Վարուժան Ավետիսյանի որդին՝ Դավիթ Ավետիսյանը երեկ՝ նոյեմբերի 7–ին, դատարանի վճռով մեղավոր է ճանաչվել և տուգանվել է 525 հազար դրամի չափով։

Երիտասարդի մեղքն այն է եղել, որ 2023 թվականի հուլիսի 2-ին  Երևանի Անգլիական այգու մոտակայքում պատահաբար հանդիպելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, անվանելով դավաճան և վիժվածք։

Ոստիկանները Դավիթին բերման էին ենթարկել, ձերբակալել էին, ապա հարուցվել էր քրեական վարույթ։

Վարուժան Ավետիսյանի որդին է, որ դատապարտվել է 7 տարի 4 ամիս ազատազրկման եւ գտնվում է կալանավայրում։

Հետաքրքիր է այն, որ Փաշինյանն ինքն էլ է հաճախակի վիրավորում ՀՀ քաղաքացիներին, ասելով, որ նրանց կծեփի պատերին, կփռի ասֆալտին, սպառնում է «շինել» ընդդիմությանը, բայց որևէ իրավական հետևանք նրա ելույթները չեն ունենում։

Նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ԱԺ պատգամավոր էր, նա շատ ավելի հանդուրժող էր վիրավորանքների նկատմամբ։ Այսպես, 2016 թվականի մարտի 16–ին, երբ ԱԺ–ում նա մի քանի թթու խոսք էր ասել նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի հասցեին, ՀՀԿ-ական պատգամավոր  Առաքել Մովսիսյանը նրա հասցեին վիրավորական արտահայտություն արեց, ասելով. «Արա, այ համբալ, դիշովկա»:

Նիկոլ Փաշինյանն այն ժամանակ նման դեպքերում դատարան չէր գնում, երևի, գիտակցելով, որ ուժն իր կողմը չի։ Նա ընդամենը հակադարձում էր իրեն վիրավորողներին։ Նկարագրված դեպքում նա հակադարձել էր Շմայսին, ասելով՝ համբալը դու ես, արա, էյ։ Այսօր արդեն Փաշինյանը գիտակցցում է, որ ուժը, իրավապահ համակարգը, դատախազությունը, հաճախ նաև դատարաններն իրենն են ու պատժում է ծանր պատերազմ տեսած, անկումնային տրամադրություն ունեցող, հուսալքված, իշխանությունից հիասթափված քաղաքացիենրին, հասարակ խոսքը, որով նրանք իրենց վերաբերմունքն են արտահայտում իրենց իսկ ընտրած ղեկավարի նկատմամբ, չներելով նրանց։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին Forrights.am–ը հարց ուղղեց,  թե ո՞րն է Դավիթ Ավետիսյանին տուգանելու նպատակը, գուցե,  Ավետիսյանների ընտանիքին նաև ֆինանսապես ճնշե՞լն է։

«Կարծում եմ, նպատակը մեկն է՝ իրենց ձեռքի տակ եղած բոլոր միջոցներով փորձել ճնշում գործադրել, բոլոր տեսակի ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ Այլ բան է, որ վիրավորական խոսույթը շփման մեջ պետք է բացառել, բայց տվյալ դեպքում, կարծում եմ, որ «դավաճան» բառը ոչ թե վիրավորանք է, այլ գնահատական է, հազարավոր մարդիկ այն օգտագործում են, եւ եթե այդ բառի համար պատժեն, ապա ՀՀ բնակչության առնվազն կեսը պետք է գտնվել անազատության մեջ, որովհետև մեծ թվով քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին համարում են դավաճաններ։ Հետևապես այդ հազարավոր մարդկանցից թիրախավորել մեկին, ընդ որում մի մարդու, որի հայրը անազատության մեջ է,որի ընտանիքը նյութական և այլ բազմաթիվ խնդիրներ ունի ներկայում, բարոյական չէ, անթուլատրելի է։ ՄԻևնույն է, ինչքան էլ տուգանեն, միշտ գտնվելու են մարդիկ, որոնք այս իշխանությանը գնահատելու են որպես դավաճան», նշեց Նինա Կարապետյանցը։

Սյուզան Սիմոնյան

Pin It on Pinterest