2023թ. սեպտեմբերի 19-ի մեկօրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված  միայնակ հայր Անդրանիկ Բախշիյանը մեծ դժվարություններով է խնամում աուտիզմով հիվանդ իր տասնամյա որդուն՝ Ռոմանին։ 2017թ. երեխայի մոտ մանկական աուտիզմ  ախտորոշումը հաստատվելուց հետո Անդրանիկը միայնակ լծվել է Ռոմանի խնամքին, ինչը պահանջում է տքնաջան աշխատանք՝ վերականգնողական կենտրոններում բուժման ներգրավելուց մինչև կենցաղային ու սոցիալ-հոգեբանական խնդիրներ լուծելը։

«Երեխայի խնամքի ողջ ծանրությունն իմ ուսերին է։ Աուտիզմից բացի նրան ախտորոշել են նաև հիպերակտիվություն և ուշադրության պակաս խանգարումները։ 2017-2023թթ.  նրան պարբերաբար տանում էի Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն։ 2023թ. սեպտեմբերի 19-ին սովորականի պես երեխայի հետ գնացինք դպրոց ու քանի որ շրջափակում էր՝ գիտեք, տանն ընդհանրապես հաց չկար, ուստի հետո գնացի շուկա և կիսակարմիր պոմիդոր գնեցի, որ գոնե երեխային տանք ուտի։ Ու այդ ընթացքում միանգամից սկսվեց պատերազմը և անմիջապես  շտապել ենք պատսպարվել քաղաքապետարանի նկուղում։ Մինչ այդ մի պայուսակի մեջ նախօրոք տեղադրել էի մեր կարևոր փաստաթղթերը և դրանք տնից վերցնելով մեզ հետ տարել ենք ապաստարան։ Բայց Ռոմանին ապաստարանում պահելը շատ դժար էր, նա չէր ուզում այդտեղ մնալ ու  չէր հասկանում իրավիճակի լրջությունը։ Դե եթե երեխան չէր մնում, մենք էլ՝ 88-ամյա տատիկս, մայրս ու ես, Ռոմանի հետ վերադարձանք մեր բնակարանը»,-տեղեկացրեց Անդրանիկը։

43-ամյա զրուցակիցս ծնվել և ապրել է Ստեփանակերտում։ Իր ողջ գիտակցական կյանքը նա կապում է Արցախյան շարժման ու գոյապայքարի հետ ու մտքովն անգամ չի անցել, որ մի օր էլ ինքը ստիպված պիտի հեռանա ծննդավայրից։ Նույնիսկ 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով  ադրբեջանցիների կողմից Արցախի տարածքի մեծ օկուպացմամբ Անդրանիկը վախենում էր մտածել, որ հնարավոր է մի օր էլ ինքն իր հաշմանդամ երեխայի հետ կբռնի գաղթի ճամփան՝ խուսափելով պատկերացնել, թե այդ դեպքում ինչերի միջով կանցնեն։

«Սեպտեմբերի 21-ն էր՝ ոչ գազ կար, ոչ լույս։ Դե երեխան հաց էր ուզում, մի բան պիտի անենք։ Մինչև իջանք բակ, որ կրակ վառենք ու հաց թխենք, մեկ էլ տեսանք Ռոմանը չկա, մեր տեսադաշտից կորել է։ Հենց այդ պահին տեղեկացնում են, որ ադրբեջանցիները քաղաքի վերին հատվածում են՝ Կրկժանում։ Վայ, ես բառերով չեմ կարող նկարագրել, թե  հոգեբանական ինչ վիճակ էր մոտս, ինչ ասես գլխովս անցավ՝ բա որ ադրբեջանցիների ձեռքն ընկներ ու վախենում էի երեխուս չկարողանամ գտնել։ Մի կերպ ինձ հավաքեցի ու Հադրութից տեղահանված հարևանիս հետ միասին սկսեցինք փնտրել որդուս։ Ու նրա ջանքերի շնորհիվ երեխաս մի քանի ժամից գտնվեց։ Որդիս այդ ընթացքում այնքան էր քայլել, որ երբ բերինք տուն, միանգամից պառկեց ու քնեց», — հուզված ներկայացրեց հայրը։

Ընդհանրապես աուտիզմ խանգարում ունեցողները խուսափում են բազմամարդ վայրերից, իսկ Անդրանիկենց շենքը ԱՀ նախագահականի ու քաղաքապետարանի միջակայքում էր ու պատերազմական այդ օրերին Ռոմանն ականատես լինելով շրջաններից Ստեփանակերտի քաղաքապետարանի մոտ հավաքված մարդկանց հոծ բազմությանը, անհանգստացավ անսովոր իրավիճակից ու նման վարքագիծ դրսևորեց։

«Քանի որ մենք Ստեփանակերտի կենտրոնում էինք ապրում, ակամայից առնչվում էինք  տեղահանման տեսարաններին։ Ավտոմեքենա չունեինք ևդիմել էիԿարմիր խաչին, որ որպես հաշմանդամների մեզ աջակցեն, տատիկս էլ արդեն հիվանդ էր։ Մտածում էի, որ ավտոբուսով տեղահանվելը մեզ համար շատ դժվար կլիներ։ Տեղահանվեցինք սեպտեմբերի 29-ի երեկոյան՝ ամենավերջին ավտոբուսներից մեկով՝ հոգեբանորեն լարված ու ճնշված վիճակում։ Որդուս ձեռքը բաց չէի թողնում, վախենում էի, որ հանկարծ չփախչի, իսկ մյուս ձեռքով ծանր պայուսակներն էի քարշ տալիս, որ հասնենք հրապարակում կայանված ավտոբուսներին։ Հիմնականում երեխայի տաք հագուստն ենք վերցրել, որ չմրսի, իսկ մեր շորերից՝ միայն մի ձեռք ու կարևոր փաստաթղթերը, նույնիսկ մեր հին լուսանկարներն ենք թողել, ինչի համար շատ եմ ափսոսում»-վերհիշելով պատմեց Անդրանիկը։

ՀՀ տեղափոխվելուց երկու ամիս հետո մահացել է Անդրանիկի տատիկը, որը մինչ տեղահանումն առողջական խնդիրներ չուներ։ Այժմ 130 հազար դրամ վարձավճարով նրանք ապրում են 1 սենյականոց բնակարանում՝ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում։ Ամեն ամիս սպասում են արցախցիներին տրամադրվող ֆինանսական աջակցությանը, որ կարողանան վճարել բնակարանի և կոմունալների վարձերը։ Իսկ այդ հատկացումներն ամեն ամիս ուշացումով են տալիս։ Մեր զրուցակիցն որդու խնամքի պատճառով չի կարողանում աշխատել, իսկ աուտիզմով երեխաները պետք է պարբերաբար վերականգողական թերապիա անցնեն, որ վարքի դրական փոփոխություն ունենան։

«Կխնդրեի սրտացավ ու կարող մարդկանց,  ֆինանսապես աջակցել մեզ, որ գոնե երեխային կարողանամ Երևանի վերականգնողական կենտրոններ տանել։ Առնվազն շաբաթական 3 անգամ Ռոմանը պետք է հաճախի հատուկ մեթոդներով թերապիա իրականցնող «Սորս» կենտրոն, ինչի համար ես ամեն գնալ-գալու դեպքում տաքսիի համար պետք է վճարեմ 5 հազար դրամ։ Ֆինանսական խնդրի պատճառով այժմ չեմ կարողանում երեխային կենտրոն տանել, ինչը վատ է անդրադառնում նրա առողջության վրա։ Ես հաշմանդամ եմ, սթրեսի հետևանքով մոտս սրտի խնդիրներ են ի հայտ եկել, 66-ամյա մորս սիրտը վիրահատել և ապարատ են տեղադրել։ Մենք պարբերաբար պետք է հետազոտություններ անցնենք, որոնք վճարովի են։ Գենետիկական մի անալիզի համար  պետք է վճարեինք 700 հազար։ Արցախում մեզ անվճար էին դեղորայք տրամադրում ու մյուս բոլոր հետազոտությունները ևս անվճար էինք անցնում, իսկ այստեղ պետք է վճարենք, բայց թե ինչպե՞ս, ոչ ոքի չի հետաքրքրում։ Երկու տուն ենք թողել Արցախում ու հիմա փախստականի կարգավիճակով ու մեր հիվանդություններով գոյատևելը շատ դժվար է։ Ոչ բռնի տեղահանությունն են հաշվի առնում, ոչ էլ հաշմանդամության խումբը։ Եթե ապրիլից հետո 50-հազար դրամի աջակցությունների ծրագիրը դադարեցվի մենք կհայտնվենք անելանելի վիճակում ու պիտի մտածենք արտագաղթի մասին»,-վրդովված ասաց միայնակ հայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զառա Մայիլյան

Pin It on Pinterest