Նախկին պայմանագրային զինծառայող Ռ․ Մ․-ն ահազանգել է  Forrights.am-ին՝ պնդելով, որ Ռազմական ոստիկանությունը անտեղի մեղադրել է գողություն կատարելու համար, ինչն էլ հանգեցրել է իր՝ ծառայությունից հեռանալուն։ Ըստ Ռ․ Մ․-ի՝ վախի մթնոլորտում պարտադրել են ստանձնել գործողությունների պատասխանատվություն, որոնք ինքը չի կատարել։ Դեպքը տեղի է ուեցել այս ամռանը՝ Գյումրիում, երբ զինծառայողը Պաշտպանության նախարարության ատեստավորմանը մասնակցելու համար ցանկացել է զինվորական կոշիկներ գնել։

«Հունիսի 6-ին սմենս հանձնեցի, գնացի Գյումրիում գտնվող զինվորական հագուստի խանութ, ատեստավորման համար բատինկա առնելու։ Դրանք թեթև էին, մեզ տվածները ծանր են՝ 1,5 կգ։  Ռազմական ոստիկանության աշխատակիցներն էլ այնտեղ էին, իմացան, ասացին՝ լավ բան ես որոշել։ Ինչ ասում եմ՝ տեսախցիկներով ֆիքսված է։ Ինձ 40 համարի բատինկա էր պետք, խանութի տիրոջը հարցրեցի՝ կա՞, նայեց չկար։ Ես միշտ իր մոտից պարտքով առևտուր եմ արել, ասացի սրանք կվերցնեմ՝ 43 համարն էր, եթե պահեստում լինի, կբերեմ, կփոխեմ։ Անցում է մի քանի օր, ինձ զանգահարում են մեր զորամասի ղեկավարությունից, ասում են՝ էդ ի՞նչ գողություն ես արել, ռազմական ոստիկանությունը քեզ է ման գալիս։ Ասում եմ՝ ոչ մի գողություն չեմ արել, վերցրել եմ, պետք է փոխեմ, եթե չլինի իմ ուզածը, սա գնելու եմ։ Ասացին՝ բատինկան ձեռքդ գնա ռազմական ոստիկանություն, քեզ են ման գալիս»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց Ռ․Մ․-ն։

Ռազմական ոստիկանությունում զինծառայողների սպառնացել են ու ոչ հարգալից խոսել հետը։

«Գնացի Ռազմական ոստիկանություն, քրեականի ղեկավար Հարութ Մալումյանի մոտ, ասում է՝ չես ամաչո՞ւմ գողություն ես անում, 11 տարվա ստաժ ունեմ։ Մտանք պետի տեղակալի՝ Զաքարյանի մոտ, ինձ ասում էին՝ ասա, որ գողացել ես, էս գործը ջրենք, գնա։ Ասում եմ՝ ես գողություն չեմ արել, իրենից միշտ պարտքով ապրանք եմ վերցրել, հագիս ֆորմեն էլ իր մոտից եմ առել։ Ինձ ասում էր, որ գողացել ես, ես էլ պատասխանեցի՝ այդպես լինի, ուրեմն հայ ազգի կեսը գող է, քանի որ շատերն են պարտքով առևտուր անում։ Ինձ ասաց՝ լեզվիդ ես տալիս, այս տղա, դավայ եղի ստեղից։ Էլի գնացի քրեականի պետի սենյակը, պետի տեղակալն էլ եկավ, ասում էր՝ կգնանք, կասենք, որ գողացել ես, ջրենք կգնա։ Կամեռան միացրել էին, ասում են՝ պատմի ոնց ես գողացել, ես էլի նույնը ասացի, սկսեց բղավել, կամեռան անջատեց։ Վերջում էլ ասաց՝ մեղավոր եղնիս, չեղնիս, քեզ կոխելու եմ գնաս»,-ասաց նա՝ նշելով, որ քրեական վարույթ է հարուցվել մի բանի համար, ինչը ինքը չի արել։

«Խանութի տիրոջը կանչել են ՌՈ և ստիպել են, որ իմ դեմ բողոք գրի։ Հետո իմանում է, որ իմ հետ կապված է եղել, գնում, բողոքը հետ է ուզում վերցնել, չեն թողում, մինչև գործը տեղափոխվում է ՔԿ, նոր այնտեղից կարողանում է հետ վերցնել»,-նշեց նա։

Ռ․ Մ․-ն 11 տարվա զինծառայող է, նշում է, որ մեծ պատասխանատվությամբ է իրականացրել ծառայությունը, ինչից այժմ զրկված է։ «Իմ գլխին սարքել են, բայց ես ուզում եմ ծառայել, սիրում եմ ծառայությունը, բայց հետո Ռազմականը հաստատ էլի հետևիցս կընկնի, որ մտնեմ ծառայության»,-ասաց նա։

Forrights.am-ը պարզաբանումներ ստանալու և երկրորդ կողմի դիրքորոշումը ներկայացնելու համար դիմել է ՀՀ ՊՆ և ՀՀ ՔԿ։

Նարեկ Կիրակոսյան

Pin It on Pinterest