Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն հրապարակել է Ադրբեջանի վերաբերյալ իր հինգերորդ փուլային զեկույցը։
Նշվում է, որ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել Ղարաբաղյան հակամարտությանը հաջորդած իրավիճակի լուծման համար։ «Այս կարծիքում Խորհրդատվական կոմիտեն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղի տարածաշրջանում։ Մոնիթորինգի այս շրջանի ընթացքում Ադրբեջանը վերահաստատել է իր արդյունավետ վերահսկողությունը Ղարաբաղի, ինչպես նաև հարակից յոթ շրջանների նկատմամբ։ Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի գրեթե տասը ամիս շրջափակումից, 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունների ռազմական գործողությունից և միջանցքի հանկարծակի վերաբացումից հետո ավելի քան 100.000 հայեր լքել են տարածաշրջանը»,- ասվում է զեկույցում։
Եվրոպայի խորհրդի Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն Ալիևի վարչակազմին կոչ է արել «քաղաքական, իրավական, գործնական պայմաններ ստեղծել, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանված հայերի անվտանգ ու անարգել վերադարձի համար, ինչպես նաև հատուկ մեխանիզմ՝ սեփականության հարցերը լուծելու նպատակով»։
«Ադրբեջանի իշխանություններին կոչ է արվում գույքագրել, պաշտպանել և պահպանել հայկական բոլոր կրոնական ու մշակութային վայրերն ու արտեֆակտները, ինչպես նաև հետաքննել տարածաշրջանում էթնիկ հայերի կողմից օգտագործվող պատմամշակութային հուշարձանների և գերեզմանոցների վանդալիզմի, ոչնչացման ու փոփոխման մասին բոլոր մեղադրանքները»,- ասված է փաստաթղթում։
Եվրախորհրդի խորհրդատվական կոմիտեն ծավալուն զեկույցում բազմաթիվ դեպքեր է վկայակոչել՝ պնդելով, որ ղարաբաղյան հակամարտության համատեքստում առկա է Հայաստանի Հանրապետության դեմ հրապարակային հռետորաբանություն, որն անմիջական ազդում է էթնիկ հայերի նկատմամբ վերաբերմունքի վրա։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: