«Մենք այսօր այստեղ հավաքվել ենք մեր անհամաձայնությունը հայտնելու Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովի վերաբերյալ։ Ադրբեջանն այն պետությունն է, որը խախտել է միջազգային կանոնները, եւ այդ մասին բազմաթիվ փաստեր կան։ Օրինակ՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը, որը պարտադրում էր Ադրբեջանին ապաշրջափակել Արցախը, իսկ շրջափակումը դա ցեղապանական ակտ է»,- ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը։
Նա նշեց, որ Ադրբեջանն անտեսել է Արդարադատության միջազգային դատարանի եւ ՄԻԵԴ որոշումները, իսկ միջազգային հանրությունը լուռ է։
«Մենք այսօր տեսնում ենք, որ տարբեր երկրների ներկայացուցիչներ փաստորեն այցելել են այդ ցեղասպան երկիր։ Եվ ցավալի է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն է մասնակցել այդ համաժողովին։ Փաստորեն մի պետություն ցեղասպանություն է իրականացնում 21-րդ դարում, ընդ որում, բացահայտ, իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն այցելում է Ադրբեջան եւ ոչ մի քննադատական խոսք, ոչ մի մեղադրանք չի հնչեցնում Ալիեւի նկատմամբ։ Չի խոսում ոչ գերիների ազատ արձակման մասին, ոչ էլ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին ԼՂ խաղաղ բնակչության դեմ։ Եթե նույնիսկ փորձենք հասկանալ, որ այդ համաժողովը համաշխարհային նշանակություն ունի, եւ պարոն Գուտերեշն ու մյուսները ստիպված են եղել մասնակցել դրան, ապա, կոչ ենք անում, որ ելնելով բարոյական սկզբունքներից, իրենք պարտավոր են Ադրբեջանում բարձրացնել այդ հարցերը, մեղադրել ու դատապարտել Ալիեւին ցեղասպանական գործողությունների համար, նաեւ կոչ անել, որ անհապաղ ազատ արձակեն մեր բոլոր գերիներին»,- ասաց Օսիպյանը։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: