Նունե Քոչարյանը ծնվել, ապրել և աշխատել է Ստեփանակերտում։ Նա Հովհ. Թումանյանի անվան մանկական գրադարանի սպասարկման բաժնի վարիչն էր։ Ամուսինը՝ Աշոտ Ծատրյանը ծննդով շուշեցի է՝ կրկնակի տեղահանված։ Արցախյան շարժման ժամանակ տեղափոխվել և ամուսնացել է Ստեփանակերտում։ Նա «Մենք ենք մեր սարերը» ազգագրական համույթի երաժիշտներից է։ Նունեն ու Աշոտը երկու դուստրերի ծնողներ են։ Ստեփանակերտում նրանք բոլորն աշխատում էին և երբևէ չեն պատկերացրել, որ մի օր կխաթարվի իրենց բնականոն կյանքը ու ստիպված կհեռանան հայրենի եզերքից։

«2023թ. սեպտեմբերի 19-ին աղջկաս հետ Ստեփանակերտի Հանրապետական բժշկական կենտրոնում բժշկի ընդունարանում էինք, որ սկսվեցին պայթյուններն ու , արկակոծությունները։ Ոչ մեկիս մտքով չէր անցնում, որ նման իրավիճակում կհայտնվենք ու բժշկին ակամայից հարցրի, թե՝ էս ինչ մտածում եմ , էնա՞ ու բժիշկն էլ հավաստեց, որ այո, նորից պատերազմ է սկսվել։ Այն խառնաշփոթը, որ տեղի ունեցավ րոպեներ հետո, երևի կյանքում չեմ մոռանա։ Պոլիկլինիկայի ողջ անձնակազմն ու այցելուներն անմիջապես իջան նկուղային հարկ։ Բոլորը խառնված էին ու փորձում էին զանգել իրենց հարազատներին։ Համարյա կապ չկար։ Մանկահասակ երեխաների մայրերն անզորությունից ու անորոշությունից չէին հասկանում՝ ինչպես հասնել դպրոց կամ մանկապարտեզ։ Թոռնիկս էլ այդ օրն առաջին անգամ մանկապարտեզ էր գնացել։ Չէինք կարողանում իրար զանգել։ Այդ օրը ավելի քան երեք ժամ սպասել ենք պոլիկլինիկայի նկուղում։ Արկակոծությունները չէին դադարում։ Աղջկաս հետ վազեցինք դեպի մեր տուն, որը գտնվում էր մայրաքաղաքի վերին թաղամասում։ Սկեսուրս մենակ էր տանը և խիստ վախեցած։ Պատսպարվելու համար նա իջել էր առաջին հարկ։ Ամուսինս երեկոյան եկավ և ասաց, որ տանը մնալը վտանգավոր է, որովհետև մեր թաղամասը մոտ էր դիրքերին, ուստի հավաքվելով գնացինք Մշակույթի պալատի նկուղ»,- վերհիշեց Ն. Քոչարյանը։

Աստիճանաբար սկսվեցին լուրեր տարածվել, որ մարդիկ պետք է դուրս գան և, որ թուրքերը քաղաքում են։ Քաղաքացիները չգիտեին, թե որտեղ է ապահով։ Նունեի եղբայրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեում էր աշխատում և մնում էր աշխատավայրում։ Այդ ընթացքում մայրը մենակ էր մնացել տանը և ստիպված հարևանի հետ օդանավակայան է ուղևորվել ու նորից հետ եկել։ Կապ չկար։ Վերջին օրերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները թաղամասերով շրջում էին և բարձրախոսով հայտարարում, որ միայնակ ու անկողնային հիվանդ մարդկիկ արձագանքեն, որպեսզի օգնեն տեղահանվել։ Նունեենց ընտանիքը ավտոմեքենա չուներ, բայց պետք էր պատրաստվել հեռանալուն։

«Միշտ ասում եմ, լավ է, որ աշխարհում բարի մարդիկ շատ կան։ Ամուսնուս ընկերը՝ Լևոնը օգնության ձեռք մեկնեց և առաջարկեց իրենց ավտոմեքենաների մեջ տեղավորվել և դուրս գալ։ Լևոնի կինը՝ Գայանեն, վարեց մեզ տեղափոխող ավտոմեքենան, որտեղ մեզ հետ տեղավորվեցին 77-այմա մայրս(զոհվածի կին) ու 84-ամյա սկեսուրս(զոհվածի մայր)։ Սեպտեմբերի 25-ն էր, ավտոմեքենաներով քաղաքից դանդաղ դուրս էինք գալիս։ Մեքենաների շարասյունը ժամերով կանգնած էր մնում։ Անձրև էր, կայծակ ու հանկարծ պայթյունի ուժեղ ձայն լսեցինք։ Որոշ ժամանակ անց իրարանցում սկսվեց։ Մարդիկ այս ու այն կողմ  վազվզելով գոռում-գոչում էին, թե վառելիքի պահեստում պայթյուն է եղել։ Շտապօգնության մեքենաները սրընթաց շարժվում էին դեպքի վայր։ Արդեն խոսում էին բազմաթիվ վիրավորների և զոհերի մասին։ Քաոս էր։ Տեսանք պատառոտված հագուստներով այլայլված ու գոռացող մարդկանց։ Մենք որոշեցինք շրջվել և հետ դառնալ տուն, որ չխանգարենք շտապօգնության մեքենաներին»,-վրդովված ներկայացրեց մեր զրուցակիցը։

Կնոջ խոսքով, Ստեփանակերտում երկու օր մնալուց հետո են միայն տեղահանվել։ Վերջին անգամ խմոր էր արել, որ հաց թխի, բայց թողել էր հացը վառարանին ու ստիպված դուրս եկել, ավտոմատի կրակոցների ձայները խիստ սաստկացել էին ու թուրքերը մոտ էին։ Ճանապարհը ահավոր էր, հատկապես մեծահասակ կանանց համար։ Իրենց հետ ուտելիք վերցրել էին, բայց վախենում էին ուտել, որովհետև անհնարին էր ճանապարհին դուրս գալը և պետքեր հոգալը։

«Ճանապարհն ահավոր էր։ Խիստ լարված էինք։ Մորս վիճակը շատ ծանր էր, ինսուլտ էր տարել, ձեռնափայտով էր քայլում, ոտքերի խնդիր ունի։ Սկեսուրս էլ էր վատ վիճակում։ Ոչ մենք էինք ուտում, ոչ էլ իրենց էինք տալիս։ Մի կերպ ենք նրանց հասցրել Գորիս, որտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին և հետո հասանք Երևան։ Սկզբնական շրջանում շոկի մեջ էինք, չգիտեինք ինչպես ապրել ու որոշ ժամանակ անց սկսեցի կարկանդակներ թխել ու վաճառել։ Հետո հասկացա, որ պետք է փորձել մասնագիտությամբ աշխատել։ Շատ շնորհակալ եմ Երևանի Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրենին, որ հաշվի առնելով կարգավիճակս ու երկար տարիների աշխատանքային փորձս,  չմերժեց խնդրանքս և հրավիրեց աշխատանքի»,-տեղեկացրեց այժմ արդեն գրադարանի մատենագիտության բաժնի գլխավոր գրադարանավարը։

Հաջորդ տարվա ապրիլից կդադարեցվի ՀՀ կառավարության կողմից արցախցիներին տրամադրվող բնակվարձի աջակցության ծրագիրը։ Այս որոշումն անընդունելի են համարում արցախցիները,  որովհետև նրանք ոչ բնակարան են ձեռք բերել և ոչ էլ բարձր աշխատավարձ ունեն։ Իսկ արացախցիների մեծ մասն էլ դեռ զբաղվածության խնդիր ունի։

«Չեմ պատկերացնում, թե մեր չնչին աշխատավարձով և թոշակներով ո՞նց պետք է ապրենք։ Ընդ որում մեր ծնողների թոշակի կեսի չափով դեղորայք ենք գնում։ Դեղորայքը թանկ է ու որևէ աջակցություն այդ առումով չենք ստացել։ Արցախյան գոյապայքարում իրենց հարազատներին կորցրած մեր ծնողները չեն հաշտվում ներկայիս իրականության հետ՝ Արցախի կորստի հետ։ Նրանք Ստեփանակերտում ապրում էին առանձին ու հարմարավետ պայմաններում։ Այժմ միասին ենք ապրում և 200 հազար դրամի բնակվարձ վճարում։ Տեղահանությունից հետո իրենց առողջական վիճակը վատթարացել է ու մշտական խնամքի կարիք ունեն։ Մայրս անընդհատ հարցնում է, թե երբ ենք հետ վերադառնալու։ Հետվերադարձի հույսը չենք կորցնում»,-հավելեց Նունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest