Հայաստանի Հանրապետության վարչապետ
պարոն Նիկոլ Փաշինյանին
պատճենը` ՀՀ Գլխավոր դատախազ
Աննա Վարդապետյանին
պատճենը` ՀՀ Արդարադատության նախարար
Սրբուհի Գալյանին
պատճենը` ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանին
ՀՀ ԱՆ ‹‹Սևան›› ՔԿՀ-ի
դատապարտյալ Արամ Յուրիկի Առաքելյանից
Բաց նամակ
Հայտնում եմ Ձեզ, որ դատական և արդարադատության համակարգի թերի աշխատանքը, իսկ երբեմն նաև անգործությունը, ստիպել են ինձ դիմել ինձ համար ոչ այդքան ընդունելի, բայց միակ մնացած, ծայրահեղ քայլին: Ես ավելի քան 31 տարի է գտնվում եմ անազատության մեջ` դատապարտվելով նախ մահապատժի ապա` ցմահ ազատազրկման: Վերջին հինգ-վեց տարվա ընթացքում, գործադիրը մշակել է մարդասիրական այնպիսի մեխանիզմներ, որոնք լինելով մարդակենտրոն, ուղղված են մեր`դատապարտյալներիս ուղղմանը: Մեր պետությունը հրաժարվելով պատժողական արդարադատությունից, որդեգրել է վերասոցիալականացման քաղաքականությունը, որպեսզի ես և ինձ պես բազում դատապարտյալներ կարողանանք վերադառնալ հասարակություն և լինենք մեր հասարակությանը և պետությանը պիտանի քաղաքացի:
Սակայն գործնականում ամեն ինչ այլ է: Ինչպես նշեցի, արդեն 31 տարի կրում եմ իմ արժանի պատիժը, այս տարիների ընթացքում ես անցել և յուրացրել եմ բոլոր այն վերասոցիալականացման ծրագրերը, որոնք մշակվել և իրականացվել են: Ես ստանում եմ միջնակարգ կրթություն և մտադրված եմ շարունակել իմ ուսումը բուհ ընդունվելով, ստեղծել եմ իմ ընտանիքը, յուրացրել և ակտիվորեն զբաղվում եմ ստեղծագործական աշխատանքով` ամբողջ հասույթը ուղղելով բարեգործական հիմնադրամներին: Այս տարիների ընթացքում ես ունեցել եմ նաև բազում հիվանդություններ, որոնցից մեկի`գլխուղեղի սուր իշեմիկ կաթվածի հետևանքով ես ձեռք եմ բերել հաշմանդամություն, իսկ համապատասխան բուժում չստանալու հետևանքով իմ հիվանդությունը ավելի է սրվել, ինչի պատճառով ես ստիպված եմ
ցմահ դեղեր ընդունել, այն էլ ամենօրյա ռեժիմով: Նշեմ, որ 26.05.2006թ թիվ 825 որոշումով, Հայաստանի Հանրապետության Կառավարությունը սահմանել է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների ցանկ, որում ընդգրկված էր նաև ինձ մոտ առկա հիվանդությունը:
04.11.2021թ ՀՀ Կառավարությունը կայացնելով թիվ 1818 որոշումը խմբագրելով և փոփոխելով այդ հիվանդությունների ցանկը, որից դուրս մնաց իմ հիվանդությունը, սակայն նույն այդ որոշման 96-րդ կետը նախատեսում է, որ պատժի կրմանը խոչընդոտում են նաև այն հիվանդությունները, որոնք կյանքին իրական վտանգ են սպառնում և որոնց բարդացումը կարող է մահվան պատճառ դառնալ: Ինձ մոտ առկա հիվանդությունը այս համատեքստում համապատասխանում է թիվ 1818 որոշման 96-րդ կետի պահանջներին, սակայն, քանի որ իմ պատիժը ցմահ ազատազրկում է, ուստի ոչ մի կառույց իր մեջ համարձակություն չի գտնում բարձրացնել և տալ այս խնդրի լուծումը:
Չնայած այդ ամենին, ես չեմ հուսալքվել և ամեն գնով պայքարում եմ իմ ազատության համար: Սակայն դատական և արդարադատական համակարգերը ոչ միայն չեն օգնում, այլ ընդհակառակը` խոչընդոտում են իմ առաջխաղացմանը: Տարիներ շարունակ դատարանները մերժում են ինձ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը, բազում պատճառներ առաջ քաշելով` սկսած տուժողի իրավահաջորդի բացասական դիրքորոշումից մինչև այն, որ ես դեռևս իմ պատիժը կրում եմ միջին անվտանգության գոտու մեղմ պայմաններում (կիսաբաց ռեժիմ), նշելով, որ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատումը հնարավոր է միայն ցածր անվտանգային գոտում հայտնվելուց և այդ պայմաններում որոշակի ժամանակահատված պատիժը կրելուց հետո:
Անդրադառնալով առաջին` տուժողի իրավահաջորդի դիրքորոշում պաճառաբանությանը, անհրաժեշտություն եմ գտնում մատնացույց անել ՀՀ ԱՆ պրոբիցիայի ծառայությանը, նշելով, որ նախ`2016թ մայիսի 17-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ‹‹Պրոբիցիայի մասին›› օրենքը նախատեսում է հաշտարարի պարտականություն, որոնք տրված են պրոբիցիայի ծառայությանը: Այսինքն, պրոբիցիայի ծառայությունը ըստ օրենքի, պարտավոր էր տարիների ընթացքում հաշտության եզրեր գտնել իմ և դատարանի որոշմամբ տուժողի իրավահաջորդ ճանաչված անձանց հետ, ինչը չի կատարել, հակառակը պրոբիցիայի ծառայությունը իր գործելաոճով ավելի է խորացնում և անհնարին դարձնում հաշտության գործընթացը: Բացի այդ, պրոբիցիայի ծառայությունը այս տարի դատարան է ներկայացրել տուժողի իրավահաջորդի կարծիք, որը մահացել է դեռևս 2021թ, ինչպես նաև պրոբիցիայի ծառայությունը ինձ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման բացասական եզրակացություն տալու համար պատրաստ է նույնիսկ գնալ օրինախախտումների` դատարան ներկայացնելով տուժողի շինծու իրավահաջորդների, քանի որ տուժողի իրավահաջորդ կարող է ճանաչվել միայն
դատարանի կողմից ընդունված և ուժի մեջ մտած որոշումով, այն էլ այն դատարանի, որը կայացնում է մեղադրական վճիռ:
Հիշեցնեմ, որ օրենսդիրը պայմանական վաղաժամկետ ազատման համար սահմանել է պատժի նվազագույն շեմ, որը ըստ օրենքի 20 տարի է և նրանում նախանշված չեն ոչ՛ տուժողի իրավահաջորդի դիրքորոշումը և ոչ՛ էլ պատժի կրման պայմանների պարտադիր լինելը: Սակայն դատարանները, մինչև օրս չեն կարողանում ձերբազատվել նախկինների կողմից պարտադրված գործելաոճից և պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման որոշում կայացնելիս սպասում են ‹‹վերևների դաբռոյին››: Գիտակցելով, որ անմտություն է հույս դնել միայն պայմանական ազատման վրա, ես ավելի քան չորս տարի է դիմում եմ պատժի կրման պայմանների մեղմացման միջնորդություններով, և հույս ունենալով, որ ինձ կտրվի հնարավորություն գործնականորեն դրսևորել ինձ որպես հասարակության համար պիտանի անձ: Իսկ այս դեպքում արդեն արդարադատության համակարգը ի դեմս քրեկատարողական ծառայության իր մեջ խիզախություն, վճռականություն և համարձակություն չի գտնում իմ պատժի կրման պայմանները մեղմացնելու և ցածր անվտանգային գոտում պատիժը շարունակելու հարցը ամեն անգամ մերժելով:
Տարիներ շարունակ քրեակատարողական ծառայությունից մերժումներ ստանալով և այդ որոշումները դատարաններում բողոքարկելով` ես դոփում եմ տեղում առանց որևէ ակնկալիքի, որ ինչ որ բան կփոխվի, չորս տարի անընդհատ շուրջ երեք քրեակատարողական հիմնարկ` ‹‹Կոշ››, ‹‹Արմավիր›› և ‹‹Սևան›› քրեակատարողական հիմնարկները, իմ պատժի կրման պայմանների մեղմացման վերաբերյալ տալիս են դրական եզրակացություն, սակայն քրեակատարողական ծառայությունը այս ամբողջ ընթացքում մերժում է այդ միջնորդությունները հիմնվելով 31 տարի առաջ, 21 տարեկան հասակում առանձնապես ծանր հանցանք կատարելու պատճառաբանությանը դրանով իսկ շեղվելով գործադրի մարդասիրական, մարդակենտրոն քաղաքականությունից և ստանձնելով դահիճի գործառույթ:
Այս ամենը ավելի սրվում է գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնող վարչության դատախազների միջամտության մտավախությունից, քանի որ այդ վարչության դատախազները, ունենալով սովետական ժամանակաշրջանի բնորոշ պատժողական մտածելակերպ, չեն հանդուրժում որևէ դրական փոփոխություն և ամեն հարմար պահին կայացնում են կասեցման միջնորդությունները: Նրանք միշտ միջամտում և կասեցման միջնորդություն են ներկայացնում խրախուսանք ստանալու կամ պատժի կրման պայմանները մեղմացնելու ժամանակ, սակայն երբեք չեն միջամտում, երբ կայացվում է տույժի ենթարկելու կամ պատժի կրման պայմանների փոփոխումը մերժելու որոշում:
Մեկը մյուսի հետ արհեստականորեն շաղկապված, անտրամաբանական, չհիմնավորված և չպատճառաբանված, որոշակիության սկզբունքից դուրս նման
գործելաոճը, որը շարունակվում է գրեթե հինգ տարի, ինձ հասցրել է այնպիսի մի կետի, որ ես` արդարության և արդարադատության նկատմամբ հավատը կորցրած ստիպված եմ դիմել ծայրահեղ քայլի: Լսելով Հայաստանի Հանրապետության վարչապետի` Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները`անկախ դատական համակարգ ունենալու արդյունավետ և օրինապահ արդարադատություն ունենալու մասին, բայց գործնականորեն հակառակը ինքս ինձ վրա զգալով, ես ստիպված եմ հայտարարել հացադուլ, որի ընթացքում հրաժարվում եմ նաև իմ կենսունակությունը պահպանող դեղորայքներից:
Իմ այս քայլը կամայականություն չէ, այլ` պարտադրված քայլ` լսելի լինելու, արդարության ճիչ և օգնության աղերս:
Սույն գրությունը կրում է ‹‹Բաց նամակ›› խորագիրը և ես հույս ունեմ, որ այն իր հասցեատերերին կհասնի մինչ այն պահը, երբ իմ վիճակը` հացադուլի և դեղերից հրաժարվելու հետևանքով, կդառնա անդառնալի:
Այսպիսով դիմելով պատկան մարմիններին, ակնկալում եմ, որ այն կառույցները, որոնք ինչ որ կերպ կապ ունեն իմ կողմից բարձրաձայնած խնդիրների հետ, կարձագանքեն հնարավորինս կայցելեն ‹‹Սևան›› ՔԿՀ, կհանդիպեն ինձ հետ, խնդիրներին ավելի խորքային, փաստերով և մանրակրկիտ ծանոթանալու նպատակով:
Հարգանքներով դատապարտյալ
Արամ Յուրիկի Առաքելյան / /
18.11.2024
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: