Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի, երկրորդ խմբի հաշմանդամ Ալբերտ Առստամյանի գործը դատարանում է։ Նրա դեմ առաջադրվել է մեղադրանք և եզրակացությունը ուղարկվել դատարան։ Դատական նիստերը հոկտեմբերին հետաձգվել էին։ Վերջին դատական նիստը կայացել է նոյեմբերի 12-ին՝ Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում։ Ալբերտ Առստամյանը մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը։ Մեղադրվողը չի հերքել և ընդունել է, որ հենց ինքն է նետել խնձորը, բայց չի ընդունում իր այդ արարքի որակումը որպես խուլիգանություն, այլ որպես բողոքի ակցիա։
Փաստաբան Ռոման Երիցյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր , որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար։ Վարույթն իրականացվում է քննչական խմբի կազմով։
Forrights-ի հետ ունեղած զրույցում Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ մեղսագրված արարքի համար քրեական օրենսգիրքը նախատեսում է հետևալ պատիժները.
- տուգանք՝ առավելագույնը 1.500.000 ՀՀ դրամի չափով, կամ
- հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ
- ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ
- կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ
- ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
«Ներկայումս գործը դատարանում է։ Այս պահի դրությամբ որևէ պատիժ չկա սահմանված արցախցի Ալբերտ Առստամյանի նկատմամբ։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին, որտեղ պետք է ցուցմունք տա Փաշինյանի թիկնապահը։ Դատական նիստերը՝ դռնբաց»,- պարզաբանեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ի երեկոյան՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2/2 շենքի մոտ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հորաքրոջն ու դստերը տեսակցելուց հետո, երբ շենքի բակ էր դուրս եկել, հանկարծ դիմացի շենքի 9-րդ հարկից խնձոր էին նետել նրա ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանն ու վերջինիս պահակախումբը ենթադրել են, որ իրենց ուղղությամբ նռնակ է նետվել և անմիջապես պառկել են գետնին։ Իրավապահներն անմիջապես խուզարկել են Ռուբինյանց 2/2 շենքը։
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ կասկածվող 71-ամյա արցախցի Ալբերտ Առուստամյանին ձերբակալել են, իսկ ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը, վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել տեղում մինչև առավոտյան 07։00-ն։
«Ալբերտ Առստամյանը ցուցմունք է տվել, բացատրել այդ կերպ վարվելու շարժառիթը։ Նա ասել է, որ հեռուստացույցով տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն այս ամենից հետո գնացել խաշլամա է ուտում, ինքն էլ բարկացավ՝ հաշվի առնելով Արցախը հանձնելու հանգամանքը։ Դուրս է եկել ծխելու ու հենց այդ պահին տեսել է, որ Նիկոլ Փաշինյանն իր պահակախմբի հետ կանգնած է իրենց փողոցում, վերցրել է խնձորը և նետել նրա ուղղությամբ»,- հավելեց փաստաբանը։
Զառա Մայիլյան