Ավելի քան մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծած մեկօրյա պատերազմի հետևանքով արցախահությունը բռնի տեղահանվեց իր պատմական հայրենիքից՝ ենթարկվելով էթնիկ զտման։ Վերջերս տարբեր հարթակներում հաճախակի են բարձրաձայնում արցախցիների հետվերադարձի իրավունքի հարցը, ինչի վերաբերյալ անդրադաձել են նաև միջազգային արդարադատության ատյաններն ու իրավունքի մասնագետները։ Վերադարձի իրավունքի և Էթնիկ զտման իրավական  հիմքերի վերաբերյալ մեզ հետ ունեցած զրույցում պարզաբանեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Վերադարձի իրավունքի վերաբերյալ կան հետազոտություններ և այն միջազգային իրավունքում ունի հստակ նորմատիվ բնույթ, թեև ոչ այդ արտահայտությամբ, այլ տեղաշարժի իրավունքի առումով։ Դա ամրագրված է միջազգային իրավունքի երեք ճյուղերում՝ սովորույթային, մարդու և հումանիտար։ Այսինքն, այն ունի հստակ նորմատիվ բնույթ, բայց չի կոչվում վերադարձ, այլ դիտարկվում է տեղաշարժի իրավունքի ներքո, իսկ էթնիկ զտման առումով կան վիճարկություններ։ Մասնագետների  մի մասն այն բնորոշում են որպես քաղաքական տերմին, բայց իրավական, դատական ակտերում էթնիկ զտում հասկացությունը տեղավորվում է և ռասիզմի, և պատերազմական հանցագործությունների ներքո, բայց այն չունի կոնկրետ նորմատիվ բնույթ»,-նշեց միջազգային իրավունքի մասնագետը։

Նրա խոսքով՝  էթնիկ զտում հասկացությունն ավելի շատ պետք է փնտրել ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային պայմանագրերում և այն կարող է դիտարկվել ցեղասպանության կամ պատերազմական հանցագործությունների ներքո ու ավելի շատ էթնիկ զտումը քաղաքական տերմին է։

«Այդ առումով դատական գործեր շատ կան ու օրինակ, հենց Իսրայել -Պաղեստինի վերաբերյալ ներկայումս ընթացողները։ Այժմ, հատկապես Իսրայելի դեմ են ներկայացվել լուրջ դատական գործեր՝ պայմանավորված վերջինիս կողմից սանձազերծած նոր պատերազմով։ Դրա առնչությամբ 1948թ.-ից դատական գործերն են ուսումնասիրվում՝ պարզելու, թե Իսրայելի գործողություններն արդյո՞ք չեն խախտում միջազգային իրավունքը՝ ու այդ համատեքստում նշելով և ցեղասպանության, և շրջափակման, և էթնիկ զտման հասկացությունները։ Վերջինս որպես հասկացություն ու  ինքնուրույն նորմ  գոյություն չունի, բայց հոլովվում է, այսինքն թե ցեղասպանության, թե պատերազմական ու մարդկության դեմ գործած հանցագործությունների, թե Ժնևյան կոնվենցիաների ներքո այն դիտարկվում է։ Ի տարբերություն, ասենք՝ վերադարձի իրավունքի, այն որպես առանձին տերմին իրավական նորմ չունի»,-պարզաբանեց Արա Ղազարյանը։

Միջազգայնագետը տեղեկացրեց նաև, որ Արցախի հարցով տարբեր փաստաթղթերում էթնիկ զտում հասկացությունն օգտագործվում է, նույնիսկ կիսաիրավական, դատական միջանկյալ ակտերում, որոնք ընդունված են միջազգային արդարադատության դատարանի կողմից։ Արցախցիների Էթնիկ զտման հասկացությունն ընդունվում է դատարանների կողմից, ինչը կատաղեցնում է ադրբեջանցիներին, իսկ դատարանի որոշումների դեմ Ադրբեջանն ի զորու չէ որևէ քայլ ձեռնարկել։

«Ինչքան էլ փորձում են ազդել դատական գործընթացների վրա, միջազգային արդարդատության կառույցները,  ի տարբերություն տարբեր քաղաքական մարմինների, պահպանում են իրենց նորմերն ու չափանիշները ու չեն տրվում կողմերի ճնշումներին՝ չիջեցնելով նշաձողը, այլապես կհեղինակազրկվեն։

Ինչ վերաբերում է պետության ունեցած դերակատակատարությանն այդ գործընթացներում, ապա ամեն ինչ կախված է դատարանների կանոնակարգից։ Այսպես, եվրոպական դատարանները թույլատրում են անհատական գանգատների գործընթաց, բայց միջպետական էլ է թույլ տալիս։ Օրինակ,  արդարադատության միջազգային ատյանը միայն միջպետական գործեր է ընդունում, բայց միջազգային քրեական դատարանը անհատական դիմումներ էլ ու անհատների դեմ էլ գործընթաց սկսում։ Այսինքն դատարանները գործում են ըստ իրենց կանոնադրության»,-հավելեց միջազգային իրավունքի մասնագետը։

Զառա Մայիլյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest