Տրանսպորտի բարեփոխումը Երեւանի ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի «հաղթական ձին» պետք է դառնար, բայց կարող է նրա կարյիերայի անփառունակ վերջը լինի։

Դեկտեմբերի 3-ին Երեւանում իսկական իրարանցում էր՝ ավտոբուսների զգալի մասը դուրս չեն եկել երթուղի, մարդիկ չեն կարողացել հասնել աշխատավայր։ Երեկոյան իրավիճակը քիչ-ինչ հանդարդվել է, իսկ դեկտեմբերի 4-ին քաղաքապետարանը հայտարարել է, որ բոլոր ավտոբուսները դուրս են եկել երթուղի։ Մոտ 35 վարորդ ազատվել են աշխատանքից, իսկ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տեղադրել առ այն, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ին անհրաժեշտ են «Դ» կարգի վարորդական իրավունք ունեցող անձինք՝ շարժակազմերի վարորդների թիվը համալրելու համար։ Քաղաքապետարանը հիշեցրել է վարորդների «մաքուր» աշխատավարձերը՝ «ՄԱՆ»-ի վարորդները ստանում են 401 500 դրամ, «Ժոնգ Տոնգ»-ինը՝ 309 500 դրամ, «Գազել Սիթի»-ի վարորդները՝ 219 500 դրամ։

Դեկտեմբերի 3-ի երեկոյան կայացել է քաղաքապետարանի ղեկավարության եւ վարորդների հանդիպումը․ թե ինչ են նրանք պայմանավորվել, հայտնի չէ։ Սակայն իրավապաշտպանները արդեն հայտարարել են բողոքի դուրս եկած վարորդների գործից ազատելու անիրավաչափության մասին։

Ինչի՞ց է ծաագել ճգնաժամը։ Քաղաքապետի երիտասարդ տեղակալը մեղադրում է վարորդներին, որոնք «զրկվել են ստվերային հասույթից» եւ «շանտաժ են անում»։ Ընդդիմությունը, որը փորձում է «հեծնել» բողոքի ալիքը, պնդում է, որ տրանսպորտի վարձի բարձրացումը գրեթե 3 անգամ ի սկզբանե հակասոցիալական եւ հակաիրավական է։

ԶԼՄ-ները գրում են, որ վարորդները բողոքում են հիմնականում աշխատավարձից եւ պայմաններից։ Վարորդներից ոմանք ասել են, որ մարդիկ չեն ուզում կամ չեն կարող վճարել, սակայն քաղաքապետարանը պահանջում է, որ վարորդները վերահսկեն նաեւ վճարման պրոցեսը։

Ահա այստեղ է թաքնված «բարեփոխման» կիսատ-պռատությունը։ Քաղաքապետարանը, երեւանցիների հարկերից ահռելի գումարներ ծախսելով նոր ավտոբուսների գնման եւ վճարման նոր մեխանիզմների համար, «մոռացել է» բարեփախման մյուս բաղադրիչը՝ վերահսկողական գործառույթը։ Ավտոբուսներում չկան տուռնիկետներ, որոնք թույլ չեն տա ուղեվորին ավտոբուս մտնել առանց վճարելու /ինչպես դա արվում է մետրոյում/։ Նախատեսված չեն կոնդուկտոր-հսկիչներ, որոնք կստուգեն, արդյո՞ք մարդը վճարել է թե ոչ։ Իսկ վճարման տեռմինալներն այնքան անհարմար տեղ են տեղադրված ավտոբուսի մեջ, որ նույնիսկ ամենաօրինապաշտ մարդիկ ֆիզիկապես չեն կարողանում վճարել։

Քաղաքապետարանը փորձում է վարորդներին ստիպել մեկ աշխատավարձով կատարել նաեւ հսկիչի գործառույթ, եւ հենց դա է զայրացնում վարորդներին։ Ավտոբուսներում կամերաներ է տեղադրված, եւ վարորդներին կշտամբում են, երբ նրանք չեն պահանջում վարձը։ Թեկուզ ակնհայտ է, որ ֆիզիկապես դա հնարավոր չէ։

Ուղևորներիի զգալի մասը արդեն զգացել է «բացը» եւ գերադասում է չվճարել, հատկապես, եթե ավտոբուսը լեփ-լեցուն է, եւ դա ֆիզիկապես անհնարին է։ Քաղաքապետարանը, որը «100 դրամին» անցնելու առաջին օրերին զեկուցում էր ստվերը կրճատելու հաշվին հասույթի ավելացման մասին, հանկարծ դադարեց զեկուցել։ Կասկած կա, որ հասույթը կտրուկ կրճատվել է, քանի որ մարդիկ ուղղակի չեն վճարում։ Ի՞նչ պետք է լինի, եթե չվաճարեն։

Իրականում ճգնաժամի պատճառն այն է, որ քաղաքապետարանը «բարեփոխման» շրջանակներում ձեռք է բերել միայն այն, ինչի մեջ «փող կա»՝ ավտոբուսներ, Թել-սելի տերմինալներ, դրա հետ մեկտեղ բարձրացնելով վարձավճարը։ Սակայն քաղաքապետարանը չի ուզում գումար ներդնել վերահսկողական մեխանիզմի մեջ, փորձելով կրկին «բեռնել» վարորդներին։

Տրանսպորտային բարեփոխումը քաղաքապետարանը ներկայացնում է որպես «նվեր» քաղաքացիներին, միաժամանակ չթաքցնելով, որ տրանսպորտը պետք է տնտեսապես շահավետ լինի քաղաքապետարանի համար։ Սակայն ըստ տրամաբանության՝ տրանսպորտը պետք է առաջին հերթին հարմարավետ լինի քաղաքացիների համար, նույնիսկ եթե դա շահավետ չէ։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest