս 90-ականներից, այնուհետև 2020թ. մինչև 2023թ.-ն ընկած ժամանակահատվածում հակամարտության սրացումների հետևանքով անհետ կորած համարվողների տվյալները։

«Այդ անձանցից շուրջ 1000-ը հայեր են, որոնց տվյալները մեր կազմակերպությունը հավաքագրել է Երևանի և Ղարաբաղի գրասենյակների միջոցով: Այս թվում են նաև անձինք, որոնց հարազատները համարում են անհետ կորած՝ նույնիսկ եթե առկա է դրական ԴՆԹ նույնականացման հանգամանքը։ Կան ընտանիքներ, որոնք տարբեր պատճառներով չեն ընդունում այդ պատասխանները: Սա մեզ համար նույնպես ազդակ է աշխատելու պատկան մարմինների հետ, փորձելու պարզաբանել հանգամանքները, ինչի պատճառով անձինք չեն ընդունում այդ արդյունքները։ Իսկ ԿԽՄԿ-ն ինքնուրույն չի զբաղվում ու չի իրականացնում նույնականացումներ, ինչը համապատասխան իշխանությունների ու կառույցների աշխատանքն է»,- պարզաբանեց Զառա Ամատունին։

Նրա խոսքով՝ դատաբժշկական փորձագիտության կենտրոնի լաբորատորիայի հետ սերտ համագործակցության արդյունքում  Հայաստանի փորձագետները, թե՛ կահավորման, թե՛ որոշակի դասընթացների և փորձի փոխանակման միջոցով փորձում են բարձրացնել կարողությունները, որպեսզի ոլորտում հնարավորինս հասնեն արհեստավարժության բարձր մակարդակին, ինչն իր հերթին կնպաստի արտակարգ իրավիճակներում անհետ կորածների թվի կտրուկ նվազեցմանը։

«Մեր մյուս գործառույթն անհետ կորած անձանց ընտանիքների Սատարման ծրագիրն է, որը մեկ փուլով իրականացրել ենք 2011թ.-ից՝ 90-ականների անհետ կորածների մասով և երկրորդ փուլը սկսել ենք 2022թ.-ի նոյեմբերից ու վերաբերում է այն ընտանիքներին, որոնց հարազատներն անհետ կորել են 2020թ. պատերազմի ժամանակ։ Այս ծրագրի շրջանակներում հիմնական շեշտը դրվում է այդ անձանց սոցիալական ու հատկապես հոգեսոցիալական կարիքների վրա։ Նրանք ապրում են հույսի և հուսալքության միջակայքում, ինչը թույլ չի տալիս նրանց լիարժեք կերպով շարունակել կյանքը, որովհետև չունեն հստակ տեղեկություն անհետ կորած իրենց հարազատի մասին»,- նշեց Ամատունին։

Անհետ կորածների հարազատներն ունենում են սոցիալական, առողջական, տնտեսական, իրավական հասանելիության մի շարք խնդիրներ։ Շատ դեպքերում ընտանիքը կորցնում է կերակրողին, որը համարվում է անհետ կորած, ու հարազատները բախվում են տարբեր խնդիրների։ Վերհանելով այդ խնդիրները ԿԽՄԿ-ն փորձում է փոքր աջակցությունների միջոցով որոշակի թեթևացնել այդ ընտանիքների հոգսը։

«Շատ կարևոր է նրանց ապրումակցելը, ուստի տարբեր միջոցառումների, հավաքների միջոցով փորձում ենք իրենց հարազատների հիշատակը վառ պահել։ Այսօրվա դրությամբ մենք ծրագիր ենք սկսել Արմավիրի մարզում և այս ընթացքում հանդիպել տարբեր ընտանիքների հետ։ Ծրագիրը շարունակվելու է տարբեր մարզերում»,- Forrights.am-ին իրազեկեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավարը։

Ինչ վերաբերում է անհետ կորած անձանց որոնումների գործընթացին, ըստ Ամատունու, դա իրենց գործառույթը չէ ու հանդես գալիս են միայն որպես չեզոք միջնորդ՝ պարտավորվելով մարդկանց հայտնել իրենց հարազատների անհետացման հանգամանքների և այլնի վերաբերյալ  տեղեկություններ։

«Մեր պատկերացմամբ՝ պետք է ստեղծվի որոշակի մարդասիրական միջավայր, որը թույլ կտա կողմերին միասին ձեռնարկել համապատասխան քայլեր, օրինակ՝ քարտեզագրել հուղարկավորման հնարավոր վայրերը, եթե խոսքը գնում է այն անձանց մասին, որոնց վերաբերյալ կան քիչ թե շատ տեղեկություններ, որ կարող էին նրանք զոհվել։ Այդ առումով քննարկում ենք թե՛ իշխանությունների, թե՛ ընտանիքների հետ, սակայն դրանց շուրջ բուն գործողությունները և որոշումները մեր ձեռքում չեն։ Մենք միշտ խրախուսել  և փորձել ենք մոդելային տարբերակներ առաջարկել իշխանություններին ու եթե այս հարցում լինի թարմացված և լրամշակված օրենսդրություն, մենք վստահ ենք, որ այն միայն կնպաստի այս հարցում որոշակի իրավական կարգավորումներով թեթևացնելու այդ մարդկանց կյանքը»,- հավելեց Զառա Ամատունին:

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest