Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրավիրել է ասուլիս՝ «Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղում հայեր չկան» փաստահավաք ամբողջկյան զեկույցը ներկայացնելու համար:

2024 թ․ հուլիս ամսին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում հրապարակվեց զեկույցի ամփոփագիրը։

Զեկույցի ներկայացման ժամանակ բանախոսները մի քանի կարեւոր արձանագրումներ արեցին․

1․ Արցախում 2020-2023 թթ․ տեղի են ունեցել էթնիկ զտումներ

2․ 2023-ի սեպտեմբերի 19-24-ի դրությամբ Արցախում ստեղծված իրավիճակը խաղաղ բնակչությանն այլ ելք չթողեց, բացի հազարամյա հայրենիքը լքելուց

3․ Ռազմական հանցագործությունների անպատժելիությունը, ահաբեկումները, ագրեսիան, երաշխիկների անորոշությունը, շրջափակումը, ռուս խաղաղապահների պահվածքը՝ մեկ պլանավորված ծրագրի մասերն են, որի նպատակը՝ Արցախում հայերի ապրելու անհնարինության համար պայմաններ ստեղծելն է։ Հիմա այդ ծրագիրը շարունակվում է մշակութային ժառանգության ոչնչացմամբ եւ սեփականության իրավունքի խախտմամբ։

Թեկուզ զեկույցը վերաբերվում էր մարդու իրավունքներին, սակայն այդ իրավունքների խախտման քաղաքական պատճառները թույլ չեն տալիս զերծ մնալ քաղաքական գնահատականներից։ Էթնիկ զտումների, ռուսական զորքերի պատասխանատվության, Ադրբեջանի կողմից կատարված ռազմական հանցագործությունների մասին հիշատակումները՝ հենց քաղաքական գնահատականներ են։

Ահա թե ինչու զեկույցի քննարկման ժամանակ խոսքը առավեկապես գնաց քաղաքական գնահատականների եւ հետեւանքների մասին։ Եւ թեկուզ զեկուցողները խոսում էին հիմնականում իրավական քայլերի, մասնավորապես՝ միջազգային դատարաններ անհատական դիմելու մասին, սակայն բաց տեքստով ասվում էր, որ այդ դիմումները առանց քաղաքական կամքի չեն կարող արդյունավետ լինել։

Խոսքը առաջին հերթին Հայաստանի կառավարության քաղաքական կամքի մասին է։ Ըստ զեկույցի հեղինակներից մեկի, այդ կամքը կարող է գեներացվել միայն հասարակական պահանջի արդյունքում։

Դա շատ կարեւոր նկատառում է․ քաղաքացիական հասարակության մակարդակում փաստվում է, որ Հայաստանի հասարակությունը համակերպվել է Արցախում իր համերկրացիների հիմնաար իրավունքների խախտման հետ եւ չի պահանջում կառավարությունից քաղաքական կամք դրսեւորել։ Թեկուզ հասկանալով, որ նման խախտումներ կարող են լինել Հայաստանի ցանկացած քաղաքացու նկատմամբ։

Ավելին, Հայաստանի հանրային շրջանակներում որոշակի աղբյուրներ գեներացնում են զեկույցի եզրակացություններին հակասող դիսկուրսներ․ որ արցախցիները կարող էին մնալ, բայց գերադասեցին փախնել, չեն պայքարել, եկել են Հայաստանում իշխանություն փոխելու եւ այլ։ Նման խոսույթը գրեթե բացառում է հասարակական ճնշումը կառավարության վրա։

Հայաստանում քաղաքական կամքի բացակայությունը բերում է նաեւ աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությամբ շահագրգիռ երկրների կամ ատյանների անգործության։ Այդ պատճառով էլ զեկուցողները վերապահումներով էին խոսում Ադրբեջանի հանդեպ պատժամիջոցների կամ այլ քաղաքական քայլեի հնարավորության մասին։

Զեկուցի ներկայացման ժամանակ «Միջազգային գործընկերությունը հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով տնօրեն Սիմոն Պապուաշվիլին նշել է, որ պատրաստվում են ձեռք բերված ապացույցների փաթեթների հիման վրա դիմել միջազգային քրեական դատարան՝ հանցագործներին պատասխանատվության ենթարկելու պահանջով։  «Հիմնվելով մեր հետազոտած ապացույցների վրա՝ կարող ենք եզրակացնել, որ խնդրո առարկա իրադարձությունները համարվում են մարդկության դեմ ուղղված հանցագործություն կամ խաղաղ բնակչության հնարավոր տեղահանում», ասել  է նա։ Հանցագործությունները եղել են համատարած, համակարգված և Ադրբեջանի պետական քաղաքականության մաս, որը նպատակ ուներ մաքրել ամբողջ տարածքը էթնիկ հայերից, ասել է փորձագետը։

Ցավոք, Ադրբեջանը եվրոպական երկրների կամ ԱՄՆ-ի կողմից չի ընկալվում որպես վտանգ, և, հետևաբար, ավելի քիչ քաղաքական կամք կա՝ դիմակայելու Ադրբեջանին իր հանցագործությունների համար, նկատել է Պապուաշվիլին:

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը հիշեցրեց, որ զեկույցը կարծես պատրաստվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պատվերով, սակայն Freedom House-ի ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը հավաստիացրեց, որ դա բացառապես հասարակական նախաձեռնություն է։ Շիրինյանը նաեւ հիշեցրեց, որ օգոստոսին նրանք եղել են ԱՄՆ-ում, ներկայացրել են զեկույցի ամփոփագիրը, եւ հիմա այնտեղ սպասում են զեկուցի ամբողջական տարբերակը։

Արդյո՞ք ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո այս զեկույցը արդիական կլինի։ Հեղինակները չունեն նման հարցերի պատասխաններ։ Նաեւ այն հարցի, արդյո՞ք Հայաստանը եւ այլ պետությունների կոալիցիան կարող են դիմել ՄԱԿ դատարան, եւ որքանով է առանց դրան արդյունավետ իրավական գործընթացի նախաձեռնումը։

Նաիրա Հայրումյան

Pin It on Pinterest